Իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել. Ռուբեն Վարդանյան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել, թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է այս արձանագրումն արել իր Ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախում սրվող ներքաղաքական իրավիճակին։
«Հիմա Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր խոսքերն ու նույնիսկ ուլտիմատում պարունակող հայտարարությունները։ Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ, որոնք նորմալ կդիտվեին մեկ այլ ժամանակահատվածում, քանի որ թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ բանավեճեր նախաձեռնողները, և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել»,- նշել է Վարդանյանն ու հավելել. «Մենք հիմա մեր սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել, չենք կարող դուրս գալ իրավական դաշտի սահմաններից։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին և անգամ ինքս ինձ, չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս»։
Ըստ էության, Ռուբեն Վարդանյանի այս նախզգուշացումը և ողջամիտ առաջարկներն ուղղված են թե՛ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, ով Ռուբեն Վարդանյանին մեղադրել էր մանիպուլացիաների մեջ և հրապարակային բանավեճի հրավիրել, ուղղված է նաև թե՛ Արայիկ Հարությունյանին ու Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, որոնք պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել, իսկ Թովմասյանը նույնիսկ հայտարարել էր, որ եթե այդ կոմիտեն չհաջողի, ապա Արցախի նախագահը պետք է հրաժարական տա։
Մինչ Հայաստանի իշխանութունների կողմից Արցախ գործուղված Սամվել Բաբայանը և նրան Արցախում աջակցող Արայիկ Հարությունյանը փորձում են տարբեր ձեռնածություններով հարվածել Ռուբեն Վարդանյանին և նրա նախաձեռնած նոր ընդգրկուն «Ճակատը», Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս պետական և քաղաքական գործչի դասական և պատասխանատու օրինակ, էմոցիաներից դուրս, քաղաքական լուրջ և կշռադատված հաշվարկներով փորձելով ուշքի բերել Արցախում իրավիճակը սրող խմբավորումներին։
Մհեր Մինասյան



















































