Չարիքի լեզուն. ռացիոնալ քաղաքականության դեֆիցիտ
АНАЛИТИКА«Զոնտիկ բռնող, պալտո պահող» թեման, իհարկե, տհաճ է: Շատերը բողոքում են, որ պետք չէ կարևոր թեմաները թողած՝ մանրուքներից խոսել: Պնդողների մեջ են նաև իշխանությունները: Բայց իշխանություններն ինչքան էլ պնդեն, բավական մեծ հաճույքով արձագանքում, հակադարձում են նման թեմաներին: Արդյունքում պարբերաբար հայտնվող նմանատիպ թեմաները դառնում են հանրային քաղաքական քննարկման առարկա: Սա նոր երևույթ չէ: Ավելին՝ նախկին իշխանությունները նմանատիպ քննարկումներ սադրում էին միտումնավոր, իրենց դեմ քննադատական բովանդակությունը ապաքաղաքականացնելու, բացառապես գեղագիտական դաշտ տեղափոխելու համար: Արդյո՞ք նույն ճանապարով են գնում նոր իշխանությունները. դժվար է ասել: Դատելով նմանատիպ թեմաներն ակտիվացնողների շրջանակից՝ դժվար թե: Բայց առնվազն դեմ չեն, որ իրենց քննադատեն նման հարցերով, նման ոճով: Իհարկե, որպեսզի չմատնեն, որ իրենց ձեռնտու է նման ոճը, պարբերաբար հայտարարում են, թե լուրջ կառուցողական քննադատություն չկա: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ լուրջ կառուցողական քննադատություն քիչ քանակությամբ, բայց կա, ուղղակի լսող, արձագանքող ու պատասխանող չկա, ու սա ցանկության հարց չէ բնավ, այլ կոմպետենտության:
Բայց, մեծ հաշվով, իշխանությունն ու իշխանությանը «զոնտիկ բռնող, պալտո պահող» թեմաներով քննադատողները հետաքրքիր են երկրորդ հերթին: Առաջին հերթին մտահոգիչ է այլ բան: Մեր ակտիվ հասարակական շրջանակները, դիսկուրս կամ հանրային կարծիք ձևավորողները, որոշ բացառություններով, հիմնականում նախընտրւմ են հենց այդ ոճը, որովհետև հեշտ է ու լսարան ունեցող: Ավելին՝ այդ ոճը Հայաստանում արդյունավետ է, այդ ոճով աշխատելով՝ մարդիկ իշխանության են եկել, ու արդյունքում այդ ոճը դարձել է էտալոն, հաջողված տարբերակ: Շատ դժվար է դրա հաջողումից հետո լայն մասսաներին ու նրանց ուղղորդելու հավակնող նեղ խմբերին բացատրել, որ պետք է հրաժարվել այդ ոճից, երբ բոլորի աչքի առաջ կա հաջողված օրինակ: Մի կողմից այդ տարբերակով գնալը հեշտ է, ռեսուրսներ, հատկապես գիտելիք չի պահանջում, մեկ այլ կողմից կա պատմական հաջողակ փորձ, որ այդ ոճով գնալու դեպքում կարելի է և գալ իշխանության:
Ամեն ինչ կարծես թե արդար է զուտ մարդկային տեսանկյունից՝ «փոս փորողն ընկել է իր փոսը», կամ՝ « հնձում են այն, ինչ ցանել են», բումերանգի էֆեկտ և այլն: Բայց գործ ունենք ոչ թե երկու մարդկանց անձնական փոխհարաբերության կամ կյանքի բազմաշերտությունն ու ճակատագրի հեգնանքը բացատրող գեղարվեստական գրականության, այլ երկրի ու քաղաքականության հետ, որն այս ոճի պատճառով հայտնվել է փակ ցիկլում: Քաղաքական մրցակիցները դիտվում են որպես թշնամի, որոնց պետք է վերացնել, իսկ թշնամուն վերացնելու լեզու ընտրվում է ծաղրը, հեգնանքը, էժանագին բողոքը, ծայրահեղ դեմոնիզացիան: Ընդդիմությունն ի պաշտոնե ունի առավելություն այս խաղում, որովհետև իրեն կարող է թույլ տալ ավելի շատ բան, քան իշխանությունը, որն ի պաշտոնե համ դիստանցված է, համ էլ ունի խոսքի սահմանափակումներ: Պահի իշխանություններին ինչ– որ պահից կարող է թվալ, թե այս ապաքաղաքական ոճը իրենց ձեռնտու է, ավելին՝ կարող են սկսել նման ոճային դրսևորումներ սադրել միտումնավոր: Իրականում, սակայն, ապաքաղաքական այս տրամաբանության մեջ դելեգիտիմացվում է հնարավոր ամեն ինչ, վերջարդյունքում՝ նաև քաղաքական համակարգն ընդհանրապես:
Մտայնությունը, թե անլուրջ թեմաներով քննադատությունն անվնաս է, կործանեց նախորդ իշխանությանը: Անլուրջ թեմաներով իռացիոնալ քննադատությունը ամբողջովին ապալեգիտիմացրեց, նույնիսկ ապամարդկայնացրեց նախորդ համակարգը՝ այն նույնացնելով չարիքի հետ: Քաղաքական ռացիոնալ քննադատության դեպքում ցանկացած իշխանություն ամենավատ սցենարի դեպքում կարող է ճանաչվել պարզապես անարդյունավետ ու գնալ իմպիչմենթի: Նույն վտանգը կա նաև այսօր, եթե իշխանությունները չդադարեն հաճույքով մնալ այդ լեզվի ու տրամաբանության շրջանակներում:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ