Տղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Գ․-ն է։
Պարզվել է նաև, որ Վարդան Գ․-ն այցելել է «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքի ընդունվելու վերաբերյալ պայմաններին ծանոթանալու, որի ժամանակ, բարձրանալով կիսակառույց շենքի աստիճաններով, ոտքը սայթաքել է և մոտ 2 մետր բարձրությունից վայր է ընկել բետոնե հատակին։



















































