«Բորիսն իմ սրտում է ապրում, ու միշտ այդպես է լինելու». Բորիս Կարախանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ![«Բորիսն իմ սրտում է ապրում, ու միշտ այդպես է լինելու». Բորիս Կարախանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»](/timthumb.php?src=disc/04-03-24/c8b163311320d6c8e51d9ca1130f16ea.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ խելացի երեխա էր, հոգատար: Աստծո կողմից պարգև էր ինձ՝ իմ մյուս երեխաների նման: Փոքրուց իրեն հետաքրքիր էր զինվորական կյանքը: Բորիսն ուռուցք ուներ, որը բուժեցինք: Կարող էր չմեկնել ժամկետային զինծառայության, բայց ինձ ասաց՝ եթե անգամ իմ թղթերը ցույց տաս ամբողջ աշխարհին, միևնույնն է, գնալու եմ ծառայության: Իր խոսքն ինձ համար եղել է օրենք: Հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, նա տեսել է իր օրինակը: Մեր տանն անընդհատ հիշում էինք մեր տղաներին: Այնպես որ, չնայած մեր ընտանիքում զինվորական չունեինք, բայց երևի թե մեր անցած ուղին, մեր հայրենասիրությունը նաև իրեն փոխանցվեցին, ու զինվորական դառնալու ուղին բռնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Բորիսի մայրիկը:
Բորիսի ընտանիքի արմատներն Արցախից են: Նա ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Ավարտել է գյուղի Կառլեն Եսայանի անվան միջնակարգ դպրոցը: Ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին, բայց այդպես էլ ուսումը չի հասցրել ավարտել: «Բորիսը տղաներիցս ավագն է, տան հինգ երեխաներիցս մեկը»: Բորիսը ժամկետային զինծառայող եղել է 2018 թ.-ի հունվարի 8-ից մինչև 2020 թ.-ի հունվարի 8-ը: Վեց ամիս Լուսակերտում դասընթացների է մասնակցել, այդ ընթացքում աչքի ընկել իր առաջադիմությամբ: «Վերադարձել է Մարտակերտ, ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, ինչպես իմ մյուս տղան: Եղել է դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնակատար: Եղել է զինվորական խորհրդի նախագահը, որը պաշտպանում էր զինվորների իրավունքները դիվիզիայում: Արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանների: Իմ երկու որդին էլ «Հայոց բանակի գերազանցիկ» են:
Երբ հունվարի 8-ին զորացրվեց, անմիջապես իր թղթերը ներկայացրեց, որ պայմանագրային ծառայությունը շարունակի Օմարում: Ինքն է որոշել ծառայել Քարվաճառում՝ Օմարում: Իրենց զորամասը եղել է Չթռլու կոչվող տարածքում»: Մայրիկն ասում է՝ որդուն առաջարկում էին պայմանագրային ծառայության անցնել Արցախում: «Ես էլ իրեն նույնն ասացի, արձագանքեց՝ «մա՛մ, իմ ընկերների հետ 44-օրյա պատերազմի միջով եմ անցել, իրենց լավ եմ ճանաչում, գիտեմ, թե ով ինչի կգնա հանուն ինձ: Ես նման ընկերներ էլ որևէ տեղ չեմ գտնի, իրենք ուրիշ են»: 2020 թ.-ի պատերազմից հետո Օմարից զորամասը տեղափոխվում է Ջերմուկ, Բորիսն էլ է տեղափոխվում այնտեղ: «Տղաները չեն լքել Օմարը, հարձակման պահին իրենց մի դիրքը վերցրել են, բայց որոշ ժամանակ հետո մեր տղաները նորից իրենց դիրքում էին:
Տղաները մեր երկրի տարբեր հատվածներից էին, բայց հարազատ եղբոր նման էին, իրար թիկունքի կանգնած: Հիմա էլ իրենք ինձ զանգում են, կապի մեջ են մեզ հետ, միշտ հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգնել. «Եթե անգամ մենք դիրքերում ենք, դա կապ չունի: Ոչնչից չնեղվեք, միայն ասեք, թե ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել»: Առաջին օրվանից, որ Բորիսս չկա, տղաները կան, մեր կողքին են: Ես էլ իրենց եմ ասում՝ ի դեմս բոլորիդ, Բորիս ունեմ, կաշխատեք ողջ ու առողջ դիրքերից իջնել, առաջինը ես իմանամ, որ ապահով եք ու տանը»: Բորիսի հրետանին պաշտպանում էր Գորայքի սարերը: «Ծանր օրեր էին, ձմռանն ավելի ծանր էր, բայց ինքն ուրախ էր, ասում էր՝ մա՛մ, իսկ ո՞վ է ասել, որ ծառայությունը պետք է հեշտ լինի:
Ուրախությամբ էր բարձրանում դիրքեր, ընկերների հետ մեկ ընտանիք էին դարձել, գուցե նաև իրենց անցած ուղին իրենց այդքան միահամուռ դարձրեց: Բորիսն ասում էր՝ իմ համար սահմանը սկսվում է Հայաստանի հյուսիսից, վերջանում Արցախով: Ես հայրենիք եմ պահում, ոչ թե միայն Արցախը: Իր համար հայրենիքը Հայաստանն էր, ծննդավայրը՝ Արցախը: Մենք էլ ենք այդպես մտածում, դա է ամենաճիշտ տարբերակը»: 2022 թվականի սեպտեմբերի 13: «Ես այդ օրն Արցախում էի: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Իր հետ կապ չկար, ընկերների հետ կապվեցի, հետո արդեն Բորիսը զանգեց սեպտեմբերի 13-ի առավոտյան, հարցրեցի՝ «Բորի՛ս, ի՞նչ են ասում», ասաց՝ «մա՛մ, ինչ որ այդտեղ է եղել, ավելի ահավոր վիճակում այստեղ է»: Բաց չէր խոսում: Ասաց, որ իրեն էլ չզանգեմ, ինքը լավ է:
44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնն էր ասում: Ձայնը տարօրինակ էր, ուզում էի հասկանալ, թե ինչ վիճակ է, զոհեր ունե՞նք: Այլ կերպ ձևակերպեցի հարցս՝ մերոնցից շա՞տ կան, արձագանքեց՝ ձորը լիքն է: Արդեն ամեն ինչ հասկանալի էր: Իրեն միայն ասացի, որ զգույշ մնա: Մի անգամ էլ զանգեց՝ մա՛մ, ոչինչ չեմ ասում, ուղղակի քույրերիս լավ կպահես, Ալեքսին տղամարդ կսարքես: Մի տեսակ բարկացա՝ մենք քո համար ենք անհանգստանում, իսկ դու ինչեր ես ասում: Ասաց, որ էլի կզանգի, «մա՛մ, քեզ պինդ կպահես»: 2020 թ.-ից հետո մեզ կարծես պատրաստեր այս օրվան: Մի անգամ ասաց՝ մա՛մ, ծառայության մեջ երկու տղա ունես, որ հանկարծ մեզանից մեկը չլինի, շատ մամաների նման չուշաթափվես, չգոռաս, քեզ չկորցնես: Գիտեմ, որ դժվար է, բայց ոնց մեզ տղամարդու նման մեծացրել ես, այդպես էլ տղամարդավարի մեր մեկի չլինելը կտանես: Հիմա եմ հասկանում, որ պատրաստում էր այդ օրվան, նույնիսկ իր զոհվելու օրվան էր պատրաստում:
Բորիսին ասել էի, որ վերադառնում եմ Հայաստան, որովհետև փոքր տղաս դպրոցում էր, ասացի՝ գուցե ճանապարհները փակվեն, երեխեն մենակ չմնա: Բորիսն էլ համաձայնեց: Վերադարձի ճանապարհին փորձում էի կապվել իր հետ, ապարդյուն: Տղաներից մեկի հետ կապվեցի, ասացի՝ լա՞վ եք, արձագանքեց՝ այո, «իսկ Բորիսն ո՞ւր է, չի պատասխանում զանգերին», պատասխանեց՝ «Բորիսը ձորում է»: Իսկ Բորիսն ասել էր, որ ձորը լիքն է: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կարծես սրտիս վրա քար դրած լինեին, քարն ավելի ծանրացավ: Ինձ հետ խոսող տղան հավաստիացրեց, որ Բորիսը ողջ է: Խնդրեցի, որ երբ կապվի Բորիսի հետ, ասի, որ ինձ զանգի և ուղղակի մամա ասի»: Սեպտեմբերի 14-ին մայրիկն արդեն գիտեր, որ որդին անմահացել է: «Ես եմ իմ որդուն ճանաչել, չեմ թողել, որ ուրիշը գնա, ես եմ գնացել Աբովյան և ճանաչել իրեն: Չուզեցի, որ իմ ներսում կասկածներ մնան… 44-օրյա պատերազմն անփորձանք անցել էր, չէի սպասում, որ Ջերմուկում այդպես կլինի»: Տիկին Արմինեի համար կորուստը կրկնակի է, ծննդավայր Արցախի ու որդու կորստի ցավը միաձուլվել, մեկ են դարձել:
Մայրիկն ասում է՝ խոստացել էր Բորիսին ուժեղ լինել ու իր խոստմանը տեր է լինելու: «Խոստացել էի իրեն, որ չպետք է ինձ կորցնեմ, պետք է քայլեմ, ապրեմ, շարունակեմ ընտանիքս սրբությամբ պահել: Ամուսին ու ծնողներ եմ կորցրել, Արցախում սրբավայր ունեմ: Արցախի հողի հետ է խառնված իմ երեխաների մանկությունը, դա բավարար էր, որ ես ինձ կորցնեի, բայց ոչ, ես Բորիսին խոստացել եմ, որ երբեք չեմ կոտրվելու: Բորիսն իմ սրտում է ապրում, ու այդպես միշտ է լինելու: Հիմա ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ էլ մեր նման մայրիկներ չլինեն: Մենք վերջինը լինենք: Հիմա երրորդ տղաս էլ ուզում է գնալ ծառայության, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինծառայությունից: 18 տարեկան է, ամռանն ուզում է մեկնել պաշտպանելու հայրենիքը: Դա ուղղակի ցանկություն չէ, պայքարում է ծառայության մեկնելու համար: Ես էլ չեմ ասում՝ մի գնա, դա իր որոշումն է: Մյուս տղաս էլ կարող էր շուտ զորացրվել Բորիսի զոհվելուց հետո, բայց ծառայեց մինչև վերջին օրը: Ի դեմս իմ տղաների, ես ունեմ այն համոզմունքը, որ տղամարդը բանակում է կայունանում»:
Հ. Գ. - Բորիս Կարախանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդանի զինվորական պանթեոնում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
![](disc/04-03-24/8aae8d4ba23c7f650fe9503c0fe33ea0.jpg)
![](disc/04-03-24/be70ae87039a11654b63d6ff42164310.jpg)
![](disc/04-03-24/b518c749be4b9e9c282c1df954076ae0.jpg)
![](disc/04-03-24/ed95f87b91093aaa6b7ee63058304f3b.jpg)
![](disc/04-03-24/d03b4cdaed83166dca8151930a993ac4.jpg)
![](disc/04-03-24/45ca08925b8a225a4f7c1580c56c241e.jpg)
![](disc/04-03-24/4ad323ac36fcab423ef59f7aba8c1954.jpg)
![](disc/04-03-24/1d33ac32ac83ee2edbeb2a3b960a0f81.jpg)
![](disc/04-03-24/99cc80f4797dbdf81633d4b7cd5e66db.jpg)
![](disc/04-03-24/89ca21b33084a3bc00502ab334d6e30d.jpg)
![](disc/04-03-24/b9df644db2d986fbba7264d4c4266bf7.jpg)
![](disc/04-03-24/47e84356a3b6871196e677535f0d40e5.jpg)
![](disc/04-03-24/7cf5816aad4a5bbf2f9e9b5245f482f3.jpg)
![](disc/04-03-24/4a154494f41aecd925a027254315cdb2.jpg)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/89fd45a73bc26a99af1223f5b2ce54cd.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/b71f425eb26e82fc1c1eeee07400f713.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/e7007c15cbf4afd609f05858b0ebb6b9.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/714f1b4a70b176391e69008fdfa25dea.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/9543834b550d7f0dcf744eccacd3407e.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/ee261e6792614d90eba8290d546c28c8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/8cd80515a07b04f5bbbc8785ced2a204.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/ab5eae72e2021c18e7631050bfdaf9ec.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/609a68036537258244309afe4c1ee26c.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f165cbe5cb6c2ea8e817606d82651d18.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/d9318377d6d61272c9a1d29f0e8aaf13.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/cc35bd69f587d41f973abd38b39c646b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/2beeeae1fbd87da8ee13f4bbf204b666.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/b40371bf6eede732bb5480b54a6a689d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/092ceff9b11f3c86110cb39c98a2bd34.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f3869c08c2a63bdb85e9ea71b952111a.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/67d78ecca4898fc60e38662000b335f1.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/91bb82389e823e284053bf658a79d1f8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f984a1b924d2f5244f6efdf5cd82210f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/861591d9e0e22c6c7c03e9c02e2a8d73.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/13668ae49a3c0fc187c200fb4f9af60a.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/919b3a8132e8c9756c116d6097498e0f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/1b3254116195483f9493ad0adeac5ca6.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/5da76aa425a5bf381eb89ffc54f1e2d5.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/9a47438e7b842031ff8d93c2e83b5e14.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/c1e4802f1b25ab4e262609b291851732.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/8534f6ed59531ae9f78488b690b43568.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/79c1b4f5bfae5392b2e831a4f581d6f8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/724f912dd9c83740bf224c1d6933231d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/530f1857ce22f002fc50328e4ff59e24.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/718baa47237e76747abbfd4bf5753906.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/accfca599792efab34c48735275c8aac.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f4b6fd1c0ec03c9a7ce2ab984c719a01.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/897a989ae08861a6316124f06a3775d9.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/940282e844cdb9757aab7f0ce018b5de.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/8d0e952958ca25cab05220ead0da525f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/ee20c370b36480cd20a4e39d026982d8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/42d18862b1aa67eb4ebb5e476046f86b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f29578ee2cf9d98a81f1dfa9056a7f55.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/bc1040d06404d2081b9edaebdb8fbc4d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/9cfd5288a3d90ca5d12498d44c811cf2.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/6b538185e08c5cc76dd3c518919efdbb.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/761a66a2e3036b11f4b26f0c0dc11ead.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/d4ceee149700bfcddc318d7ed9ae10ff.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/2275f131e088b6a65854230de62393a2.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/6cb7a0845561b9a36797c6a7a9286371.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f55df68cc3a65a59a768e0df87421697.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f5e470b09266f51a8763633bb258bc32.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/b6404cbbf63e087c1e89d1b26dc98726.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/84cfd8cc8c0a43572129059864c01bbc.jpg&w=60&h=60)
![](banners/acba.gif)