Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփականության իրավունքը ժամանակակից պետականության, իրավական համակարգի և շուկայական տնտեսության չափազանց կարևոր անկյունաքարն է, որն ապահովում է երկրի ընդհանուր տնտեսական կայունությունը, խթանում ներդրումների ներգրավումը և ամրապնդում օրինականության հիմքերը: Լինելով անձի՝ իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հիմնարար հնարավորությունը՝ այն ստեղծում է կանխատեսելի ու անվտանգ միջավայր տնտեսվարողների համար, մոտիվացնում է ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար տեղաբաշխումը և հնարավորություն է տալիս ձևավորելու երկարաժամկետ կապիտալ, որը ծառայում է որպես ֆինանսական համակարգի զարգացման ու վարկավորման հուսալի երաշխիք:

Ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար սեփականության անձեռնմխելիությունն ու պետության կողմից դրա անշեղ պաշտպանությունը հանդիսանում են առաջնային նախապայման, քանի որ ապօրինի միջամտության կամ գույքի կորստի ռիսկերի նվազեցումը էապես բարձրացնում է երկրի տնտեսական վարկանիշը և խրախուսում խոշոր, երկարաժամկետ ենթակառուցվածքային ու տեխնոլոգիական ծրագրերի ֆինանսավորումը:

Միևնույն ժամանակ, սեփականության իրավունքի պաշտպանվածությունն անմիջականորեն փոխկապակցված է իրավունքի գերակայության և դատական համակարգի անաչառության հետ, քանի որ հստակ իրավական ընթացակարգերն ու արդարացի վեճերի լուծումը բացառում են պետական ապարատի կողմից կամայականությունները և բարձրացնում հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ: Վերջապես, այս իրավունքը երաշխավորում է շուկայական հարաբերությունների բնականոն զարգացումը և պաշտպանում քաղաքացիների հիմնարար ազատությունները, քանի որ տնտեսական անկախությունը քաղաքացուն տալիս է իրական ինքնավարություն՝ լիարժեք իրացնելու իր քաղաքական, սոցիալական ու քաղաքացիական իրավունքները, ինչն էլ իր հերթին ձևավորում է կայուն միջին դաս և ապահովում հասարակական համերաշխություն:

Սակայն վերջին տարիներին (առավել ևս՝ վերջին մեկ տարում) Հայաստանում ձևավորվել է մի արատավոր երևույթ, երբ կամայական ու քաղաքական դրդապատճառներով տեղի է ունենում մասնավոր ունեցվածքը խլելու քաղաքական խայտառակ գործընթաց։ Հասկանալի է, որ սեփականազրկման սուր դանակի տակ են հայտնվում այն անձինք, որոնք ընդդիմադիր գործունեությամբ են զբաղվում կամ էլ անհամաձայնություն են հայտնում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը։ Սեփականազրկման գործընթացը գնալով ծայրահեղ դրսևորումներ է ստանում և ոտնահարում է ժողովրդավարության ու իրավական պետության բոլոր սկզբունքները։

Ավելին, հիմա արդեն իշխանությունները նույնիսկ ջանք չեն գործադրում երկար-բարակ բացատրություններ ներկայացնելու հանրությանը կամ անգամ տեղի ունեցողին «օրենսդրական փաթեթավորում» ապահովելու, ուղղակի գրչի մի հարվածով խլում են մասնավոր անձանց պատկանող սեփականությունը: Այսինքն, օրվա իշխանությունը բացահայտ գործում է կամայականորեն, բացահայտ ցույց է տալիս, որ այս հարցում ևս իրեն ոչինչ կանգնեցնել չի կարող, այդ թվում՝ օրենքն ու Սահմանադրությունը, էլ չենք խոսում միջազգային իրավունքի մասին։ Ու այս ամենը տեղի է ունենում կոնկրետ մեկ անձի քմահաճույքով ու ցուցումով։ Իսկ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ չի էլ թաքցնում, որ այդպիսով պատժում է այն մարդկանց, ովքեր չեն քայլում իր կողմից գծված արահետով։ Երբ Փաշինյանը հայտարարում է, թե այս կամ այն անձի սեփականությունը պետք է անցնի պետությանը, ապա ընդամենը րոպեներ անց սկսվում է համապատասխան գործընթաց՝ առանց իրավական հիմնավորումների, առանց օրենքի։ Հենց այդպես էլ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք հայտնի ձեռնարկություններ և գույքեր, այդ թվում՝ «Մուլտի Վելնես» համալիրը, «Արարատցեմենտ» գործարանը և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, 2026 թվականի հուլիսի վերջին անցան պետության կամ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը։ Դրանից առաջ էլ գրեթե նույն սցենարով իրականացվեց ՀԷՑ-ի խլման գործընթացը։

Հասկանալի է, որ եթե այսօր Ծառուկյանն է նշանառության ներքո, վաղը կարող է լինել մեկ այլ սեփականատեր, քանի դեռ այս գործընթացը կանգ չի առել։ Իսկ առկա իրողությունը, բնականաբար, ազդում է երկրի ընդհանուր տնտեսական և ներդրումային միջավայրի վրա։ Փաստացի հատկապես դրսի գործարարարները շահագրգռված չեն լինի Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, իսկ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողներն արդեն շահագրգռված կլինեն իրենց կապիտալը երկրից դուրս բերելու և այլ երկրներում աշխատեցնելու ուղղությամբ, քանզի ոչ ոք ապահովագրված չէ, որ Նիկոլ Փաշինյանը մի «թարս երազ» չի տեսնի ու առավոտյան չի արթնանա այս կամ այն սեփականությունը խլելու ցանկությամբ։

Փաստացի, ստացվում է, որ սեփականության իրավունքի պաշտպանվածության բացակայությունը կաթվածահար է անում բիզնես ակտիվությունը։ Իսկ դրան հետևում է նաև այն, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունները իջեցնում են պետության վարկանիշն իր ծանր հետևանքներով։

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ իշխանությունը սեփականատիրոջից խլված ընկերություններին, ըստ էության, դատապարտում է ձախողման։ Գաղտնիք չէ, որ պետությունը, մեղմ ասած, բիզնեսի լավագույն կառավարիչը չէ և մասնավոր շահագրգռվածության բացակայության արդյունքում այդ բոլոր ձեռնարկություններն ի վիճակի չեն բարձր արդյունավետություն ապահովել։ Այդ պարագայում, ի՞նչ, պետությունը պետք է նորից դրանք հանձնի կամ վաճառի մեկ ուրիշ մասնավորի՞։ Ստացվում է, որ այդպիսով երկրի տնտեսական հատվածը դրվում է քաղաքական նպատակահարմարության ռելսերի վրա, իսկ դա, ինչպես տարբեր երկրների օրինակն է ցույց տալիս, ձախողման ու քաոսի ամենաուղիղ ճանապարհն է։ Սեփականության քաղաքական վերաբաշխումը միշտ բերում է երկրի համար ծանրագույն հետևանքների: Տնտեսական հետևանքներին, որպես կանոն, հետևում են նաև իրավական և միջազգային հետևանքները։ Կամայական պետականացումներին որոշ ժամանակ անց հետևելու են սեփականատերերի հայցերը միջազգային արբիտրաժային դատարաններում և այլ միջազգային ատյաններում։

Ու դրա արդյունքում մեկ մարդու քմահաճույքի հետևանքով պետությունը ներքաշվելու է արբիտրաժային երկարատև ու թանկարժեք դատական գործընթացների մեջ։ Իսկ այդ գործընթացի հանգուցալուծումն, ըստ էության, լինելու է այն, որ միջազգային դատարանների որոշմամբ պետությունը ստիպված է լինելու հսկայական փոխհատուցումներ վճարել երկրի պետական բյուջեից։ Փաստացի, մեկ մարդու կամայականության պատճառով տուժելու է ողջ պետությունը, այդ թվում՝ քաղաքացիները, քանի որ պետբյուջեի միջոցները ձևավորվում են նրանց վճարած հարկերից։ Մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ մի շարք երկրներ կամ միջազգային կառույցներ, անհանգստացած լինելով նման երևույթներով, կարող են տնտեսական կամ քաղաքական պատժամիջոցներ կիրառել սեփականության իրավունքի ոտնահարումը օրինաչափություն դարձրած պետության դեմ։

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ նորընտիր խորհրդարանում բավական ուշագրավ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով այն խայտառակ քայլերին, որոնք իրականացնում են այս իշխանությունները: Կարծում ենք՝ տեղին է որոշ մեջբերումներ անել այդ ելույթից՝ առավել ամբողջական դարձնելով այս անդրադարձը: «Միայն մանդատները գողանալով չեք բավարարվել։ Հիմա էդ մարդուն ունեզրկում եք։ Երբեք Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը չեմ կիսել, բայց այդ մարդու ձայները, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Այդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են։ Վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այլ ցուցանակները»,-ասել է Խամոյանը: Նա նաև նշել է, որ ՔՊ-ն այլևս ժողովրդավարության հետ կապ չունի։ «Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքանով, որքանով ընդդիմադիրների վրա հարձակվող կարմիր բերետավորները կապ ունեն դիվանագիտական արվեստի հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել