Արձանագրվել են դժվարություններ` պայմանավորված ցանցի գերծանրաբեռնվածությամբ. «ՎիվաՍել»-ի պարզաբանումը
SOCIETYԱպրիլի 16-ին Past.am-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» կապի ծառայությունից օգտվող քաղաքացիներից կապի խափանման վերաբերյալ ահազանգեր էր ստացել: Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք, որ ցանցի ներսում կամ դժվարությամբ կամ ընդհանրապես չի հաջողվել կապ հաստատել: Ահազանգողները միտում էին տեսնում և խափանումը կապում Երևան քաղաքում տեղի ունեցող ցույցերի և ակցիաների հետ: Քաղաքացիներից ստացած ահազանգերի վերաբերյալ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ հանրային կապերի բաժնից նույն օրը փորձել էինք պարզաբանում ստանալ: Մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խափանումը, ո՞րն է ընկերության պարզաբանումը:
Ընկերության հանրային կապերի բաժնից ապրիլի 17-ին արձագանքել են մեր գրավոր հարցմանը: Ի պատասխան՝ հայտնել են. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 16-ի առավոտյան Երևանի կենտրոնի առանձին հատվածներում բջջային կապի ձայնային ծառայություններից օգտվելիս արձանագրվել են դժվարություններ` պայմանավորված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի գերծանրաբեռնվածությամբ։ Ներկա դրությամբ ցանցը գործում է բնականոն ռեժիմով»:
Հավելենք, որ ահազանգողները խափանումը կապում էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ձևավորված «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների շրջանակներում իրականցվող քայլերի հետ:
Աննա Բադալյան