Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սիրիական ռադիկալություն և չափավորություն կամ՝ Քրդական խնդիրը Սիրիայում

МЕЖДУНАРОДНОЕ

Ասադի «անարդար իշխանությունը» և քրդական շարժումը տապալելու մասին՝ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո նույնիսկ միջազգային մեդիան է սիրիական քրդերին Ասադի «բնական դաշնակիցը» ճանաչում: Մինչդեռ ակնհայտ է, որ այդկերպ թացն ու չորը խառնվում են իրար: Եվ որքան էլ ջանանք քրդերին ներքին–չափավոր ընդդիմություն «դարձնել»՝ ապացուցելով, թե 2003–ին ստեղծված Քրդական դեմոկրատական խորհուրդ կուսակցության միջոցով նրանք սոսկ մշակութային–քաղաքական իրավունքների համար տարվող դեմոկրատական պայքար էին ծավալում Սիրիայում, կսխալվենք նույնիսկ այն դեպքում, եթե պնդենք, թե նրանք միջանկյալ դիրք են գրավում չափավոր ընդդիմության և դրսից կառավարվող քաղաքական/ռազմական կառույցների միջև: Ավելին՝ այդպես միայն կփաստենք, որ Սիրիայի ներկայի դրությունը մեծապես պայմանավորված է քրդական գործոնով, և որ՝ նրանք առաջինն էին, որ Ազգային ինքնապաշտպանության ուժերի գրոհայիններով Քամիշլիում կռվելով Ասադի դեմ՝ Սիրիայի մասնատումն իբր օրինական պահանջ ներկայացրին: Հանգամանք, որի խմորումը գուցե ժամանակին շփոթեցրեց Ասադին՝ իր հերթին քրդերի դեմ պայքարող խորամանկ Թուրքիային «բնական դաշնակից» ճանաչելու առումով…

Այսուհանդերձ, որպեսզի այս պնդումը մերկապարանոց չհամարվի, փորձենք հասկանալ՝ ինչ գունապնակից է կազմված սիրիական քաղաքական ընդդիմությունը: Նշեցինք արդեն, որ, խոշոր հաշվով, այն կազմված է արտաքին և ներքին ընդդիմությունից: Վերջինիս կարևոր մասն է Ազգային ճակատը, որ ձևավորվել է 2011–ին՝ կոմունիստական կուսակցության ղեկավար, հայտնի ընդդիմադիր Քադրի Ջամիլի կողմից: Ի դեպ, խորհրդարանական ուժ է, մերժում է դրսի ցանկացած միջամտություն մշտապես ներգրավվել է, այսպես կոչված, ռուսական բանակցություններում: Հարկ է նշել նաև, որ 2012–2013 թթ. Ջամիլը Սիրիայի տնտեսական հարցերով փոխվարչապետն էր, և այժմ մեղադրվում է միաժամանակ ռադիկալների կողմից՝ Ասադի երբեմնի դաշնակիցը լինելու, իսկ Ասադի կողմից՝ կառավարությանը դավաճանելու համար: Քրդերն այստեղ որևէ կերպ ներկայացված չեն, թեպետ Ջամիլը ջանացել է դրա համար:

Այսպես կոչված՝ ներքին ընդդիմության մեկ այլ խոշոր ներկայացուցիչ է Դեմոկրատական փոփոխությունների ազգային կոորդինացիոն կոմիտեն՝ փորձառու Հասան Աբդել Ազիմի գլխավորությամբ: Այն ձևավորվել է 2013–ին, ձախական կուսակցության միավորմամբ: Ազիմը կողմ էր Ասադի հետ երկխոսությանը, հրաժարվեց ժնևյան հանդիպումից՝ ռադիկալներին մեղադրելով սաուդիներից ղեկավարվելու համար, և ինչպես տեսնում եք՝ քրդերն այս չափավորների մեջ էլ չկան, ինչպես փորձում են արևմտյան փորձագետները տեսնել: Ավելին՝ կասկածում եմ, թե օրերս ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատը հենց նրա՛նց է զենք ու զինամթերք, դրանց թվում՝ բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար կողմ քվեարկել…

Ինչ վերաբերում է արտաքին ընդդիմությանը, անշուշտ, դրա առաջին ներկայացուցիչը Սիրիական արտաքին խորհուրդն է, ստեղծված՝ 2011–ին, թուրքական քաղաքական միգրանտների, նրանց թվում՝ Սիրիայում արգելված Մուսուլման եղբայրների կողմից: Դարձյալ կոմունիստ Ջորջ Սաբրայի այս միավորումը ֆինանսավորվում է սաուդիների և Քաթարի կողմից, կողմ է բացառապես Ասադի հեռացմանը, ի տարբերություն քրդերի՝ երկրի մասնատումը խրախուսող որևէ հայտարարություն չի արել, բայց հզոր ռազմական թև ունի և, ցավոք, ԵՄ–ի, ԱՄՆ–ի կողմից ճանաչվել է իբր «երկրի օրինական քաղաքական ներկայացուցիչ»…

Հաջորդը ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան է, որ ստեղծվել է 2012–ին՝ Քաթարում, նույնիսկ դեսպանություն ունի այնտեղ, ստվերային կառավարություն, ղեկավարվում էր ԱՄՆ քաղաքացի Հասան Հիտտոյի, իսկ անցած տարվանից՝ թուրքական քաղաքացի Հալեդ ալ խոջայի կողմից, որ մերժեց ժնևյան բանակցությունները՝ պահանջելով Ասադի անհապաղ հեռացումը, միաժամանակ մերժելով Սիրիայի մասնատումը: Վե՛րջ: Այսքանով, այսպես կոչված, չափավոր ընդդիմության քաղաքական թևի թվարկումն ավարտվեց, և քանի որ քրդերն այստեղ էլ ներկայացված չեն, ստացվում է՝ նրանց պիտի բացառապես ռազմական թևերում որոնել, որոնց թվարկումը միայն ահռելի ծավալ կգրավի: 

Օրինակ՝ Սիրիայի ազատագրական բանակը դիտարկենք, որ կազմված է դասալիք սպաներից և, սունի Մուսուլման եղբայրների գերակշռմամբ, բազում դրուզների, լիբիացիների, սիրիացի թուրքմենների է միավորում: Սրանք միակն են, որ կողմ են երկրի մասնատմանը, ենթադրվում է՝ հօգուտ թուրքմենների, ինչը քրդերի կողմից, տես որ չի խրախուսվում հակաթրքության պատճառով: Հաջորդը Սիրիայի իսլամական ճակատն է՝ գրոհայինների 11 կառույցներից բաղկացած, որտեղ դոմինանտը Ահրար աշ–Շամն է՝ ահաբեկչական Ջեբհաթ–ան–Նուսրայի և Մուհաջիրան վալ–Անսարի միավորմամբ: Թեպետ Ջեբհաթ–ան–Նուսրան ամենաագրեսիվը համարվող առանձին ճակատով էլ է ներկայացված Սիրիայում: Ստեղծվել է 2012–ին ու չնայած Արևմուտքի բարեհաճությունն ունի՝ Ալ–Քաիդայի փաստացի սիրիական ճյուղն է: Արաբ սունիներից բացի՝ այստեղ շատ են Եվրոպայի քաղաքացիները և խիստ բազմազան՝ ենթախմբավորումները. Քոուաֆիլ աշ–Շուհադա, Անսարուլ Հաքք, Քաթաիբ ատ–Թաուհիդ, Մաարրաթ ան–Նուամա և այլք, որոնց միայն թվարկելու և հասկանալու համար, թերևս, մի կյանքն էլ բավարար չլինի (չխոսենք այլևս այն մասին, որ չթվարկեցինք, այսպես ասած, պրոասադյան, պրոհըզբոլլահական և առհասարակ՝ պրոիրանական ուժերին, որոնք էլ իրենց հերթին ռազմական թևեր ունեն…):

Բայց հստակ է մի բան. քրդերը Սիրիայում ոչ դասական քաղաքական ընդդիմություն են, ոչ՝ չափավոր, ոչ ասադական են, ոչ էլ՝ հակաասադական: Ավելի ճիշտ՝ լավ զինված են և ասադական են, երբ պայքարում են նաև Իրաքում իրենց թշնամի ԴԱԻՇ–ի դեմ, և հակաասադական/ահաբեկչական՝ երբ գիտակցում են, որ Ասադը երբե՛ք Սիրիայի մասնատումը չի թույլատրի: Նույնիսկ եթե ռուսներին միաժամանակ և իրենց բարեկամը համարենք, և Ասադի, անգամ եթե Կրեմլին հաջողվի քրդերին իբր առանձին կողմ ներկայացնել Ժնևում, միևնույն է, ընտրության դեպքում Պուտինը Ասադին կընտրի, որ Կրեմլի մերձավորարևելյան ազդեցության գլխավոր լծակն է դարձել: Այնպես, որ, ցավոք քրդերի հետ գուցե պատահի այն, ինչ նրանց օգնությամբ հայերի հետ պատահեց Թուրքիայում: Ինչ–որ պահից սկսած, հնարավոր է, քրդերն այստեղ սկսեն խանգարել բոլորին՝ գրոհայիններից մինչև Ասադ, Էրդողանից մինչև Պուտին և Թրամփ: Սպասենք՝ տեսնենք ինչով կզարգանան իրադարձությունները, որովհետև Սիրիայի հարավ–արևելքում ակնհայտ է, որ այլևս փաստացի քրդական ինքնավարության հետ գործ ունենք, բայց ակնհայտ է, որ կոնկրետ մեր երկրի տեսանկյունից նայելու դեպքում, շատ կասկածելի է, թե քրդերը կարող են Հայաստանին դաշնակից լինել Սիրիայում, Իրաքում, որտեղ նրանք դարձյալ անկախության են ձգտում, Իրանում, որտեղ քրդական ՓՋԱԿ–ը (Ազատ կյանք Քուրդիստանում) դարձյալ կենտրոնախույս տրամադրություններ ունի և նույնիսկ Թուրքիայում, որտեղ Իրաքի հյուսիսն ու Սիրիայի հարավ–արևելքը սեփական տարածքներ են դիտվում և որի մասնատման գաղափարը, քրդական գործոնով Թուրքիային թուլացնելն այդքան ոգևորում է մեզնից ոմանց:

Չենք պնդում, թե ասվածը վերջնական ճշմարտություն է, սակայն, հատկապես նրանք, որոնք Հայկական հարցին զուգահեռ՝ Թուրքիայում և ընդհանրապես տարածաշրջանում միայն թուրքական և ոչ նաև քրդական խնդիր են տեսնում, ստիպված են հակառակն ապացուցող շատ կոնկրետ փաստարկներ ներկայացնել՝ առանց հին ու նոր տագնապների և առանց նոր ցնորքներով կաղապարվելու: Փորձելով բոլորիս համոզել՝ ինչ կշահի և ինչ կկորցնի Հայաստանը հնարավոր բոլոր սցենարներում և ի վիճակի՞ է, արդյոք, որևէ կերպ ազդել պրոցեսների վրա՝ իրողությունները գոնե ինչ–որ չափով իր ուզած հուն տեղափոխելով...

Գոհար Սիմոնյան

Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24