Ադրբեջանի նախագահի 13 թեկնածություններից ԿԸՀ-ն դեռևս հաստատել է 5-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինչ օրս Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել նախագահի 13 թեկնածուի փաստաթղթեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է past.am-ը, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է «ԱՊԱ» գործակալության հետ զրույցի ժամանակ:
Ադրբեջանի ԿԸՀ նախագահի փոխանցմամբ` հանձնաժողովը դեռևս 5 անձի թեկնածություն է հաստատել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018 թ. ապրիլի 11-ին:
Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը համապատասխանում է երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու: