Մոուրինյու. Անգլիայում միայն մեկ մարզիչ ճնշման չի ենթարկվում
ՍՊՈՐՏ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում միայն մեկ մարզիչ կա, ով չի ենթարկվում ճնշման: Պորտուգալացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, ակնարկել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
-Կարծում եմ՝ այս առաջնությունում միայն մեկ մարզիչ ճնշման չի ենթարկվում: Սթիվ Մակլարենը ճնշման է ենթարկվում, ես ճնշման եմ ենթարկվում, Բրենդան Ռոջերսը և Մանուել Պելեգրինին՝ ևս: Մենք իրավունք չունենք պարտվելու, չարդարացնելու ակնկալիքները, չհասնելու մեր նպատակներին: Ես հասկանում եմ այս մարզիչներին, նրանք էլ ինձ են հասկանում, քանի որ մենք շատ բարդ աշխատանք ունենք: Միայն մեկ մարզիչ ինչ-որ պատճառով այս ցանկում չէ: Ինչ արած...
Նա կարող է մրցավարների մասին խոսել և՛ խաղերից առաջ, և՛ հետո: Նա կարող է տեխնիկական գոտում հրել մարդկանց, երկար դժգոհել և դրա համար չպատժվել: Նա կարող է ոչնչի չհասնել, բայց չկորցնել աշխատանքը և մնալ թագավոր,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից: