Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գրականության տերը և ծառան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Դավիթ Գասպարյանը 70 տարեկան է: Անհնար է պատկերացնել ժամանակակից հայ գրական–քննադատական միտքը առանց նրա: Հատկապես՝ չարենցագիտությունը: Նա էր, որ գծեց ու հայ ժողովրդին պարզեց Չերենցի տեղը նրա կյանքում: Եվ ասաց, թե ով է Չարենցը նրա համար:

Գրականության և կյանքին վերաբերող իր խոհերը գրականագետը կիսում է մեզ հետ:

 

– Պարոն Գասպարյան, հիսուն և ավելի տարիներ հայ գրականության մեջ եք. ինչպե՞ս եք տեսնում այն: Առավել ևս՝ համեմատելով աշխարհի գրականությունների հետ:

– Տեսնում եմ այնպես, ինչպես կա: Անուններ են, մրցանակներ են, օտար լեզուներով թարգմանություններ են: Բայց որպես համաշխարհային գրականության մաս, որ պետք է մրցակցության մեջ լինի այլ գրականությունների հետ, չեմ տեսնում: Ասածս վերաբերվում է ժամանակակից գրականությանը, քանի որ դասական գրականության և դասական արժեքների հանդեպ ներկա վերաբերմունքն առանձնապես ոգևորիչ չէ: Այսօր շեշտն առավելապես դրվում է արդիականության վրա: Մեկ օրինակ բերեմ. երբ խորհրդային տարիներին Եղիշե Չարենցի 80 կամ 90–ամյակ էինք նշում, այդ հոբելյանը դառնում էր համաշխարհային երևույթ: Իսկ այժմ նրա 120–ամյակը նշում ենք միայն մենք, այն էլ՝ սեղմ շրջանակների մեջ:

 

– Մեր գրականությունը կարողանո՞ւմ է դուրս գալ ցեղասպանված ժողովրդի հոգեբանական բարդույթից և աշխարհին ուղղել ազատ, պարզ և առողջ հայացք:

– Իսկ ինչո՞ւ պետք է դուրս գա այդ բարդույթից, եթե այդպիսին է: Ընդհակառակը, ոչ թե դուրս է գալիս, այլ առավել խորանում է: Օտարագիր ողջ հայ գրականությունն այսօր թեքվել է դեպի ցեղասպանություն: Եվ հիշողության այս մարտահրավերը, բարձր գրականության միջոցով համաշխարհայնացվում է: Որովհետև նրանք որակապես բարձր գրողներ են, իրենց երկրներում հայտնի անուններ են: Ընդհանրապես, մենք մեր հիշողության այս լարն ամենևին չպետք է խզենք և օտարենք արդիականությունից:

 

– Նոր՝ ազատ և անկախ Հայաստանի գրական սերունդը կարողանո՞ւմ է ստեղծել իր գրականությունը կամ գոնե ոտքը դրե՞լ է իրեն հատկացված ճանապարհին:

– Անկախությունը պահանջում էր պատմական արժեքների վերանայում: Պահոցները բացվեցին, բայց 1980–1990–ական թթ. և հաջորդ տարիներին միայն ես դրանք ուսումնասիրեցի ու բացահայտումներ արեցի: Ներկայացրի Չարենցի, Բակունցի, Մահարու կենսագրությունները, գեղարվեստական, փաստական հսկայական նյութ վերհանեցի ու ներկայացրի հանրությանը:

Բայց այս ամենը մեկ մարդ չպետք է աներ, դրանով պետք է զբաղվեր ամբողջ մի ինստիտուտ: Պետք է ստեղծվեր առանձին կառույց՝ արժեքների վերանայման և գնահատման համար, այլ կերպ՝ հիշողության կենտրոն: Իսկ դա մենք չարեցինք: Մարդիկ նոր փաստերի չտիրապետեցին: Այդ իսկ պատճառով սովորույթի ուժով շարունակվեց նախկինը՝ խորհրդային կաղապարված մտածողությունը, և դա այն դեպքում, երբ դարաշրջան էր փոխվել և արդեն խոսքի ազատության ժամանակ էր:

Կամ գուցե մարդկանց ներքին ազատության չա՞փը հենց այդքան էր: Որովհետև խորհրդային վերջին տարիներին էլ ազատության վիթխարի չափաբաժին կար: Նայած մարդու մեջ դրված «շարժիչն» ինչպիսին է, դրանից էլ կախված, նա կա՛մ օգտագործում էր այդ չափաբաժինը, կա՛մ չէր օգտագործում:

 

– Մշտապես գրականության ուղեկիցը եղել է գրական քննադատությունը, բայց այսօր գրողները դժգոհում են քննադատների բացակայությունից կամ նրանց ոչ օբյեկտիվ մոտեցումից, որը մեծ հաշվով նույն բանն է: Ինչո՞ւ է խաթարվել գրող–գրական քննադատ կապը:

– Ձեր հարցադրումն ինքնին սխալ է: Քննադատությունը երբեք հավելված չի եղել, այն ինքնուրույն գրական–ստեղծագործական արժեք է:

Այսօրվա մեր գրողները փոխադարձաբար իրար են գովում կամ կպել են լրագրողներին ու նրանց դարձրել իրենց քննադատը: Ուզում են տեսնել իրենց գովող, գովազդող մեկին: Իսկ լուրջ քննադատը երբեք այդպիսին չի լինի:

Լուրջ քննադատին պետք է դիտարկել իր գործողությունների մեջ: Ա՛յ, վերջերս ես հրապարակեցի «Հոգու հայելի» մենագրությունը: Առաջին գլխում մեր գրական միջավայրի մանրակրկիտ վերլուծությունն է: Քանզի և՛ գրողը, և՛ քննադատը հենց այդ իրականությունից են գալիս, որպեսզի հանդիպեն իրար մաքուր գեղարվեստի մի հրվանդանում:

Այնպես որ բարձր քննադատություն կա, և այն երբեք չի կարող ստորաքարշ լինել, չի կարող լինել ծառայամիտ, հաճոյացող, շնորհանդեսային և կենացախոսական:

 

– Մեզ մի քիչ առանձնահատուկ ժողովուրդ ենք համարում, մեր գրականության խաղացած դերն էլ մեր ազգի կյանքում համարում ենք առանձնահատուկ: Քանզի պետականություն չունենալով՝ գրականության վրա շատ ավելի մեծ բեռ ենք դրել: Ազգաստեղծ, պետականաստեղծ նրա դերը նկատելի՞ է ձեզ համար:

– Այո՛, գրականությունը Հայաստանում ավելին է, քան գրականությունը:

Դա իրենց կյանքով, ճակատագրով ու պայքարով ապացուցել են մեր բոլոր մեծերը՝ Մաշտոցից ու Խորենացուց, Գողթան երգիչներից ու էպոսն ասացողներից մինչև Շիրազ, Սահյան, Սևակ: Գրականությունից մենք մշտապես ավելին ենք պահանջել: Մեր գրականությունը ժամանակի ընթացքում դարձել է բազմանիստ: Ավանդական բուն արժեքները՝ հայրենասիրականը և հոգևորը կան, շարունակվում են, առկա է նաև ժամանակակից մարդը և ժամանակակից կյանքը:

Ես, ընդհանրապես, բարձր եմ գնահատում գրականության արդիականությունը: Այսինքն՝ ներկայացվի այսօրվա մարդը և նրա կերպարի միջոցով արծարծվեն անցյալի հիշողությունները: Պատմությանը ևս, անգամ 1915–ին, այսօրվա հայացքով պետք է նայենք, որպեսզի մեզ համար արթնանա պատմությունը: Հակառակ դեպքում այն կմնա փաստագրության, հուշագրության ակունքներում:

 

– Դուք ձեր կյանքի հիմնական մասը նվիրել եք Չարենցին ու նրան բացահայտելուն: Ո՞վ է Չարենցը հայ ժողովրդի համար:

– Չարենցը հայ ժողովրդի հավաքական անունն է: Չարենց ասելով, ասես պատկերացնես Արարատ լեռը: Չարենցը հայ գրականության մայրաքաղաքն է: Բոլոր ճանապարհները գալիս են դեպի Չարենց և սկիզբ են առնում Չարենցից:

Այն, որ անկախության այս տարիներին ամենահոլովվող, մշտապես կենդանի անունը Չարենցն է, թող ներվի ասել, իմ հրապարակումների շնորհիվ է: Հրապարակել եմ Չարենցի «Նորահայտ էջեր» անտիպների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 նոր վավերագրեր և գեղարվեստական երկ: 2012–ին տպագրեցի «Գիրք մնացորդաց»–ը, որն արգելափակեցին՝ կալանքի ենթարկեցին անկախության այս ժողովրդավարական տարիներին: Բայց այս տարի նոր խմբագրությամբ կրկին լույս ընծայեցի: Նաև երկու հատորով հրապարակել եմ «Չարենցի հետ» հիշողությունների գիրքը:

Ընթերցողը պետք է հարստացնի Չարենցի մասին իմացությունը: Մինչդեռ այսօր գրականագետներ կան, ովքեր «Տաղարան»–ից այն կողմ չեն տեսնում, «Գիրք ճանապարհի»–ի մասին էլ ընդամենը մի երկու կցկտուր խոսք կասեն: Էլ ո՞ւր մնաց վիթխարի անտիպ Չարենցը, որը գալիս է 1935–ից: Եվ ասեմ՝ ծավալով անտիպ Չարենցը նույնքան է, որքան տպագրված Չարենցն է: Այստեղ է, որ երևում է, որ մեկը Գետառի գրականագետ է, մյուսը՝ օվկիանոսի:

Այսօր այնքան չարենցագետներ կան, որոնք իմ գրքերն են արտագրում: Իմ դեմ վիճում են, բայց իմ գրքերն են արտագրում: Առաջ դա ինձ զայրացնում էր, հիմա՝ ոչ: Ասում եմ՝ կարևորն այն է, որ իմ գաղափարներն են տարածվում:

 

– Կյանքի բանն այդպես է:

– Այո՛: Նա, ով սառցահատի պես ջարդելով, ճանապարհը բացելով գնում է, հետևից գալիս ու նրան ուրանում են: Առաջինին միշտ քարկոծում են:

 

– Չարենցը մարգարե էր, իսկ մարգարեները պատահական չեն աշխարհ գալիս: Չարենց մարգարեի խոսքերը մեր ժողովրդի վերաբերյալ մենք ըմբռնե՞լ ու մարսե՞լ ենք: Թե դեռևս նրա ասած ճշմարտությունները շարունակում են մեր ականջը ծակել:

– Չարենցը եկավ, որ այլևայլ բաների հետ մեկտեղ մեզ նաև մի պարզ բան ասի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

 

– Բայց Չարենցը նաև այլ բան է ասել՝ որ մեր ընթացքը եղել է թափթփված, անգաղափար, անղեկ…

– Նա արտակարգ ու դիպուկ քննադատական հայացք ուներ: Այնքան, որ 30–ականներին, երբ պաշտոնյաները պետք է ուրախանային, որ ազգայինը քննական հայացքով է ներկայանում, Չարենցին մեղադրեցին նիհիլիզմի մեջ: Այո՛, ասում էր՝ «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ // Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…»: Նա մեր ազգի ոգեղեն ուժը վերականգնող գաղափարներ էր արծարծում, ազգային ոգու ղեկավար էր ուզում, ճիշտ ընթացք էր պահանջում: Ուզում էր, որ մերը լինի ոչ թե գաղթականի ուղի, այլ ժողովրդի երթ:

Բայց միաժամանակ նաև ասում էր՝ «Այդ մենք ենք երևի այն ուղտը հաստակող, // Որ Հիսուսի առակին հակառակ– // Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով // Ապագայի դրախտը անարատ»:

 

– Իսկ մենք չարենցյան այդ ճշմարտությունները վերցրե՞լ ենք, մարսե՞լ ենք: Նույնիսկ ինձ թվում է, որ վանել ենք դրանք, թույլ չենք տվել մոտենան մեզ:

– Շատերն անգամ չեն էլ մոտեցել նրա ոգուն: Չարենցին վերաբերող ընդամենը ձևական, արտաքին մի քանի բաները գիտեն: Իսկ խորքում ինչ կա՝ տեղյակ չեն: Մինչդեռ Չարենցն այն բանաստեղծն է, ով մեզ միշտ զգոն պետք է պահի: Նաև Չարենցը լի է անակնկալներով: Եվ վատն այն է, որ անափ այս հանճարին մեր «խելոքները» հարմարեցնում են իրենց չափսերին:

 

– Այժմ անձամբ Դավիթ Գասպարյան մարդու մասին: 70 տարիների բարձրությունից նա ինչպե՞ս է տեսնում աշխարհը. ինչի՞ համար է կյանքը, ինչո՞ւ է մարդը գալիս աշխարհ: Այս մտքերը ձեզ այցելո՞ւմ են…

– Ընդհանրապես, մարդն իր ինքնությունն է, որ կերտում է ժամանակի մեջ, մարդն իր ստեղծած միջավայրն է, ընտանիքն է, հայրենիքն է: Մեր այս մի կաթիլ արյունը միլիոնավոր տարիների վտանգավոր ճանապարհ է անցել, որ հասել է մեզ: Այդ ճանապարհի պատմությունն է բերել իր հետ, տվել է մեզ, որպեսզի շարունակենք ու փոխանցենք: Մարդու ամեն մի քայլը մի նպատակի է ուղղված, որի անունն է Հայրենիք:

Մարդը ծնվում է, որպեսզի իրականացնի այն, ինչ տրված է նրան ի վերուստ: Սա՛ է:

 

Գոհար Սարդարյան

Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են