Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժել է 8 մարդ. զոհեր չկան
SOCIETYՀյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 8 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Զոհեր չկան։ Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածներն են Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովաը (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:
Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունը միտումնավոր չէ, այս կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։
«Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ, որովհետեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներն աշխատում են, եւ նախնական տվյալների համաձայն՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, նաեւ ինչը ակնհայտ է ներսում, եւ նույնը ականատեսներն են վկայում, բայց դրանք նախնական տվյալներն են: Կան վիրավորներ, ովքեր այս պահին բուժօգնություն են ստանում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ պայթյունի հետեւանքով եղել են բեկորային մասնիկներ, որոնցից եւ մարդիկ վնասվածքներ ստացել են:
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան գործողությունները շարունակում են: Նա հորդորեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, հանրությունը պարբերաբար կտեղեկացվի դեպքի մանրամասներին: