Հիասթափված ենք․ ՀՀ քաղաքացիներն առանց բացատրության Սոֆիայի օդանավակայանից հետ են ուղարկվել Հայաստան
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուլղարիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ շարունակվում են ապօրինությունները և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Բուլղարիա, պետք է պատրաստ լինեն ամենաաներևակայելիին, նվաստացումներին, նյարդային ժամերի կամ օրերի. Սոֆիայի օդանավակայանի սահմանապահները նրանց չեն թողնում հատել սահմանը։
«Անձնակազմը, որը մեզ դիմավորել էր Սոֆիայում, մեզ համար խնդիրներ ստեղծել, ցավոք, նույն հերթափոխին էլ մեզ հետ ճանապարհեց Հայաստան։ Խնդիրը վերաբերմունքի մեջ էր, հստակ ռասիստական մոտեցում կար ու ոչ մի կերպ այն պատճառաբանված ու հիմնավորված չէր։ Եվ ինչպես հասկացա, դա հենց այդ հերթապահ մասի ղեկավար Գեորգիևի կողմից էր կազմակերպվում։ Նա աշխատակիցներին տրամադրում էր մեր դեմ ու ցավոք՝ բախումներից չխուսափեցինք։ Ամեն կերպ ազդում ու փորձում էին ճնշել մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Նարեկ Զոհրաբյանը։ Նրան օդանավակայանում՝ իր խոսքով՝ անմարդկային պայմաններում պահելուց հետո, երեկ հետ են ուղարկել Հայաստան։
«Արհամարհական վերաբերմունքն ակնհայտ էր։ Նրանք բացարձակ չէին ուզում կոնտակտի դուրս գալ, բացարձակ չուզեցին ուղղել իրենց սխալը, քանի որ հենց իրենց հերթապահության ժամանակ էր եղել։ Որևէ բացատրություն չտվեցին։ Մենք դիմել ենք իրավաբանի ու նրա միջոցով փորձում ենք հարցը կարգավորել, քանի որ այն փաստաթուղթը, որտեղ որ դրված է հիմքը ինչի համար եմ ես այստեղ, մինչև այս պահը ինձ չեն տրամադրել։ Հիմա իրավաբանի հետ փորձում ենք արդարությունը վերականգնել»,- ասաց նա։
Նարեկն ահազանգում է․ քանի որ խնդիրը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան տիրույթում չէ՝ այդ երկիր այցելելիս պետք է հաշվի առնել ռիսկերը։
«Հնարավոր է ունենաք բարդություններ, խնդիրներ, ֆինանսական կորուստներ։ Բուլղարիա գնալու դեպքում պետք է պատրաստ լինել ցանկացած միջադեպի, եթե անգամ որևէ փաստաթղթային կամ այլ խնդիր չունեք։ Ովքեր հետ են ուղարկվել Հայաստան՝ հիասթափված ենք ու 2-րդ անգամ չենք պատրաստվում ռիսկի գնալ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Բուլղարիայի տարածք ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու մասին սա միակ ահազանգը չէ, որին անդրադարձել է MediaHub-ը և, ցավով արձանագրենք, խնդիրը ամռան ընթացքում այդպես էլ չլուծվեց՝ տասնյակ ՀՀ քաղաքացիների զրկելով ամառային հանգստից ու ֆինանսական կորուստներ պատճառելով:
Հունան Թադևոսյան