Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀանրային ռադիոյում առաջիկայում մեծ կրճատումներ են սպասվում, և օրեր առաջ տեղի ունեցած սադրանքը հենց դրան էլ միտված էր։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Ռադիոլուրի» պատին «Բաքու» և «Անկարա» գրառումներով ժամացույցներ տեղադրելու՝ Հանրային ռադիոյի տնօրենի որոշումն ամենևին էլ պատահական արարք կամ «սորոսական» հանձնարարություն չի եղել։
Հանրային ռադիոյում ընդդիմադիր տրամադրությունները միշտ էլ ընդգծված են եղել, և «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանին տնօրենի պաշտոնում նշանակելով իշխանությունները որոշել են խորը զտումներ իրականացնել։ Իսկ հեռացման ենթակա աշխատակիցների ցուցակներ կազմելու համար էլ նման սադրանքի են գնացել՝ պարզելու, թե ովքեր են ընդվզողները, նրանցից ազատվելու համար։
Հանրային ռադիոյում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց պայմանագրերն ավարտվում են դեկտեմբերին։ Որոշվել է նոյեմբերին փակել հաղորդումների մեծ մասը, հեռացնել աշխատակիցների առնվազն մեկ/երրորդին, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմից։ Նրանք, ովքեր կանցնեն նոր տնօրենի թրի տակով, հավատարմության երդում կտան, կշարունակեն աշխատել ռադիոյում։ Իսկ հատկապես ժամացույցների տեղադրման դեմ ընդվզողներին հայտնելու են, որ դեկտեմբերից իրենց հետ աշխատանքային պայմանագրերը չեն թարմացվելու։
Էլեն Դարբինյան