Ռոման Բերեզովսկին չի հավատում, որ հավաքականում կան կաշառված ֆուտբոլիստներ
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է եվրոպական և հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, թե Եվրո-2016-ի որակավորման փուլի Հայաստան – Ալբանիա հանդիպման ժամանակ կաշառվել են Հայաստանի թիմի 4 ֆուտբոլիստներ:
«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Լուրերը ստուգվելու կարիք ունեն: Չեմ կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Գուցե սերբական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել: Խնդիրը նրանում է, որ Ալբանիայի հաղթանակը և Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալը անընդունելի էր իրենց համար: Ես չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականում հնարավոր է ինչ-որ մեկին կաշառել»,- Բերեզովսկու խոսքերը մեջ է բերում ռուսական Sport-express կայքը:
Սերբական մի քանի ԶԼՄ-ներ և ալբանական լրատվամիջոցներ միմյանց հղում տալով, Ալբանիայի պատմական հաղթանակից և Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելուց հետո, արծարծում են թեմաներ, ըստ որի, Հայաստանի հավաքականի անդամներից ոմանք կաշառված են եղել: