Հայաստանում փականագործ գտնելն ավելի դժվար է, քան՝ նախարար
SOCIETYՊարզվում է մեր երկրում նախարար գտնելն ավելի հեշտ է, քան օրինակ՝ փականագործ, խառատ և այլն: Չնայած, որ գուցե ինչպես շատ ապրանքներ, այնպես էլ այս մասնագետներին հնարավոր լինի օրինակ՝ Չինաստանից էժան գներով մեր երկիր «ներմուծել», բայց հարց է ծագում՝ ի՞նչ երկիր առանց սեփական փականագործի, խառատի կամ այլ արհեստավորի:
Զովունիում գտնվող «Մետաղամանեղենի» գործարանը խորհրդային տարիներից բոլորիս ծանոթ տարբեր արտադրամասերից բաղկացած մինի քաղաք հիշեցնող մի անծայրածիր տարածք է, որտեղ թեև վարպետ–մասնագետներից քչերն են մնացել, բայց կարևորն այն է, որ նրանք ոչ միայն շարունակում են ալյումինի կաթսաներ արտադրել, այլև իրենց արտադրած չայրվող թավաներով ու կաթսաներով փորձում են մրցել նաև դրսից ներկրվող նույնանման «թուրքական» ապրանքների հետ:
Այս գործարանում է աշխատում նաև վարպետ Կարոն, ով մասնագիտությամբ թեև ատամնատեխնիկ է, բայց շատ տարիներ առաջ է պատահաբար հայտնվել գործարանում ու այդ օրից մինչ օրս այդտեղ է աշխատում:
«Փաստի» հետ զրույցում նա ասաց, որ գործարանի բոլոր հաստոցներից ու արտադրության բոլոր պրոցեսներից ոչ միայն գլուխ հանում է, այլ բարձր մակարդակով տիրապետում է դրանց կառավարման արհեստ–արվեստին:
«Խորհրդային տարիներին այս նույն արտադրամասի ղեկավարն էի, աշակերտներ էլ ունեի, բայց հետագայում արդեն բոլորն էլ գնացին, քանի որ աշխատանք չկար: Հիմա փորձում ենք շարունակել որոշ ապրանքների արտադրությունը, բայց հայ սպառողը փոխանակ հայի արտադրած ապրանքը գնի և հայ արտադրողին օգնի, Պակիստանի արտադրածն է գնում: Երկիր, որը նույնիսկ Հայաստանին չի ճանաչում որպես պետություն»,– զայրացած ասում էր վարպետ Կարոն:
Երիտասարդ տարիների աշխատասիրությունը պահպանած 70–ամյա վարպետը երիտասարդներին հորդորում է համակարգչից բացի նաև արհեստ սովորել, քանի որ երկրին ոչ միայն համակարգիչների դիմաց նստողներ են պետք, այլ՝ արհեստավորներ:
«Պետք է տեղական արտադրությունը զարգացնել: Գործարանները պետք է աշխատեն, պետք է արտադրության տարբեր ճյուղերը զարգանան, որպեսզի երկիրը կարողանա շունչ քաշել: Առնել–ծախելով երկիր չեն կառուցում, այդպես երկար դիմանալ չի լինի: Պետք է կարողանաս քո սեփականը արտադրելով, նաև աշխատատեղեր ստեղծելով երկիրը զարգացնել: Բայց արտադրությունում կան մասնագիտություններ, որոնք սկսել են «մեռնել» և եթե այսպես շարունակվի մեզանից հետո մեզ փոխարինողներ չեն լինի: Պետք է այսօրվանից այդ մասին մտածենք, հակառակ դեպքում վաղը ուշ կլինի»,– ասում էր վարպետ Կարոն:
Նարե Գրիգորյան