Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրաժեշտ՝ հիշելով կամ ինչպիսին էր 2017–ը

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մոտենում է Ամանորը, և շատերն են փորձում հասկանալ, թե ինչպիսին էր անցնող տարին, ինչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք 2017–ի ընթացքում, ինչպիսի զարգացումներ են սպասվում հաջորդ տարի կամ որոնք են մեր առջև ծառացած մարտահրավերները:

Եվ քանի որ մի ամբողջ տարի պարտաճանաչորեն մեր էջում ընթերցողին ենք ներկայացրել միջազգային անցուդարձը կամ գոնե այն կարևոր անցքերը, որոնք հիշարժան ենք նկատել, բնականաբար, չէինք կարող խուսափել նաև տարին ամփոփելու պարտականությունից:

Միանգամից նշենք, որ 2017 թվականը պիտի անմիջապես էլ մարդկության ամենահագեցած և բարդ շրջափուլերից մեկը որակել:

Հին աշխարհակարգի դե–ֆակտո չգոյություն, Դոնալդ Թրամփի նախագահության 1–ին տարվա ընթացքում ԱՄՆ համաշխարհային դերակատարման փոփոխություն, ռուսական գլոբալ ներազդման աճ և սառը պատերազմի տրամաբանությամբ ձևավորվող հարաբերություններ Արևմուտքի հետ, եվրոսկեպտիցիզմ, դրանով պայմանավորված՝ Brexit, աջ տրամադրություններով եվրոպական ընտրություններ, անջատողական հոսանքներ, միաժամանակ՝ եվրոպական ապագայի հետ կապված ամենատարբեր սցենարների փնտրտուք և ընդլայնվող Եվրոպա, հեռավոր Արևելքում չինական կայսրության վերելք՝ համաշխարհային կարգուկանոնի հաստատման ամբիցիոզ հայտով, Հյուսիսկորեական ճգնաժամ, տարբեր հակամարտություններով ու սադրանքներով առավել թեժացած Մերձավոր (միջին) Արևելք, քրդական խնդիր և Անկախության հանրաքվե, Պարսից ծոցի ճգնաժամ և հակաիրանական զարգացումներ, ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ռազմական հաջողություն, որի քաղաքական ամրագրումը, ցավոք, եկող տարվան մնաց, մեծ սպորտի վերջնական քաղաքականացում, ահագնացող միգրացիա/գլոբալացում. այնպիսի տպավորություն է, որ անցնող տարվա բոլոր բախտորոշ իրադարձությունների թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կլցնի՝ անհնար դարձնելով ամփոփում ասվածը:

Բայց եթե, այնուամենայնիվ, փորձենք ընդհանրացումների գնալ՝ պիտի նշենք, որ անցած տարին, 1–ին հերթին, ամբողջովին փակեց նախաինտերնետային դարաշրջանը՝ սեղմելով տարածությունն ու աշխարհի ուզածդ կետը մի վայրկյանում քեզ հասանելի դարձնելով: Այս հանգամանքը մի կողմից՝ սարսափեցնող էր, որովհետև մոլորակը մի բուռ էր դարձրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մյուս կողմից՝ հուսադրող, որովհետև մեդիան/քաղաքական էլիտաները, նախկինի նմանությամբ, չեն կարողանում մեզնից թաքցնել իրական աշխարհն ու տիրաժավորվող ստերի տիրութում կողմնորոշվելը (միտումնավոր չենք ասում՝ ճշմարտության, որովհետև ստի հաստատումը դեռ ճշմարտություն իմացությունը չէ):

Հաջորդ կարևոր փաստը, որ անհրաժեշտ է դիտարկել՝ այն հակասությունն է, որ ընկած է գլոբալացվող աշխարհի և առանձին ինքնությունների փնտրտուքի, նաև՝ ազգային պետությունների վերաիմաստավորման միջև: Այս առումով, իհարկե, մի կողմից՝ կարևոր էին Թուրքիայում ծավալված զարգացումները (ոմանք դա Էրդողանի սուլթանության ժամանակներ անվանեցին և չսխալվեցին, բայց պրոցեսների հիմքում, ինչպես օրերս արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը հրաշալիորեն նկատեց հարցազրույցներից մեկում, Թուրքիայի ինքնության փնտրտուքն էր և այն հենց այս պահին սուվերեն դարձնելու ձգտումը), մյուս կողմից՝ եվրոպական զարգացումները, որ դրսևորվեցին Կատալոնիայում՝ հերթական անգամ քննարկման առարկա դարձնելով եվրոպական զարգացման մոդելը (նաև՝ այն լքելու դժվարությունը, որ դրսևորվեց Brexit–յան քննությամբ):

Անցնող 2017 թ. նաև խիստ առարկայական դարձրեց բոլոր այն պնդումները, որոնց մենք ակադեմիական ձեռնարկներում էինք հանդիպում կամ դավադրության տեսություններում: Խոսքը գլոբալացվող աշխարհում գլոբալ համակարգերի կառավարման կամ նման պրոյեկտների առաջքաշմանն է վերաբերում: Տևական մի ժամանակահատված գլոբալ կառավարման համաշխարհային դերակատարումը մարդկությունն ԱՄՆ–ին էր վստահել:

Եվ ահա 2017–ը եկավ ապացուցելու, որ Նահանգները ոչ միայն զրկվել են այդ մենաշնորհից, այլև մրցակցության դաշտում են հայտնվել Ռուսական աշխարհի, Չինական ուղու, այսպես կոչված, «անմարշալ» Եվրոպայի Միացյալ Նահանգների, Իրանական/շիական, Արաբական/սունիական, Իսլամական/թուրքական և բազում այլ հավակնոտ պրոյեկտների առջև, որոնցից առնվազն երեքը՝ ռուսականը, չինականն ու իրանականը, արդեն իսկ մեծ մարտահրավեր են դիտարկվում ԱՄՆ–ի կողմից:

Դուք, իհարկե, կարող եք հակադարձել, թե՝ Իրանն, օրինակ, երբեք գլոբալ ամբիցիաներ չի ունեցել և բավարվել է տարածաշրջանային ծրագրերով, բայց հենց այդտեղ էլ կսխալվեք, որովհետև գլոբալացվող աշխարհում առանձին տարածաշրջաններ չեն լինում և չկան: Այն էլ՝ Մերձավոր Արևելքի դեպքում, որն իր նախկին աշխարհագրական իմաստով այլևս չի էլ գործածվում: Հաջորդ տարին, ուրեմն, համոզված ենք, բավական դրամատիկ զարգացումներ կարձանագրի այս համատեքստում, որովհետև ԱՄՆ ներկայի վարչակազմը ամեն գնով է ջանում ոչ միայն ռևանշի հասնել, այլև America the first պնդումը ողջ աշխարհի լոզունգը դարձնել:

Մյուս կարևոր իրողությունը, որով նշանավորվեց 2017–ը, նավթի դարաշրջանի վերջնական ավարտն էր: Ցավալի մի իրողություն հատկապես ՕՊԵԿ–ի հսկաների և Միջերկրածովյան ՆԱՏՕ–ականների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի համար, որոնք, ամերիկա–բրիտանական օգնությամբ, ավերակեցին նավթի գլոբալ արտահանման ենթակառուցվածքների կարևոր հանգույցը վերահսկող քադաֆիական Լիբիան՝ անցնող տարում կանգնելով թե՛ նավթի դարաշարջանի ավարտի, թե՛ ենթակառուցվածքային հանգույցներում ահաբեկչության խորացման, թե՛ Աֆրիկյան բաց դռների առջև (նկատի ունենք չվերահսկվող միգրացիան, որի բնական պատնեշն էր Քադաֆիի Լիբիան):

Այստեղ, իհարկե, տեղին կլիներ խոսել նաև Միգրացիոն համաձայնագրի և Փարիզի բնակլիմայական պայմանագրերի մասին, որոնք երկուսն էլ ԱՄՆ–ը չեղարկեց՝ ցնցակաթվածի հասցնելով միջազգային հանրությանն ու հատկապես Եվրոպային (նաև՝ ՆԱՏՕ–ի, ՄԱԿ–ի, ԵՄ–ի, ընդհանրապես միջազգային կառույցների նկատմամբ ամերիկյան փոփոխված վերաբերմունքի ու նոր աշխատակարգի մասին):

Բայց քանի որ էջի ծավալը մեզ նման հնարավորություն չի ընձեռում, գանք մի վերջին ընդգծման, որ վերաբերում է Կորեական խնդրին ու Սառը պատերազմի տրամաբանությամբ միջուկային սպառազինությանը, որով ԱՄՆ–ն է առաջնորդվում: 1–ին մասով, շատ հնարավոր է, 2018–ը մեզ տհաճ անակնկալ մատուցի՝ Փխենյանին հասցվելիք հարվածների տեսքով, ինչն անդառնալիորեն կփոխի ողջ աշխարհը: Ինչ վերաբերում է 2–ին՝ սա արդեն վախճանաբանական երանգ է ստանում՝ հաշվի առնելով ՌԴ–ում Պուտինի պարտադիր վերընտրությունն ու բոլոր այն քայլերը, որոնք, անշուշտ, կարվեն՝ ի պատասխան Վաշինգտոնի ագրեսիվ ռազմավարության:

Այնպես որ՝ 2017–ին փոփոխությունները շատ էին, սպասումները՝ նույնպես, բայց ոչ միշտ՝ դրական արդյունքով: Հետևաբար, մաղթենք, որ 2018–ն առավել խոհեմ դարձնի համաշխարհային էլիտային և առավել երջանիկ՝ ողջ մարդկությանն ու հատկապես Հայաստանին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելիներս: Թող Հայաստան աշխարհում և բոլորիդ ընտանիքներում՝ խաղաղություն և ուրախություն տիրեն:

 

Պատրաստեց՝ Գոհար Սիմոնյանը

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal