Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ խորհրդարանում երկուժամյա հանդիպում է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։ Մանրամասներ չեն հայտնում, բայց ըստ ընդդիմադիր շարժման առաջնորդի, քննարկել են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորությունները։ Բագրատ Սրբազանը թեժ աշուն էր խոստացել իշխանություններին, բայց առայժմ թեժ է միայն ընդդիմության գզվռտոցի առումով։ Թեպետ, Գալստանյանն ու մյուսները պնդում են, որ տարաձայնություններ չկան, խոստացել են աջակցել շարժմանը, ակնհայտ է, որ շարժումը օրեցօր մարում է։ Դա է վկայում Բագրատ Սրբազանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը։ «Ես քաղաքական առաջնորդի հավակնություն չունեմ, ի սկզբանե էլ ասել եմ»,- նշել է նա։
Ի սկզբանե, դեռ մայիսին լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի թեկնածուն այլ մարդ կարող է լինել, ինքը՝ Բագրատ Գալստանյանը սահմանադրական խոչընդոտ ունի դրա համար։ Այն ժամանակ շարժման առաջնորդը հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն, իսկ իշխող ուժը ստիպված կլինի հաշվի նստել հանրության որոշման հետ։ Հանրության որոշում, որպես այդպիսին, չստացվեց, իշխող ուժն էլ զբաղված է միայն ընդդիմությանը ծաղրելով և բոլորովին վախ չի զգում։
Ըստ ամենայնի, Բագրատ Գալստանյանն էլ հասկանում է այս հանգամանքը, փորձում է հետքայլ անել, քաղաքական առաջնորդությունը փոխանցել մեկ այլ, ավելի փորձառու գործչի։ Իսկ դա էլ վտանգավոր կարող է լինել, եթե ընդդիմադիր բոլոր առանցքային ուժերը կոնսենսուսի չգան, և չվարկաբեկված թեկնածու չներկայացնեն։ Հակառակ դեպքում, Փաշինյանը կրկին կսկսի խաղարկել «նախկինների» խաղաքարտը։ Համենայն դեպս, նա արդեն պատրաստվում է, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունն էլ դրա ապացույց։
Սիրանուշ Աղբալյան