Ապրիլյան պատերազմից հետո առաջին օպերայի պրեմիերան Արցախում կկայանա սեպտեմբերին
КУЛЬТУРАԻնչպես հայտնում է Past.am-ը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ամփոփել է 82-րդ թատերաշրջանը և խոսել 83-րդ թատերաշրջանի անելիքների մասին:
Անդրանիկ Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գրեթե 80-90 տոկոսով իրականացրել են նախատեսված ծրագրերը: Այդ ծրագրերից առաջինը, ըստ Արզումանյանի, «Կարմեն» օպերայի պրեմիերան էր, որը տեղի ունեցավ նախորդ տարվա աշնանը: Օպերային թատրոնի տնօրենը ցավ է հայտնում, որ գեղարվեստական ղեկավար, մեծանուն արտիստ Գեղամ Գրիգորյանն անժամանակ հեռացավ կյանքից, բազմաթիվ գործեր կիսատ մնացին, բայց, նրա խոսքով, թատրոնն իր պարտքն է համարում անպայման շարունակել այդ գործերը: Շուշիում կայանալիք պրեմիերայով սեպտեմբերին կբացվի նոր թատերաշրջանը:
Նկատենք, որ սա քառօրյա պատերազմից հետո առաջին օպերային պրեմիերան է Արցախում: Անդրանիկ Արզումանյանն անդրադարձավ թատերաշրջանի այս և այլ նորություններին:
«Սեպտեմբերի 1-ին Շուշիում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան: Արցախում սեպտեմբերին նոր ներկայացում ունենալն արդեն ավանդույթ է: Երևանում պրեմիերան կկայանա սեպտեմբերի 7-ին կամ 8-ին: Մինչև տարեվերջ կայանալու են «Տոսկա» օպերայի և «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները: Չգիտեմ՝ ա՞յս տարի, թե՞ 2017 թվականին, բայց պատրաստվում ենք «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերային: Դա նախատեսված է երիտասարդական ծրագրի շրջանակում:
Այդ ծրագրով մենք համագործակցում ենք Երևանի կոնսերվատորիայի հետ, ինչը թույլ կտա մոտիկից ծանոթանալ երիտասարդ երգիչներին, նրանք էլ կծանոթանան թատրոնին, որտեղ ապագայում աշխատելու են»,-հայտնեց Անդրանիկ Արզումանյանը: Օպերային տնօրենը ցավով փաստեց, որ, չնայած հագեցած խաղացանկին, հանդիսատեսի պակաս է նկատում:
«Ոչ միայն մեր թատրոնում, այլև Հայաստանի բոլոր թատրոնների վիճակն է այդպիսին: Մեզ մոտ պակասում է հանդիսատեսը: Երկրի սոցիալական վիճակից ելնելով՝ մարդիկ ուղղակի հնարավորություն չունեն, բայց մեր ձեռքերը վայր չենք դնում»,- խոսքը եզրափակեց բանախոսը:
Լևոն Փանոսյան