Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
Միջազգային հարաբերությունների գործող համակարգը արագ փոփոխությունների է ենթարկվում։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում է պահպանել իր գերակա դիրքերը միջազգային արենայում, սակայն Արևմուտքի գերակայությանը մարտահրավեր են նետել առաջին հերթին Ռուսաստանն ու Չինաստանը։ Նաև՝ Հնդկաստանն ու Իրանը: Եվ այս երկրների միջև համագործակցությունը այս հողի վրա ավելի է խորանում։ Պատահական չէ, որ երրորդ անգամ Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Սի Ցզինպինը իր առաջին միջազգային այցը կատարեց Մոսկվա: Այց, որի ընթացքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։
Ուշագրավ է, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն ստորագրեցին մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի մասին: Փաստացի, մինչ Արևմուտքը շարունակում է կոշտացնել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ռեժիմը, Ռուսաստանն ու Չինաստանը խորացնում են իրենց տնտեսական համագործակցությունը, ավելացնում առևտրաշրջանառությունը։ Ռուսաստանը Չինաստանի համար դարձել է հումքի ներկրման կարևորագույն ուղղություններից մեկը, իսկ Չինաստանը Ռուսաստանի համար դարձել է եվրոպական ուղղությամբ իր տնտեսական կորուստները փոխհատուցելու հիմնական շուկան։
Մոսկվայի և Պեկինի փոխգործակցության խորացումը տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորման մոտեցումների շրջանակներում։ Եվ պատահական չէ, որ Պուտինը Չինաստանի նախագահի այցի նախօրյակին հոդված գրեց չինական «Ժենմին ժիբաո» («Ժողովրդական օրաթերթ») թերթում, որտեղ խոսում էր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման անհրաժեշտության մասին։ Վերլուծաբանների գնահատմամբ, Պուտինն իր հոդվածում այն ուղերձն էր հղում, որ Արևմուտքը Ռուսաստանին ճնշելուց հետո անցնելու է նաև Չինաստանին զսպելու գործին, ուստի իրենք պետք է միավորեն ջանքերը Արևմուտքին դիմակայելու հարցում։ Նկատենք, որ Արևմուտքը հատկապես անհանգստացած է նրանից, որ Չինաստանի միջազգային ազդեցությունը շարունակում է աճել։ Դրա վառ վկայությունն է, որ Պեկինը կարողացավ միջնորդել Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կարգավորելու հարցում, ու առաջին անգամ Արևմուտքը փաստացի դուրս մնաց Արևմտյան Ասիայում տեղի ունեցող այդպիսի կարևոր գործընթացից։
Իսկ մյուս կողմից էլ Չինաստանը ցանկանում է միջնորդի դերում հանդես գալ ուկրաինական հակամարտության շրջանակներում, որի արդյունքում Պեկինի միջազգային դերակատարությունն էլ ավելի կբարձրանա։ Պեկինը ոչ միայն պաշտոնապես չի դատապարտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունները, այլև բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը պարտավոր է հաշվի առնել անվտանգության ասպարեզում Ռուսաստանի շահերը, հրաժարվել Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալից կեցվածքից։ Զուգահեռաբար Պեկինը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել Ուկրաինայի հետ։ Եվ տեղեկություններ կան, որ Սի Ցզինպինը Պուտինի հետ հանդիպելուց հետո մտադիր է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հանդիպել։
Այդպիսով, մեծ հնարավորություն կա ուկրաինական կոնֆլիկտի հարցում միջնորդական առաքելությամբ հանդես գալու, մանավանդ որ Չինաստանը փետրվարին հակամարտության կարգավորման 12 կետից բաղկացած առաջարկ էր ներկայացրել, որն, ըստ էության, պատերազմը դադարեցնելու պլան է։ Ավելին, Չինաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Պուտինը նշել է, որ կողմնակից է ուկրաինական հակամարտության վերաբերյալ չինական պլանի քննարկմանը՝ այն ընդունելով որպես հակամարտության կարգավորման հիմք։ Ուկրաինան ևս ձգտում է պահպանել զարգացող հարաբերությունները Չինաստանի հետ։ Այն երկրները, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ, կոշտ քննադատության են արժանանում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի կողմից, բայց դա չի վերաբերում Չինաստանին։ Զելենսկին նույնիսկ շահագրգռվածություն է ցուցաբերում Սի Ցզինպինի հետ հանդիպում ունենալու հարցով՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները:
Ուկրաինան, ըստ էության, կարևորում է Չինաստանի տնտեսական դերակատարությունը և քայլեր է ձեռնարկում, որ երկրում չինական ներդրումային դաշտը չփլուզվի։ Բայց եթե Չինաստանը կարողանա միջնորդական առաքելությամբ հանդես գալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, դա լուրջ հարված կլինի Արևմուտքի միջազգային հեղինակությանը։ Դրա համար էլ Վաշինգտոնը հստակ դեմ է արտահայտվում չինական 12 կետանոց խաղաղության ծրագրին։ Արևմուտքին Ուկրաինան և ուկրաինական ժողովուրդը չեն հետաքրքրում, թեկուզ ավիրվի այդ երկիրը, թեկուզ կործանվեն բոլորը, կարևորը՝ իր դիրքերը չթուլանան: Առավել ևս, որ միջնորդական իր ջանքերի արդյունքում Պեկինը կոնկրետ արտաքին քաղաքական հայտ է ներկայացնում նոր աշխարհակարգի կազմաձևման գործում նախաձեռնող դառնալու ուղղությամբ։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































