Արագածավան համայնքում «մարդը» հացն է կտրել, «կնիկը»՝ ջուրը. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքը, որ համարվում է Հայաստանի ամենաշատ` մոտ 5500 բնակչություն ունեցող համայնքներից մեկը, գնալով դատարկվում է: Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը «Փաստի» հետ զրույցում խոսելով գյուղի խնդիրների մասին ցավով նշեց, որ իրենց գյուղում արտագաղթը մոտ 5 տարի առաջ է սկսվել: Մինչ այդ, գյուղի բոլոր բնակիչներն աշխատանք գտնելու համար նույնիսկ մայրաքաղաք չէին մեկնում: Բայց վերջին 5 տարվա ընթացքում գյուղի կեսը դատարկվել է և երաշխիք էլ չկա, որ մյուսները նույնպես չեն լքի գյուղը: Խորհրդային տարիներին այն մեծ արտադրական համայնք է եղել: Չորս մեծ գործարան է աշխատել, իսկ հինգերորդը կառուցվելիս է եղել:
«Երկու հսկա՝ կերի արտադրության, ոչխարաբուծության գործարան, այգեգործական սովխոզներ ունեինք: Այդ բոլորը հիմա չկան, իսկ պերլիտի գործարանն էլ իր ողջ հզորության 10 տոկոսի չափով է աշխատում: Այնտեղ գյուղից մոտ 15 մարդ է աշխատում: Դա էլ որ փակվի, այդ մարդիկ նույնպես ապրուստից կզրկվեն»,– ասաց Ա. Պապիկյանը:
Ի դեպ, մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե նշված գործարանից ինչ թանձրության ծուխ է դուրս գալիս ու մի քանի կիլոմետր անցնելով ինչպես է թունավորում այդ և հարակից բնակավայրերի օդն ու բնությունը: Հարցի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու համար, մի քանի տարի առաջ, որպես բողոքի նշան, գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը: Բայց ինչպես երևում է, բողոքն այդպես էլ տեղ չի հասել, և գործարանը ողջ թափով շարունակում է թունավորել շրջակայքը:
«Այն ժամանակ խոստացան, որ կվերանորոգեն ու այդ փոշին կվերացնեն, բայց մինչ օրս ոչինչ էլ չեն արել: Ինչ վերաբերում է վարչապետի կողմից հայտարարած ծրագրերին, ապա եթե աջակցություն լինի մեր համայնքում շատ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել: Բայց հարց եմ ուզում տալ, թե ո՞վ կթողնի, որ, օրինակ, նախկինի նման կերերի գործարան կառուցվի: Հենա կերը ներկրում են էլի… Էդ բերողները կթողնե՞ն, որ նման գործարան կառուցվի»,– ասաց Ա. Պապիկյանը:
Համայնքապետարանում հավաքված գյուղացիներն ասում էին, որ եթե ներկրողները նույնիսկ անասնապահության ոլորտը թողնեն գյուղացուն, գյուղացին էլի գոհ կլինի: Բայց հերիք չէ, որ ամեն ինչ ներկրում են, մյուս կողմից էլ «թույլ» չեն տալիս, որ գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտները զարգանան:
«Ներկրողներն իրենց ցորենը բերում են, սպիրտը քամում են, կենդանիների կերը բերում են, դրսում հորմոններով մեծացրած կենդանիների միսը բերում, կապում են մեր ժողովրդի ջանին: Մեր երկրում չաշխատող գյուղացի չկա, բայց երբ տեսնում է, որ իր արտադրածն իրացնելու ժամանակ բազմաթիվ խնդիրներ են առաջանում, այդ պատճառով էլ հիասթափվում ու լքում է գյուղը»,– ասաց մեր զրուցակիցը:
Արագածավանի մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ ոռոգման սեզոնը սկսվել է, բայց «Թալին» ՋՕԸ–ն, որ համայնքի ոռոգման ջրի մատակարարն է, հայտարարել է, որ անցյալ տարվանից պարտք ունեցող գյուղացիներին ջուր չեն տալու: Պարտք չունեցողներից էլ 5000 դրամի չափով կանխավճար են հավաքում: «Ամենաթանկ ոռոգման ջուրը մեր մատակարարողի տրամադրած ջուրն է: Մեր գյուղում ջրաչափեր չկան, բայց 1 հեկտար հողամասը ջրելու համար 30–ից 35 հազար դրամ գումար են պահանջում: Ոչ ոք չգիտի, թե ինչպես են այդ գումարը հաշվարկում: Էս գյուղի արտագաղթը հենց ջրի թանկության պատճառով սկսվեց: Մարդիկ տեսնում են, որ չարչարվում–չարչարվում են, բայց ոչինչ դուրս չի գալիս, ամեն ինչից զզվում ու թողնում, գնում են»,– ասաց համայնքի մեկ այլ բնակիչ:
Ստացվում է, որ ներկրողները համայնքի «հացն» են կտրել, ջուր մատակարարողներն էլ՝ ջուրը, ու հիմա Արագածավանի շատ բնակիչներ շատ այլ համայնքների բնակիչների նման կանգնել են փակուղու առջև: Բայց այս պայմաններից անգամ փորձում են չհուսահատվել: Եվ բոլորը միաբերան պնդում էին, որ եթե կառավարությունն իրենց մեջքին կանգնի, գյուղով կկանգնեն ու իրենց ճանապարհին հանդիպած բոլոր «գերանները» կկոտրեն, միայն վստահ լինեն, որ իրենք միայնակ չեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում