Բերաններդ փակեք ու խոսքներիդ չափը ճանաչեք, լրագրողներ...
АНАЛИТИКАՄեր հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը.
– Պարոն Մելիքյան, աշխատանքից ազատվեց լրագրող Պետրոս Ղազարյանը: Պատճառը գիտենք` դերասան Սերգեյ Դանիելյանին հրավիրեց հարցազրույցի: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս փաստը:
– Նախ ասեմ, որ Պետրոսը գրել էր, թե ինքն արձակուրդում է, երբ ազատվի աշխատանքից, այդ մասին կտեղեկացնի: Ես դա կարդացել եմ: Պարզապես լրատվամիջոցներում արդեն այս հարցը լուծված են համարում, նույնիսկ գրում են այն մասին, որ նրան փոխարինող ևս գտել են:
Եվ եթե դա այդպես է, իրոք վերջին այդ հաղորդման համար Պետրոս Ղազարյանին ազատել են աշխատանքից, ապա այն կարելի է միանշանակ բնութագրել որպես ազատ խոսքի ոտնահարում: Որովհետև այն գռեհկաբանությունը, որը կար հաղորդման մեջ, երկրորդական է: Կարևորը քաղաքական սատիրան էր, որ հաղորդումը պարունակում էր: Եվ ասեմ, որ այն հիմնականում տեղին էր:
Ես կարծում եմ, որ այստեղ լրագրողի մեղքը շատ քիչ էր: Նա պարզապես հնարավորություն էր ընձեռել, որ քաղաքական այդ երգիծանքն արտահայտվի:
– Փաստորեն այս հաղորդման մեջ ԶԼՄ–ների մասին օրենքը չի խախտվում. Բռնության կոչ չկա, պոռնոգրաֆիա չկա, հայհոյանք չկա:
– Անշուշտ: Հաղորդման մեջ օրենքը չի խախտվում: Ուղղակի որոշակի գռեհիկ շեշտադրումներ կան, որը, ինչպես ասացի, լրագրողի գործունեության հետ կապված չէ: Հաղորդման հերոսը, որպես նոր ստեղծվելիք քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, այդպես է մատուցում իր ասելիքը:
Մեծ հաշվով դա կարող է քննարկման ենթարկվել լրագրողական էթիկայի տեսանկյունից, խոսվել նման հաղորդման նպատակահարմարության մասին: Բայց օրենքի խախտում` ես չեմ տեսնում: Այնպես որ, լրագրողին այդպիսի խիստ պատասխանատվության ենթարկել դրա համար, ճիշտ չէ:
– Սա զգուշացում կլինի՞ նաև մյուս լրագրողներին, որ իմացե՛ք, ձեր չափը ճանաչե՛ք… Հանկարծ չգծված սահմանը չանցնե՛ք:
– Հարցն այդ ենթատեքստը ևս կարող է ունենալ:
– Համենայն դեպս, բացասական առումով մուլտիպլիկատիվ էֆեկտ կլինի՞:
– Իհարկե, կարող է լինել: Սովորաբար այն քայլերը, որ ձեռնարկվում են խոսքի ազատության դեմ, որպես կանոն ունենում են հեռահար նպատակներ: Բայց այս դեպքը, իհարկե, շատ արտառոց դեպք էր: Նաև` ուշադրություն գրավող: Նույնիսկ գոնե այդ հանգամանքը պետք է հաշվի առնեին ու լրագրողին աշխատանքից չազատեին:
– Սա կապվա՞ծ է առաջիկա ընտրությունների հետ:
– Ուղիղ կապել դժվար թե կարելի է: Բայց այն իմաստով, որ այս նոր ստեղծվելիք քաղաքական կուսակցությունը նպատակ է հետապնդում մասնակցել ընտրություններին, ապա կարելի է ասել կապված է:
– Իսկ հնարավո՞ր է, որ լրագրողական հանրությունը փորձի մի բան անել. իր խոսքն ասի, հակազդի այդ որոշմանը:
– Ցավոք, լրագրողական հանրությունը շատ պառակտված է, բաժանված է տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների: Եվ որպես կանոն, չի համախմբվում: Հազվադեպ է լինում, որ կարողանում են համախմբվելու փորձ անել: Նման փորձ եղավ, օրինակ, հուլիսյան իրադարձությունների ժամանակ` կապված Սարի թաղի դեպքերի հետ: Բայց այդ նախաձեռնությունն էլ արագորեն մարեց:
Գոհար Սարդարյան