Ջերարդ. «Չելսիին» պարտվելուց հետո ինքնասպանության մասին եմ մտածել
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը վերհիշել է 2013-2014 թվականների մրցաշրջանի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունը բաց թողնելուց հետո իր ապրումները: «Չելսիի» հետ խաղում Ջերարդի սխալի պատճառով «Լիվերպուլը» պարտություն էր կրել:
«Խաղից հետո ես նստեցի ավտոմեքենայի հետեւի նստարանին, իսկ արցունքները գետի նման հոսում էին դեմքիս: Թվում էր, թե հարյուր տարի չեմ արտասվել, բայց այդ պահին չէի կարողանում զսպել ինձ: Այդ իրավիճակը պարզապես սպանում էր ինձ: Կարծես՝ ամբողջ ընտանիքս կորցրած լինեի: Այդքան տեւական ժամանակ երազել էի «Լիվերպուլի» հետ չեմպիոնության մասին, իսկ իմ երազանքը դարձյալ բաց թողեցի:
Այդ օրն ամբողջ ստադիոնը երգում էր You'll Never Walk Alone-ը, բայց ես ինձ զգացի իսկապես միայնակ: Հույսը կորցրել էի, նույնիսկ ինքնասպանության մտքեր եմ ունեցել»,- Ջերարդի խոսքը մեջբերում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»: