30 տարիների ընթացքում մի քանի կյանք եմ ապրել. Սիրուշո
ՖՈՏՈNewmag.am-ը գրում է.
Սիրուշոն հայկական էստրադայի արքայադուստրն էր՝ աստղային ընտանիքից սահուն անցնելով նախագահական ընտանիք: Այդ պատճառով դեռ երիտասարդ տարիքից նա սովոր է տալ հարցազրույցներ, ուշադիր լինել խոսքի հանդեպ, զգուշավոր՝ արտահայտություններում և միշտ փակ՝ անձնական հարցերում: Քաղաքականապես կոռեկտ է միշտ, դիվանագիտորեն է պատասխանում: Ոմանց նա կարող է նույնիսկ ձանձրալի թվալ, բայց մյուս կողմից՝ Սիրուշոն իր և իր շրջապատի օրինակով գիտի աստղային երկարակեցության գաղտնիքը՝ սակավախոսությունը: Լռել կարողացող աստղերի մասին սովորաբար ավելի շատ տարածվում են միֆեր ու ասեկոսեներ, քան փաստեր: Միֆերը երբեմն ցնդում են, ասեկոսեները՝ հերքվում կամ անտեսվում:
Արտակ – Հեռուստալրագրության մեջ կա էսպիսի մի կանոն: Երբ «Արմնյուզի» ղեկավարն էի, մենք գիտեինք, որ սեքս, օրենքով գողեր և սպանություն դնելը ռեյտինգ էր բերելու: Նույնիսկ պետք չէր քննարկել: Մաթեմատիկական ճշգրտությամբ է գործում: Ես վստահ եմ, որ Դուք գիտեք՝ ինչ երգել, որպեսզի այն երկու րոպեում դառնա ռեստորանային հիթ: Եվ, ի տարբերություն մյուսների, Դուք ունեք դա ավելի որակյալ կատարելու և ավելի ճիշտ թիրախին խփելու ռեսուրս: Ինչո՞ւ չեք անում:
Սիրուշո – Շատ լավ ասացիք. երկու րոպեում՝ հիթ: Ավելի լավ է՝ տասը րոպեում դառնա, բայց թող դառնա և լինի գուցե ավելի մնայուն, քան եթե ես ինքս ինձ դեմ գնամ: Յուրաքանչյուրս ունենք սկզբունքներ: Ինձ համար կան երաժշտության տեսակներ, որոնք կատարելն իմ սկզբունքներին դեմ է: Այդ եղանակով կարելի է ամեն ինչ արդարացնել:
Արտակ – Ձեր կոլեգաները բացատրում են շատ պարզ. որպեսզի ապրեն: Որպեսզի իրենց հրավիրեն հասանիքների, որպեսզի երգեն և փող վաստակեն:
Սիրուշո – Ես իմ փորձով դրա ապացույցն եմ: Կարելի է չստեղծել նման երաժշտություն և գումար վաստակել: Ես դա անում եմ:
Արտակ – Բայց դրա հետ անում եք դուետ Հարութ Փամբուկչյանի հետ:
Սիրուշո – Փոքր տարիքից սիրում եմ Հարութ Փամբուկչյանին: Երկու տարի անցկացրել եմ Կանադայում, շատ եմ եղել Սփյուռքում համերգներով: Այն երգերը, որոնք այդքան հայերի միավորել են, մեծ նշանակություն են ունեցել իմ ձևավորման գործում: Կապ չունի, թե այստեղ ինչպես են ընկալում:
Արտակ – Հարցս. ինչո՞ւ որոշեցիք:
Սիրուշո – Որովհետև նա իր մեծ ավանդն ունի հայկական երգարվեստում: Գիտե՞ք ինչ տեսակի ավանդ: Դա ուրիշ մի բան է, ասոցիացվում է լավ պահերի հետ, տխուր պահերի հետ: Նա մարդու կյանքի մեջ է մտել իր երգերով, ոչ թե հայկական մշակույթը ներկայացնելով: Չէ՛, դրանք տարբեր են, ամեն մեկը երևի իր միսիան ունի այս ոլորտում: Իրենը մարդկանց կյանքի ճիշտ պահին ընկեր լինելն էր:
Արտակ – Ի՞նչով եք բացատրում ռաբիսի պոպուլյարությունը: Ինչո՞վ եք դա բացատրում որպես երաժիշտ: Հարցնում եմ մի մարդու, որը դա տարածողներից է: Ձեր մեղքերի մեջ է նաև մասնակցությունը մի ռաբիս հեռուստաալիքի տոնական համերգին: Ամբողջ քաղաքը դա էր լսում, և Դուք մեղսակից եք:
Սիրուշո – Ինձ թվում է՝ այդ հաղորդումն իմ շուրջ էլ կառուցվեց: Էդ ժամանակ 16 թե 17 տարեկան էի: Հումորային հաղորդում էր: Այն ժամանակ այդ հաղորդումները հումորային էին կոչվում: Շոու բիզնես չէր, այլ հումորային էր: Իսկ այսօր մարդիկ դա լրջորեն են ընդունում: Հյուրախաղերի ժամանակ մենք երգիչներով զվարճացնում էինք, կարողանում էինք երգել, ես կարողանում էի երգել դրանք: Հետո դա վերածվեց մի հումորային հաղորդման, որը կազմակերպել էին КВН-ի տղաները:
Արտակ – Դե՛, КВН-ի տղաները փորձեցին «Մեր բակով» ծաղրել ռաբիսներին, բայց «Ես լա՜վ տղա եմ»-ը դարձավ սոցիալական վարքագիծ:
Սիրուշո – Այդ հարցերն իմը չեն, և ես ընդհանրապես չգիտեմ՝ ռաբիսն իրականում որն է: Որն է ռաբիս, որը ռաբիս չէ: Երևի կա անորակ երաժշտություն և որակյալ երաժշտություն:
Ալիսա – Հաջորդ քայլը ի՞նչ է:
Սիրուշո – Դա ինձ համար ավելի կարևոր է: Հետոն: Ա՛յ, հիմա ավելի անհամբեր սպասում եմ այդ հետոյին: Ես ինքս չգիտեմ, թե ինչպես է հնչելու: Գլխումս ամբողջը կա, ուղղակի դա պետք է վերածել նոտաների, պատկերների: Ես ինքս անհամբեր եմ, թե երբ եմ լսելու այն, ինչ իմ գլխում կա:
Արտակ – Իմ տղան և աղջիկը քնում են «Մութն ընկել է, ուշ է արդեն» երգի տակ՝ Ձեր կատարումով: Ձե՞ր երեխաներն ինչ երգի տակ են քնում:
Սիրուշո – Տարօրինակ է, բայց իմ երեխաները չեն քնում որևէ երգի տակ: Փորձել եմ այնպես անել, որ իրենք իրենց քնեն:
Արտակ – Կենդանի կատարմամբ են երևի քնում:
Սիրուշո – Հենց դա է. միշտ կատակում են, որ տանը երևի երգող չկա, որ երգի տակ չեն քնում: Բայց ես ուղղակի փորձել եմ սովորեցնել, որ առանց որևէ երգ-երաժշտության քնեն: Շատ պարզ պատասխան:
Արտակ – Ձեր երեխաները երաժշտական լսողություն ունե՞ն: Ստուգե՞լ եք, թե՞ դեռ շուտ է:
Սիրուշո – Փոքրս 5 ամսական է, չգիտեմ, մեծս՝ ո՛չ: Երգելու, կատարելու առումով՝ ո՛չ: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի:
Արտակ – Ընդհանրապես մայրերի ու դուստրերի հարաբերություններն այլ որակ են ստանում, երբ դուստրը մայր է դառնում: Ձեր և Ձեր մայրիկի հարաբերությունները փոխվե՞լ են: Ասում են, որ սկսում են ավելի մտերիմ լինել, մի փոքր այլ աշխարհընկալմամբ:
Սիրուշո – Չեմ նկատել: Մորս միշտ գնահատել եմ, որովհետև նրբազգաց երեխա եմ եղել և կարողացել եմ տեսնել մորս աշխատանքը, այն, թե նա ինչպես է կարողացել լինել սիրելի և պահանջված երգչուհի, աշխատել է շատ, բայց միևնույն ժամանակ ես չեմ զգացել նրա բացակայությունը: Նա միշտ եղել է, կարողացել է նաև շատերի մասին հոգ տանել: Եվ դա միշտ եմ գնահատել և ինքս էլ ուզել եմ լինել այդպիսի մարդ:
Արտակ – Կա՞ մի բան, որ արել են Ձեր ծնողները, և Դուք որոշել եք դա չանել Ձեր երեխաների նկատմամբ:
Սիրուշո – Կան, բայց կենցաղային հարցեր են:
Արտակ – Այսինքն՝ չպարտադրել ուտել, չբղավել… Ասե՞լ եք՝ մա՛մ, ինձ էսպես եք դաստիարակել, բայց ես այլ եմ դաստիարակում:
Սիրուշո – Կան, բնականաբար, կան: Դա ավելի երեխայի ինքնուրույնության հետ է կապված: Թեև իմ ծնողներն էլ ինձ ինքնուրույն են մեծացրել: Շատ փոքր տարիքում մենակ գնացել եմ հյուրախաղերի, շատ մեծ պատասխանատվություն են վրաս դրել: Հայրս այնպես է արել, որ ես չզգամ, որ եթե աղջիկ եմ, ուրեմն գուցե չկարողանամ դա անել:
Արտակ – Հանուն արդարության պետք է ասել, որ շոու բիզնեսում Դուք բոլորի «պուճուրն էիք», Ձեզ սիրում էին, փորձում էին ուշադիր լինել Ձեր հանդեպ: Ձեզ չեն թողել բախտի քմահաճույքին: Ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ օդակայանում Վարդուհի Վարդանյանը անձնագրայինի մոտ Ձեզ համար կռիվ էր տալիս, աղմուկ էր բարձրացրել, Ձեզ գրկած տանում էր:
Սիրուշո – Չեմ հիշում, բայց հնարավոր է: Մինչև հիմա իրենց այդ վարքը չի փոխվել, իմն էլ՝ իրենց հանդեպ: Իրենց հոգատարությունը, իմ հարգանքն ու փոխադարձ հոգատարությունը կա ու միշտ էլ կլինի: Այնպես է ստացվել, որ ես այդ սերնդի մեջ բոլորից փոքր եմ: Ու չգիտեմ՝ ես ո՛ր սերնդի մեջ եմ, ո՛ր սերընդից եմ համարվում: Իմ հասակակիցները բոլորովին այլ սերունդ են:
Արտակ – Ես այսօր մի քանի հոգու հարցրի. գիտե՞ք՝ Սիրուշոն քանի տարեկան է: Ոչ ոք չասաց Ձեր ճշգրիտ տարիքը:
Սիրուշո – Ի՞նչ ասացին:
Արտակ – Դե՛, Ձեզ համարում են ավելի մեծ: Շուշան Պետրոսյանի, Վարդուհու, Անդրեի սերնդակիցը: Դուք չեք ընկալվում որպես նոր սերունդ:
Սիրուշո – Բայց նոր սերնդի մեջ ինձնից մեծ մարդիկ կան:
Արտակ – Երբ շուտ ես սկսում, մտավախություն կա, որ շուտ էլ կավարտես: Այդպե՞ս է:
Սիրուշո – Չէ՛, ես այդ մտահոգությունը չունեմ: Հիթ ունենալու, ինչ-որ մրցակցության մեջ մնալու հարցում մտահոգ չեմ: Բնավորությամբ էդպիսին չեմ: Լավ է, որ սպորտում չեմ: Երբ խոսում եմ մարզիկ ընկերներիս հետ, ընդհանուր շատ բաներ ունենք, բայց ես սպորտի մեջ չեմ կարող լինել զուտ մրցակցության չձգտելու պատճառով: Ինձ վրա հակառակ էֆեկտն է ունենում: Հերիք է՝ ինձ դնեք մրցակցության մեջ, և ես ինձ չեմ արդարացնի: Ես ինտրովերտ եմ, ես ինքս իմ մեջ պիտի փակվեմ, ստեղծագործեմ, անեմ գործս ու շատ վախով էլ հանձնեմ հանդիսատեսին: Հասկանում եմ, որ հիմա այնքա՜ն հեշտ է դարձել երաժշտություն ստեղծելը՝ դրա հետ առանձնապես կապվածություն էլ չունենալով: Ստեղծում են ինչ-որ բան, որի վրա աշխատանք էլ չի կատարված նորմալ, դնում ինտերնետ, հետո որոշ մարդիկ կարծիքներ են գրում, բայց այլ բան է այն, ինչը ստեղծում ենք մենք ու մեր թիմը: Սկսվում է մի հարվածային գործիքից, միանում է մյուսը, հետո՝ մյուսը, որից հետո՝ գաղափարը, աշխարհայացքը, էմոցիաները: Ա՛յ, երբ էդ ամեն ինչը դնում ես մի բանի մեջ, ճնշումս սկսում է տատանվել, երբ վերջացնում եմ երգը: Տարվում եմ այն աստիճան, որ սկսում եմ անհանգստանալ: Ամբողջովին այլ պրոցես է, տարբեր է: Դրանից հետո, երբ հանձնում ես աշխատանքդ, շատ ավելի զգույշ ես, շատ ավելի խոցելի ես լինում: Ու իսկապես գնահատում ու շնորհակալ ես լինում, երբ դրական, բայց տեղին կարծիք են հայտնում: Այսօր 14 տարեկանն էլ կարող է մի որևէ տեղ մի բացասական կարծիք գրել: Թերթերն էլ կտարածեն, որպես թե մեկը մի կարծիք հայտնեց: Բայց դա կարող է քո ամբողջ աշխատանքը ստվերել: Ա՛յ, էդ անարդարությունը կա: Դրա համար փորձում ես անել քոնը ու հուսալ, որ կգտնվի քոնը և ճիշտ կգնահատի: Դրա համար էլ չեմ ուզում բոլորին գոհացնել:
Արտակ – Ինչո՞ւ ալբոմը չստեղծեցիք միջազգային: Կար մի ժամանակ, երբ ստեղծում էիք միջազգային դուետներ, բավականաչափ հաջող ու նաև անգլալեզու երգեր, որոնք մրցունակ էին միջազգային շուկաներում: Ավելի տրամաբանական կլիներ հենց այդ գիծը շարունակելը: Մինչդեռ Փարիզով, Լոնդոնով, Լոս Անջելեսով եկաք Երևան:
Սիրուշո – Իրականում հիմա դա զուգահեռ արվում է: Կան երգեր, որ դեռ լույս չեն տեսել, բայց ավելի մեծ շուկայի համար են: Երևի ավելի խելացի կլիներ անել հենց այդպիսի ծրագիր, բայց չկարողացա ինձ զսպել և արեցի սա: Սա ինձ ավելի էր հուզում:
Արտակ – Եթե հաշվի առնենք, որ հղի ժամանակ եք ստեղծագործել… Ասում են, որ հղի ժամանակ կանայք ավելի զգայուն են լինում:
Սիրուշո – Դե՛, զգայունությունս հենց այդ կերպ էլ արտահայտվեց: Ոչ թե ավելի օրորոցային և փափուկ, այլ ավելի պաշտպանողական:
Արտակ – Դուք ավելի շատ երևանյան աղջիկ եք: Մենք գիտենք՝ ովքեր են Ձեր ծնողները, պապերը որտեղից են եկել: Մեծացել եք բոլորիս աչքի առջև: Բոլորը միշտ համոզված են եղել, որ Դուք միշտ Երևանում եք լինելու: Ինչո՞ւ որոշեցիք ծննդաբերել ԱՄՆ-ում:
Սիրուշո – Կարծում եք, որ բոլորը համոզվա՞ծ են: Կան մարդիկ, ովքեր նույնիսկ համոզված են, որ ես այստեղ չեմ ապրում: Չէի ուզում այդ շրջանում ուշադրության կենտրոնում լինել: Դա մի շրջան է, երբ չես կարող ուշադրության կենտրոնում չլինել: Այդ է պատճառը, որ երկրորդ երեխաս էլ ծնվեց Ֆրանսիայում: Այստեղ ո՛չ Ամերիկան է հարցը, ո՛չ էլ Ֆրանսիան: Ամերիկայում ես երկար ժամանակ եմ անցկացրել, ունեմ շատ ընկերներ, ընտանիք, շատ հարազատներ: Ինձ համար հարազատ մի վայր է:
Արտակ – Հիմա մոտենում է գլխավոր իրադարձությունը: Դուք մտնում եք 30-ի մեջ հունվարի 7-ին:
Սիրուշո – Դա կարևո՞ր իրադարձություն է:
Արտակ – Շատերի համար դա, իսկապես, մեծ իրադարձություն է: «Friends» սերիալում, երբ Ջոուին դառնում է 30 տարեկան, ասում է. «Why, God, why?»:
Սիրուշո – Փաստորեն Դուք էլ եք «Friends»-ի սիրահար:
Արտակ – Այո՛: Դուք գո՞հ եք այն կյանքից, որով ապրում եք: Գո՞հ եք անցնող 30 տարիներից:
Սիրուշո – Երբեմն ետ եմ նայում ու պարզում, որ շատ բաներ եմ հասցրել անել: Ինձ թվում է, որ մի քանի կյանք եմ ապրել : Ու ինչպե՞ս եմ հասցրել այդքանը անել: Բայց զգացում կա, որ ես կարող էի 10 անգամ ավելին անել: Տասը չէ, 100: Երևի այդ զգացումը բոլորն ունեն: 30 տարիների ընթացքում էնպիսի բաներ եմ արել, որ չեմ հիշում: Հիշողությունս էլ վատ է, սկսել եմ ավելի շատ բաներ մոռանալ, որովհետև շատ լի էր կյանքս և դեռ է՛: Որովհետև շատ վաղուց է սկսվել:
Արտակ – Ի՞նչ եք անելու առաջիկա 30 տարում:
Սիրուշո – Ոնց որ աշխատանքի հարցազրույց լինի. «Որտե՞ղ ես քեզ պատկերացնում 30 տարի հետո»: Ուզում եմ ստանալ ամբողջովին նոր հնչողություն, նոր որակ, դրանց կառուցման վրա եմ աշխատում: Փորձում եմ դա անել ու դեռ փնտրում եմ, անընդհատ փնտրելու եմ երևի, որովհետև անընդհատ ինչ-որ բան ես ստանում, ուզում ես կատարելագործել: Ա՛յ, էդտեղ մրցակցային ջիղ է արթնանում, որ ավելի լավն անեմ: Ընկերս՝ Արսեն Ջուլֆալակյանը (մեր լավ մարզիկը նաև իմ համակուրսեցին է), մի անգամ ասաց, որ իր մրցակիցներից մեկին մի անգամ պարտվել էր ու այն պատճառով, որ մինչև մրցումը կենտրոնացել էր մրցակցի վրա, այսինքն՝ որ նրան հաղթի: Այդ պատճառով պարտվել էր: Պետք է փորձես գերազանցել ինքդ քեզ, ոչ թե ֆիքսվես մրցակցիդ վրա: Ա՛յ, դա ինձ էլ է բնորոշ: Իրականում ամեն մարդու ստեղծածը մեկ հատ է: Պետք չէ դա դնել մրցակցության մեջ: