Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր, և այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով, անընդհատ խոսում եմ և Հայաստանում, և արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում:
Քննարկումներ և շահարկումներ կան, խոսք է գնում ուրացման, մեծ եղեռնը ուրանալու կամ մոռանալու մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չի դա ժխտել կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է:
Ես ուզում եմ ուղիղ պատմել, եթե չեմ սխալվում, Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելույթի մասին, երբ ես ասում էի՝ սիրելի հայրենակիցներ, երբ որ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Երբ այց ոգևորությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում՝ այդ որոշումը ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում:
Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը: Այստեղ է, որ հարց է ծագում՝ որտեղ և ինչպես մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա և ինչպես և որտեղ պետք է մենք կենտրոնանանք մեր իմացած, այդ թվում, պատմական ճշմարտությունների ընդգծման և այդ ճշմարտությունների վրա հենվելու վրա»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն. «Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն և այդ պետությունը ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը: Բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, և այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։ Ես ասում էի՝ տեսեք, մենք բոլորս կարևորում ենք խաղաղությունը, բայց խաղաղությունը առաջին հերթին տարածաշրջանային երևույթ է։ Այն խաղաղությունը, որը կոնկրետ արդյունք է բերում մեր երկրի անվտանգության և բարեկեցության համար, այստեղի խաղաղությունն է։ Մեզ անհրաժեշտ խաղաղությունը այն է, որը հասանելի է մեզ, որ այստեղ է, հիմա է: Դա է դասը իմ ընկալմամբ, որը մենք պետք է վերցնենք պատմությունից»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ Հայաստանի սահմանադրությունում « արևմտյան Հայաստան» արտահայտություն չկա. «Վերջերս ես հրապարակային հայտարարեցի, որ իմ ընկալմամբ Արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է և Շիրակի մարզը»,- ընդգծեց նա:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































