«Մոտենում ենք այն հանգրվանին, որ տնտեսությունն այս դրական միջավայրից ձեռնունայն է դուրս գալու». «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ![«Մոտենում ենք այն հանգրվանին, որ տնտեսությունն այս դրական միջավայրից ձեռնունայն է դուրս գալու». «Փաստ»](/timthumb.php?src=disc/08-03-24/22477d869ec1e82877fbef067dc65295.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնում են հարկադրույքների ավելացման, նոր հարկերի սահմանման ճանապարհով, որն ավելացնում է քաղաքացու սոցիալական բեռը: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ հարկահավաքման ֆունկցիան պետության գործառույթն է:
«Օրինակելի պարագայում հավաքագրված հարկերը, որոնք պետք է ուղղվեն պետական բյուջե, ենթադրվում է, որ հետադարձ կապով վերադառնալու են դեպի հանրություն: Չեմ կարծում, որ կգտնվի խելամիտ մեկը, ով կասի՝ պետությունը պետք է հարկ չհավաքի, իհարկե, եթե հարկն արդարացված է: Բայց կա հարկային վարչարարության խտության խնդիրը, այսինքն՝ ինչ ժամանակաշրջանում, որքան արագ ու խիտ են իրականացվում այդ գործընթացները: Այս համատեքստում հարկի հավաքման գործառույթի, իրավունքի, հնարավորության կողքին պետությունն ունի նաև սոցիալական պարտականություններ և պարտավորություններ քաղաքացու հանդեպ:
Երբ համատեղում ենք այս երկու գործոնները՝ դիտարկելով նաև սոցիալական իրավիճակը, առաջանում է պարզ հարցադրում՝ արդյո՞ք բնակչության համար սոցիալական իրավիճակն այդ նույն պետության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում հասցվել է այն մակարդակին, որն այդ գործողություններն այս խտությամբ և արագությամբ ընդունելի են կամ ժամանակավրեպ չեն: Այսինքն, կոնկրետ իրավիճակով ու կոնկրետ խնդրից ելնելով՝ կարող ենք գնահատական տալ: Այս խտությունը և արագությունը տպավորություն են ստեղծում կամ առնվազն տալիս են իրավունք ենթադրելու, որ կա որոշակի շտապողականություն պետական բյուջեն հարկային եկամուտներով որոշակիորեն ապահովագրելու: Դա ևս նորմալ և տրամաբանված գործընթաց է, բայց այս պարագայում առաջանում է մեկ այլ հարց՝ անընդհատ բարձրաձայնվող այս աճերը, պնդումները, որ մեր տնտեսությունը լավ վիճակում է, առավել քան երբևէ, որ գումարի խնդիր չունենք, առավել քան երբևէ, ո՞ւր են:
Միջին վիճակագրական քաղաքացին այս՝ երբեմն իրար հակասող գործընթացներից ի՞նչ եզրահանգման գա: Իրականության մեջ ակնհայտ է՝ շատ դրական է, որ կան տնտեսական բարձր ցուցանիշներ, բայց այս դրական միջավայրը պահպանվել է ոչ թե իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում, ոչ թե ի հաշիվ տնտեսական հզորությունների և կարողությունների ավելացման, այլ առավելապես արտաքին գործոնների ազդեցության հետևանքով, այդ թվում՝ նաև քիչ կառավարվող, եթե չասենք՝ ամբողջությամբ անկառավարելի: Մեզանից անկախ գործոնների արդյունքում է ստեղծվել, և շատ մեծ է ռիսկը, որ այդ գործոնների չեղարկման պարագայում տնտեսության գրանցած եկամուտների գեներացիան, այս աճերը և բոլոր դրական տեղաշարժերը կարող են շատ արագ չեզոքանալ, այդ թվում՝ խնդիրների առաջ կանգնեցնելով պետական բյուջեն իր եկամուտների մասով և հարակից հարցերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը:
Ընդգծում է՝ որևէ նորմալ իրավիճակում քաղաքացու մոտ չի կարող հարցադրում առաջանալ իր կողմից վճարված հարկերի մասով, եթե ակնհայտ և տեսանելի լինի, որ այդ վճարումներից վերադարձով առավել օգտվում է քաղաքացին:
«Կարծում ենք, որ այսօր որոշակի անվստահություն է, և այդ մասով դրական ակնկալիքները բավարար մակարդակում չեն, որ հարկահավաքման այս ողջ գործընթացի նկատմամբ երբեմն օբյեկտիվ ընդվզումներ չառաջանան: Մեկ նկատառում ևս. մասնավոր դեպքերի պարագայում նաև իրականացման ձևի խնդիր ունենք: Խնդիրն այն չէ, որ հարկը պետք է հավաքել, և դրանով հարցը լուծված է: Օրինակ՝ եկամուտը մեր օրենսգրքով, բնականաբար, ենթակա է հարկման: Բայց ինչպե՞ս է իրականացվում այդ ամենը, հանրությունը բավարար և պատշաճ մակարդակո՞վ է ծանուցվում կամ տեղեկացվում, տրվո՞ւմ է ժամանակ և այլն: Խնդիրը միայն հարկվել-չհարկվելու տիրույթում չէ»,-նշում է մեր զրուցակիցը:
Արդեն իսկ խոսվում է տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին: Փորձագետը հարցին անդրադառնում է բանաձևի տարբերակով՝ ունենք տնտեսական աճ և տնտեսական աճի կառուցվածք: «Ե՛վ 2022 թ.-ին, և՛ 2023 թ.-ին մեր տնտեսական աճի կառուցվածքում երեք հիմնական ուղղություններն ու ոլորտներն են ապահովել ընդհանուր տնտեսական զարգացումները, խոսքը շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտների մասին է: Սրանք այն լոկոմոտիվ ուղղություններն են, որոնք մեր տնտեսության համախառն ցուցանիշները բարձրացրել են վեր: 2023 թ.-ը ամրապնդեց ու վերահաստատեց 2022 թ.-ի միտումները: Երբ քո տնտեսական աճի կառուցվածքում այնպիսի ուղղություններ են, որոնք առավելապես արտաքին գործոնների ազդեցության ներքո են աճել, և այդ միտումը շարունակվում է, դա նշանակում է, որ տնտեսական կառուցվածքի որոշակի վատթարացման միտման հետ գործ ունենք: Այդ աճերին զուգահեռ մեր երկու հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները, առնվազն խնդրահարույց են:
Հիմնական ուղղություններում, որոնք տնտեսության համար ապահովում են տեղական, այդ թվում՝ արտահանելի արտադրություն, աշխատատեղեր, 2023 թ.-ի տվյալներով առավելապես անկումային միտումներ են արձանագրել: Սա մտահոգիչ է, որովհետև, երբ թուլանան արտաքին գործոնների ազդեցությունները, տնտեսությունը վերադառնալու է և շարունակելու է հենվել իր հիմնական ուղղությունների վրա, իսկ դրանք գուցե վերջին երկու տարվա աճերի էյֆորիայից ելնելով՝ ուշադրությունից առավել դուրս են մնացել, բայց այդ ուղղությունները հիմա խնդիրների առաջ են: Դրանք կարողանալո՞ւ են տնտեսության համար ստեղծել այնպիսի ներուժ, որ այդ ազդեցությունների թուլացումը շատ մեծ ցնցում չդառնա մեր տնտեսության համար: Այդ ազդեցությունները թուլանում են. օրինակ՝ առաջատար ուղղություններից շինարարության ոլորտում արդեն իսկ տեսնում ենք անկումային միտումներ: Բնական և կանխատեսելի է, որ այդ ազդեցությունները թուլանում են: Մոտենում ենք այն հանգրվանին, որ տնտեսությունն այս դրական միջավայրից ձեռնունայն է դուրս գալու»,-ասում է Ամիրխանյանը:
2018 թ.-ից հետո Հայաստանի արտաքին պետական պարտքը կրկնապատկվել է: Արդյոք ներգրավված միջոցները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: Փորձագետն ընդգծում է՝ պետական պարտքի ներգրավումն էլ հարկային վարչարարության նմանությամբ պետության կողմից իրականացվող ընկալելի գործառույթ է: «Պետական պարտքը պետք է ներգրավվի, բայց խնդիրը պետական պարտքի կառավարման և կառավարելիության մեջ է: Միջոցները տեղին են ծախսվում դիտարկմամբ շոշափում ենք կառավարելիության խնդիրը, այսինքն՝ որքանո՞վ են դրանք ուղղվում դեպի այն ոլորտները, որոնք հավել յալ աճեր կստեղծեն՝ երաշխավորելով հետագայում այդ պարտավորությունների սպասարկումը և կատարումը: Եթե ունենայինք բավարար արդյունավետության մակարդակ, մեզ համար ռազմավարական նշանակության ոլորտներում կունենայինք կապիտալ ներդրումների բավարար մակարդակ և չէինք ունենա անկումային գյուղատնտեսություն: Սա ուղղակի ոլորտ չէ, որտեղ անկում է գրանցվել, սա առաջին հերթին մեր պարենային անվտանգության և ինքնաբավության, ինչպես նաև մեր զբաղվածության բավականին զգալի մասի խնդիրը լուծող ոլորտն է:
Վերջին տարիներին նաև կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարումների հետ գործ ունենք, ինչը հատվում է կառավարման հետ: Կառավարելիության խնդիրը պետական պարտք-ՀՆԱ շեմի հարաբերակցությունն է: 2021 թ.-ին ունեցանք կարմիր գծի վտանգավոր շեմի հատում, երբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց 60 տոկոսը, որը միջազգայնորեն սահմանված շեմ է: Հիմա նվազել է այդ շեմը, բայց այստեղ շատ կարևոր ազդեցություն ունեցավ դրամի արժևորման հանգամանքը, որովհետև պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության մեջ դոլարային արտահայտությամբ մեր պետական պարտքի ցուցանիշն ավելի ցածր է լինում 20 և ավելի տոկոս դրամի արժևորման պարագայում: Ասել, որ եթե չլիներ արժևորումը, կրկին կլինեինք այդ վտանգավոր շեմին, ճիշտ չի լինի, բայց մեր այսօրվա նվազած մակարդակում էական ազդեցություն ունեցել է նաև դա:
Կառավարման հետ կապված նաև սպասարկման խնդիրները պետք է դիտարկենք: Այս տարվանից մինչև 2032 թ.-ը պետական պարտքի տոկոսավճարների և մարումների մասով, ընդհանուր առմամբ, սպասարկման մասով բավականին մեծ բյուջետային պարտավորություններ ունենք՝ 2024 թ.-ին՝ 1,6 միլիարդ դոլարի չափով, հետո՝ 1,8 միլիարդի, և այդպես շարունակ: Սպասարկման կարողությունները հատվում են տնտեսության իրավիճակի հետ: Արդյոք արտաքին ազդեցությունները կպահպանվե՞ն այնքան և դրանով իսկ կապահովե՞ն եկամուտների գեներացիան այն մակարդակում, որ կարողանանք այդ սպասարկումներն անխափան իրականացնել: Եթե այս հարցն առաջանում է, դա ինքնին խոսում է ռիսկի մասին: Եվ արդյո՞ք չենք շարունակի այն շղթան, երբ նոր պարտքը ներգրավվում է հին պարտքը մարելու նպատակով: Հիմա այդ շրջապտույտի մեջ ենք: Երբ ունես կառավարման և կառավարելիության խնդիրներ, մեծանում է ռիսկը, որ յուրաքանչյուր նոր ներգրավված պարտավորության դեպքում խոսքը շատ ավելի թանկ փողերի մասին է»,-հավելում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը:
Իսկ զրույցի վերջում համակարգային կոռուպցիայի, դրա դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների մասին և ոչ միայն: «Պետական պարտքի ներգրավման ողջ գործընթացում հաճախ օբյեկտիվորեն բարձրացնում են խնդիրը, թե ովքեր են պետական պարտքը կրկնապատկել այս տարիների ընթացքում: Դրանք մարդիկ են, որոնք ժամանակին ընդդիմության դիրքերից յուրաքանչյուր նոր պարտքի ներգրավմանը դեմ էին հանդես գալիս հանրային բոլոր հնարավոր ձևերով: Այդ թվում՝ նշում էին, որ նոր պարտք ներգրավելն իրենց համար ընդունելի չէ, որովհետև կա կոռուպցիա, և այդ միջոցները գնում են ինչ-որ մեկի կամ մի քանի հոգու գրպանները: Այս համատեքստում հարց է առաջանում՝ ունե՞նք կոռուպցիայի հաղթահարված այնպիսի մակարդակ, որ պետական պարտքի ներգրավման հարցն այդ համատեքստում դիտարկելու իրավունք չունենանք:
Անդրադառնալով հարցին՝ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ: Ի՞նչն է իմ պատկերացմամբ կոռուպցիայի ամենամեծ խնդիրը: Դա երևույթն է, երբ միջոցներն անարդարացիորեն ուղղվում են ոչ այնտեղ, որտեղ պետք է ուղղվեն: Հանրության համար սոցիալական անհավասարության, անարդարության զգացողությունն է, եթե գնահատելու լինենք երևույթը: Այս նույն համատեքստում ոչ հիմնավոր արդարացումներով անհարկի կատարված ծախսերը, վերջին հինգ տարվա ընթացքում քիչ չեն եղել ինչ-որ իրավիճակից ելնելով կոնկրետ ոլորտի աշխատողների համար արված պարգևավճարները, օրինակ՝ ներքաղաքական ինչ-որ սրացումների ժամանակ ոստիկանական պարգևավճարները և այլն:
Իհարկե, տպավորություն չստեղծվի, որ մեր այդ սեգմենտի քաղաքացիների համար տրված պարգևավճարները որպես խնդիր ենք դիտարկում, խոսում ենք երևույթի մասին, մեկ անձից կատարվող գնումները և այլն: Սրանց չենք կարող կոռուպցիա ասել, որովհետև մեկի անունը աշխատավարձ է, մյուսինը՝ պետական գնում և այլն: Բայց երևույթի տեսանկյունից այս պարագայում ո՞րն է տարբերությունը, եթե այդ կատարված ծախսումների, իրականացրած գործողությունների հիմնավորման մեջ չկան համարժեք, բավարար հիմքերը: Որպես հանրային բարիք ստացող քաղաքացի՝ որտե՞ղ եմ տեսնում այդ հանրային բարիքը, որի համար հանրային ծառայողին տվել են պարգևավճարը»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
![](/timthumb.php?src=disc/27-07-24/89fd45a73bc26a99af1223f5b2ce54cd.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/b71f425eb26e82fc1c1eeee07400f713.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/e7007c15cbf4afd609f05858b0ebb6b9.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/714f1b4a70b176391e69008fdfa25dea.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/9543834b550d7f0dcf744eccacd3407e.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/27-07-24/ee261e6792614d90eba8290d546c28c8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/8cd80515a07b04f5bbbc8785ced2a204.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/ab5eae72e2021c18e7631050bfdaf9ec.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/609a68036537258244309afe4c1ee26c.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f165cbe5cb6c2ea8e817606d82651d18.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/d9318377d6d61272c9a1d29f0e8aaf13.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/cc35bd69f587d41f973abd38b39c646b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/2beeeae1fbd87da8ee13f4bbf204b666.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/b40371bf6eede732bb5480b54a6a689d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/092ceff9b11f3c86110cb39c98a2bd34.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f3869c08c2a63bdb85e9ea71b952111a.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/67d78ecca4898fc60e38662000b335f1.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/91bb82389e823e284053bf658a79d1f8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f984a1b924d2f5244f6efdf5cd82210f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/861591d9e0e22c6c7c03e9c02e2a8d73.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/13668ae49a3c0fc187c200fb4f9af60a.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/919b3a8132e8c9756c116d6097498e0f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/1b3254116195483f9493ad0adeac5ca6.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/5da76aa425a5bf381eb89ffc54f1e2d5.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/9a47438e7b842031ff8d93c2e83b5e14.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/c1e4802f1b25ab4e262609b291851732.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/8534f6ed59531ae9f78488b690b43568.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/79c1b4f5bfae5392b2e831a4f581d6f8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/724f912dd9c83740bf224c1d6933231d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/530f1857ce22f002fc50328e4ff59e24.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/718baa47237e76747abbfd4bf5753906.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/accfca599792efab34c48735275c8aac.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f4b6fd1c0ec03c9a7ce2ab984c719a01.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/897a989ae08861a6316124f06a3775d9.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/940282e844cdb9757aab7f0ce018b5de.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/8d0e952958ca25cab05220ead0da525f.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/ee20c370b36480cd20a4e39d026982d8.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/42d18862b1aa67eb4ebb5e476046f86b.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f29578ee2cf9d98a81f1dfa9056a7f55.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/bc1040d06404d2081b9edaebdb8fbc4d.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/9cfd5288a3d90ca5d12498d44c811cf2.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/6b538185e08c5cc76dd3c518919efdbb.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/761a66a2e3036b11f4b26f0c0dc11ead.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/d4ceee149700bfcddc318d7ed9ae10ff.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/2275f131e088b6a65854230de62393a2.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/6cb7a0845561b9a36797c6a7a9286371.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f55df68cc3a65a59a768e0df87421697.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/f5e470b09266f51a8763633bb258bc32.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/b6404cbbf63e087c1e89d1b26dc98726.jpg&w=60&h=60)
![](/timthumb.php?src=disc/26-07-24/84cfd8cc8c0a43572129059864c01bbc.jpg&w=60&h=60)
![](banners/acba.gif)