«Եվրաքվեն» ձախողման շեմին է
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԵվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով սահմանադրական փոփոխությունների պահանջով ստորագրահավաքը ձախողման շեմին է, արդեն երրորդ շաբաթն է ընթանում, բայց կազմակերպիչները համառորեն հրաժարվում են հայտնել, թե որքան մարդ է մասնակցել ստորագրահավաքին։ «Եվրաքվեի» կազմակերպիչներից Տիգրան Խզմալյանն է երեկ ֆեյսբուքում հայտնել, իբր իրենց հաջողվել է այս պահի դրությամբ հավաքել ստորագրությունների մոտ կեսը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
ԿԸՀ-ն սեպտեմբերին որոշում էր կայացրել ստորագրահավաքի համար օրեր նշանակել՝ սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։ 60 օրում հարկավոր է 50 հազար ստորագրություն հավաքել՝ հարցը խորհրդարան մտցնելու համար, իսկ եթե Ազգային ժողովը մերժի, արդեն 50 օրում պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն՝ ԱԺ-ն շրջանցելով հարցը միանգամից հանրաքվեի դնելու համար։
Նույնիսկ, եթե հավատանք, որ երեք շաբաթում հաջողվել է ստորագրությունների կեսը հավաքել, մնացած չորս շաբաթում մյուս կեսը հավաքելն անտրամաբանական է։ Սովորաբար ակտիվությունն առաջին շաբաթներին է լինում։ Վկան, «Հայաքվեի» ստորագրահավաքը, երբ միայն առաջին շաբաթում հաջողվել էր 14800 ստորագրություն ստանալ։
Իշխանությունները «Եվրաքվեին» աջակցելու համար նույնիսկ աննախադեպ քայլի են գնացել, թույլատրել են շաբաթ և կիրակի օրերին էլ անցկացնել ստորագրահավքը պետական հաստատությունների վարչական տարածքներում։
Մարիամ Էլիզբարյան