Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին վերականգնվում է
ՄՇԱԿՈՒՅԹՎերականգնման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2-3 տարվա ընթացքում, բարեկարգվելու է նաև շրջակա տարածքը, եկեղեցի են վերադարձվելու 90-ականներին այստեղից տարված սրբապատկերները։
Արդեն մոտ 1 ամիս է՝ Լոռու մարզի Ամրակից գյուղում մեկնարկել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու ամբողջական վերականգնման ծրագրի շինարարական աշխատանքները։ 1840-ականներին կառուցված եկեղեցին լրջորեն վնասվել էր 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Տասնամյակների դադարից հետո Sputnik Արմենիայի նկարահանող խումբը թերևս առաջինն է, որ կարողացել է եկեղեցու ներսում նկարահանումներ իրականացնել։ Քանի որ շինությունը խիստ վթարային էր, անվտանգությունից ելնելով՝ դռները փակվեցին մյուսների համար։ Երկար տարիներ քննարկվում էր եկեղեցին վերականգնելու հարցը, սակայն այդպես էլ հարցը գործնական փուլ չհասավ։
Վերջին տարիներին հանրապետության ամբողջ տարածքում հուշարձանների վերականգնման աշխատանքներն աննախադեպ ծավալով են իրականացվում։ Վերականգնվող օբյեկտներն ընտրելիս հաշվի են առնում և՛ միջամտության հրատապությունը, և՛ կոթողի պատմամշակութային, և՛ զբոսաշրջային կարևորությունը։ Այսպես որոշում կայացվեց վերականգնել նաև Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին։