Իշխանությունների նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոփոխվում են
АНАЛИТИКАԱյս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։ Դրա համար բավական է դուրս գալ ֆեյսբուքի ֆեյքապատումներից: Թեպետ սոցցանցերում ևս վիճակը մխիթարական չէ, ու ֆեյքերն էլ չեն օգնում:
Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին: Իսկ մի քանի «մշտական» սատելիտների հոգնեցնող ստատուսները հակառակ էֆեկտն են տալիս: Այնինչ ընդամենը մեկուկես տարի առաջ հակառակ պատկերն էր:
Խնդիրն այն է, որ քաղաքացիները բազմաթիվ ակնկալիքներ ունեին Փաշինյանի իշխանությունից, ինչն իրականություն չի դարձել։
Բնակչության սոցիալական վիճակն ու կենսապայմանները Փաշինյանի կառավարման երկու տարվա ընթացքում այդպես էլ դրականորեն չեն փոխվել: Նույնիսկ ընդհակառակը: Երկու տարի շարունակ իշխանությունները տարփողում են «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգը, սակայն տնտեսության մեջ ոչ միայն թռիչքաձև, այլև ընդհանրապես զարգացում չկա։ Ընդ որում, խոսքը նախակորոնավիրուսային շրջանի մասին է:
Իսկ ահա այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին։ Ելնելով ընթացիկ զարգացումներից՝ պարզ է դառնում, որ այսպիսի իրավիճակը երկար է տևելու։
Եվ պատահական չէ, որ երկու ամիս տևած կարանտինային ռեժիմը ոչ արդյունավետ օգտագործվեց ու համավարակը ինտենսիվորեն տարածվում է՝ պետության համար ստեղծելով նորանոր խնդիրներ։ Ուստի այս պայմաններում բնական է, որ իշխանությունների հանրային վստահության մակարդակը պետք է նվազեր։
Ու ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրային վստահությունը փոփոխական կատեգորիա է։ Եվ եթե մի քաղաքական ուժի հաջողվում է ընտրությունների ժամանակ ստանալ բնակչության մեծամասնության վստահության քվեն, ապա դա չի նշանակում, որ այդ վստահության մակարդակը միշտ պահպանվելու է։
Փորձը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշը նվազելու միտում ունի, որը տեսանելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր խոստումները, զարգացնել երկրի տնտեսությունը և բավարարել հանրության ակնկալիքները։
Եվ քանի որ Փաշինյանի կառավարությունը ճգնաժամային կառավարման գործում չի կարողանում հաջողությունների հասնել, ապա կտրուկ փոխվում են հանրային ընկալումները վերջինիս նկատմամբ։
Ու այն մարդիկ, որոնք 2018 թ.-ի իշխանափոխության օրերին անվերապահորեն սատարում էին Նիկոլ Փաշինյանին և «դուխով» նկարներ տարածում սոցցանցերի իրենց էջերում, հիմա սկսել են բողոքել, թե իշխող ուժը զուրկ է մասնագիտական բարձր որակներից, ի վիճակի չէ երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից և այլն։
Իսկ իշխանություններին ամենից շատ մտահոգում է սեփական վարկանիշի կորուստը, և հանրության շրջանում իրենց վստահության մակարդակը պահելու համար նրանք առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով՝ փորձելով իրենց քաղաքականությունը ներկայացնել ավելի ժողովրդահաճո, քան մյուս քաղաքական ուժերինը, ու հասարակությունը շերտավորել յուրայինների ու... թշնամիների։
Թեպետ, եթե անկեղծ լինենք, ապա այդ տրամաբանությամբ «յուրային» էլ չի մնացել, քանզի Փաշինյանին մեծապես «հաջողվել» է թշնամանալ բոլորի հետ, բացառությամբ իր փոքր «թիմի»:
Եվ հետաքրքրականն այն է, որ իշխանությունները քաղաքական դաշտում այնպես են դիրքավորվում, կարծես թե իրենցից ավելի նախընտրելի այլընտրանք գոյություն չունի։
Ու սրա համար նրանք սևացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հանրությանը սպառնում, որ եթե իրենք գնան իշխանությունից, ապա կգան նախկինները։
Իշխանությունների այս տակտիկան կարճ ժամանակահատված որոշ չափով աշխատել է, բայց երկարաժամկետ կտրվածքով չի կարող աշխատել, ինչի վկայությունն է վերջիններիս նկատմամբ հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ