Կգա՞ Մակրոնը Հայաստան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՄեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Երեկ նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Այսօր ԱԳՆ-ում կայանալու է երկու նախարարների հանդիպումը, ապա համատեղ ասուլիսը։ Սեժուրնեն կհանդիպի նաև Նիկոլ Փաշինյանին ու այլ պաշտոնյաների։
Ուշագրավ զուգադիպությամբ օրեր առաջ հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե անկախության օրվա կապակցությամբ Հայաստան է այցելելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի մասին խոսակցությունը շրջանառվում է ընդհուպ 2021 թվականից: Մի առիթով սակայն, Ֆրանսիայի դեռևս այն ժամանակ դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կայցելի, եթե լինի նաև Ադրբեջան այցի հնարավորություն:
Այժմ էլ կողմերը չեն հաղորդում՝ Սեժուրնեն եկել է Մակրոնի այցը նախապատրաստելո՞ւ, թե՞ նրա փոխարեն։ Համենայն դեպս, Մակրոնի՝ Ադրբեջան այցելելու որևէ տարբերակ գոյություն չունի։ Չի բացառվում, որ Փարիզը բավարարվել է միայն արտգործնախարար ուղարկելով։
ՀՀ գործող իշխանություններին դա էլ շատ է։
Ինեսա Գրիգորյան