Կոռուպցիայի դեմ ընտրողաբար «պայքարն» ու «համակարգի» օրինականացումը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը միշտ էլ ակտուալ է եղել Հայաստանի համար։ Եվ նաև այս թեմայի շահարկման արդյունքում էր, որ Փաշինյանին հաջողվեց իր կողմը գրավել զգալի թվով մարդկանց ու իշխանափոխություն իրականացնել: Նա իր պաշտոնավարման սկզբից ևեթ հայտարարեց, թե իբր «խաչակրաց արշավանք» է սկսելու կոռուպցիոն դրսևորումների դեմ։ Ընդ որում, 2019 թվականին հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ունեցած իր ելույթներից մեկում նա հատուկ ընդգծում էր, թե կոռուպցիայի դեմ պայքարում իր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են:
Ամիսներ անց արդեն «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին Փաշինյանը հայտարարում էր, թե կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրենց համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետև իրենց համար կրկնակի անընդունելի է գործող, իր կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից: Ընդ որում, հայտարարությունների հետ մեկտեղ ներքին լսարանի համար այնպիսի տեսարաններ էին ապահովվում, թե ժողովրդից թալանվածը հետ է վերադարձվելու պետբյուջե, իշխանությունների գործունեությունն այսուհետ թափանցիկ ու հաշվետվողական է լինելու և այլն։
Այս ամենի արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ շատ շուտով «փրկիչի» իշխանությունն արմատախիլ է անելու, կտրելու է կոռուպցիայի արմատը։ Բայց իրականում այս տարիների ընթացքում կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չարվեց, այլև, ըստ շատ փորձագետների գնահատականների, պարարտացվեց։ Այս իրողության մասին վկայում են նաև միջազգային տարբեր կառույցների գնահատականները, որոնցում արձանագրվում է, թե Հայաստանը կոնկրետ հետընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում՝ նույնիսկ այն պայմաններում, երբ հատուկ հակակոռուպցիոն մարմիններ են ձևավորվել։
Չնայած Փաշինյանը շարունակում է հայտարարել, թե Հայաստանում կոռուպցիա չկա, սակայն, ըստ տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունների, իշխանական բազմաթիվ ներկայացուցիչներ կոնկրետ ներքաշված են այդ արատավոր երևույթի մեջ։ Եվ, փաստացի, գործադիր իշխանության ղեկավարը տեսնում է միայն այն կոռուպցիոն դրսևորումները, որոնք իրեն են ձեռնտու։ Լրատվամիջոցները փաստերի հիման վրա պարբերաբար բարձրաձայնում են, թե Փաշինյանի այս կամ այն թիմակիցը, այս կամ այն պաշտոնյան, նրանց հետ փոխկապակցված անձինք ինչպես են տարօրինակ կերպով թռիչքային բիզնես հաջողություններ ունենում կամ ուղղակի հարստանում։ Դա փաստորեն «ձեռնտու» կոռուպցիան է:
Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, և, գլխավոր դատախազության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 2021 թվականի ընթացքում 590–ը, իսկ 2020 թվականին 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են։ Կոռուպցիոն դրսևորումների վառ օրինակ են նաև մեկ անձից գնումները։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների, գնման պայմանագրերի գրեթե 45 տոկոսը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին, ինչի առկայությունն էլ պայմանավորված է մրցակցության բացակայությամբ։ Իսկ մրցակցության բացակայությունն էլ իր հերթին նպաստում է, որ որոշ կազմակերպություններ պետական գնումների ասպարեզում մենաշնորհային դիրք են ձեռք բերում։ Երբ մրցույթ չի անցկացվում, ապա չի ձևավորվում մրցունակ գին, պետության վրա մատուցված ծառայությունները թանկ են նստում, իսկ դրանք մատուցած մեկ ընկերությունը, որը շատ դեպքերում կապված է լինում իշխանության ներկայացուցիչների հետ, ուղղակի գերշահույթներ է ստանում։ Եվ այս մասին մամուլում հրապարակումների ու բացահայտումների պակաս չկա։
Մեկ այլ թեմա են նաև աննպատակ գնումները, երբ այդ գնումների անհրաժեշտությունը հիմնավորված չէ։ Օրինակ՝ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նոր ու թանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում այն պարագայում, երբ դրա անհրաժեշտությունը ոչ մի կերպ հիմնավորված չէ։ Կամ էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, և դա էլ բավական չէ, նորոգման ընթացքում որոշում են պայմանագրի նախնական գինը բարձրացնել ու պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ Զուգահեռ իշխանության ներկայացուցիչներին հսկայական չափերի պարգևավճարներ են բաժանվում, ինչը շատ տնտեսագետներ համարում են յուրատեսակ օրինականացված կոռուպցիա ու թալան:
Ըստ մասնագետների, թերևս կոռուպցիոն ռիսկերի աճի պատճառ է նաև այն հանգամանքը, որ երկրում օրենքի գերակայությունը չի աշխատում, սուպերվարչապետական համակարգի պայմաններում չեն գործում իշխանության թևերի տարանջատվածությունը և հակակշիռների մեխանիզմները։ Իսկ այն, ինչ կարելի է վարչապետին ու իր թիմակիցներին, չի կարելի մյուսներին։ Այդ իսկ պատճառով կոռուպցիայի դեմ «պայքարը» իշխանության համար դարձել է գործիք, որով պայքարում են մի կողմից՝ իրենց համար անցանկալի գործիչների դեմ, իսկ մյուս կողմից էլ՝ այն դարձրել են իրենց վերարտադրությանը նպաստող լծակներից մեկը և անպայման կիրառում են ընտրությունների փուլում իրենց մրցակիցներին վարկաբեկելու ու այլ թեկնածուների ընտրությունը խափանելու համար։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































