Yerevan, 18.September.2026,
00
:
00
BREAKING


Գրականության տերը և ծառան

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Դավիթ Գասպարյանը 70 տարեկան է: Անհնար է պատկերացնել ժամանակակից հայ գրական–քննադատական միտքը առանց նրա: Հատկապես՝ չարենցագիտությունը: Նա էր, որ գծեց ու հայ ժողովրդին պարզեց Չերենցի տեղը նրա կյանքում: Եվ ասաց, թե ով է Չարենցը նրա համար:

Գրականության և կյանքին վերաբերող իր խոհերը գրականագետը կիսում է մեզ հետ:

 

Պարոն Գասպարյան, հիսուն և ավելի տարիներ հայ գրականության մեջ եք. ինչպե՞ս եք տեսնում այն: Առավել ևս՝ համեմատելով աշխարհի գրականությունների հետ:

– Տեսնում եմ այնպես, ինչպես կա: Անուններ են, մրցանակներ են, օտար լեզուներով թարգմանություններ են: Բայց որպես համաշխարհային գրականության մաս, որ պետք է մրցակցության մեջ լինի այլ գրականությունների հետ, չեմ տեսնում: Ասածս վերաբերվում է ժամանակակից գրականությանը, քանի որ դասական գրականության և դասական արժեքների հանդեպ ներկա վերաբերմունքն առանձնապես ոգևորիչ չէ: Այսօր շեշտն առավելապես դրվում է արդիականության վրա: Մեկ օրինակ բերեմ. երբ խորհրդային տարիներին Եղիշե Չարենցի 80 կամ 90–ամյակ էինք նշում, այդ հոբելյանը դառնում էր համաշխարհային երևույթ: Իսկ այժմ նրա 120–ամյակը նշում ենք միայն մենք, այն էլ՝ սեղմ շրջանակների մեջ:

 

Մեր գրականությունը կարողանո՞ւմ է դուրս գալ ցեղասպանված ժողովրդի հոգեբանական բարդույթից և աշխարհին ուղղել ազատ, պարզ և առողջ հայացք:

– Իսկ ինչո՞ւ պետք է դուրս գա այդ բարդույթից, եթե այդպիսին է: Ընդհակառակը, ոչ թե դուրս է գալիս, այլ առավել խորանում է: Օտարագիր ողջ հայ գրականությունն այսօր թեքվել է դեպի ցեղասպանություն: Եվ հիշողության այս մարտահրավերը, բարձր գրականության միջոցով համաշխարհայնացվում է: Որովհետև նրանք որակապես բարձր գրողներ են, իրենց երկրներում հայտնի անուններ են: Ընդհանրապես, մենք մեր հիշողության այս լարն ամենևին չպետք է խզենք և օտարենք արդիականությունից:

 

Նոր՝ ազատ և անկախ Հայաստանի գրական սերունդը կարողանո՞ւմ է ստեղծել իր գրականությունը կամ գոնե ոտքը դրե՞լ է իրեն հատկացված ճանապարհին:

– Անկախությունը պահանջում էր պատմական արժեքների վերանայում: Պահոցները բացվեցին, բայց 1980–1990–ական թթ. և հաջորդ տարիներին միայն ես դրանք ուսումնասիրեցի ու բացահայտումներ արեցի: Ներկայացրի Չարենցի, Բակունցի, Մահարու կենսագրությունները, գեղարվեստական, փաստական հսկայական նյութ վերհանեցի ու ներկայացրի հանրությանը:

Բայց այս ամենը մեկ մարդ չպետք է աներ, դրանով պետք է զբաղվեր ամբողջ մի ինստիտուտ: Պետք է ստեղծվեր առանձին կառույց՝ արժեքների վերանայման և գնահատման համար, այլ կերպ՝ հիշողության կենտրոն: Իսկ դա մենք չարեցինք: Մարդիկ նոր փաստերի չտիրապետեցին: Այդ իսկ պատճառով սովորույթի ուժով շարունակվեց նախկինը՝ խորհրդային կաղապարված մտածողությունը, և դա այն դեպքում, երբ դարաշրջան էր փոխվել և արդեն խոսքի ազատության ժամանակ էր:

Կամ գուցե մարդկանց ներքին ազատության չա՞փը հենց այդքան էր: Որովհետև խորհրդային վերջին տարիներին էլ ազատության վիթխարի չափաբաժին կար: Նայած մարդու մեջ դրված «շարժիչն» ինչպիսին է, դրանից էլ կախված, նա կա՛մ օգտագործում էր այդ չափաբաժինը, կա՛մ չէր օգտագործում:

 

Մշտապես գրականության ուղեկիցը եղել է գրական քննադատությունը, բայց այսօր գրողները դժգոհում են քննադատների բացակայությունից կամ նրանց ոչ օբյեկտիվ մոտեցումից, որը մեծ հաշվով նույն բանն է: Ինչո՞ւ է խաթարվել գրող–գրական քննադատ կապը:

– Ձեր հարցադրումն ինքնին սխալ է: Քննադատությունը երբեք հավելված չի եղել, այն ինքնուրույն գրական–ստեղծագործական արժեք է:

Այսօրվա մեր գրողները փոխադարձաբար իրար են գովում կամ կպել են լրագրողներին ու նրանց դարձրել իրենց քննադատը: Ուզում են տեսնել իրենց գովող, գովազդող մեկին: Իսկ լուրջ քննադատը երբեք այդպիսին չի լինի:

Լուրջ քննադատին պետք է դիտարկել իր գործողությունների մեջ: Ա՛յ, վերջերս ես հրապարակեցի «Հոգու հայելի» մենագրությունը: Առաջին գլխում մեր գրական միջավայրի մանրակրկիտ վերլուծությունն է: Քանզի և՛ գրողը, և՛ քննադատը հենց այդ իրականությունից են գալիս, որպեսզի հանդիպեն իրար մաքուր գեղարվեստի մի հրվանդանում:

Այնպես որ բարձր քննադատություն կա, և այն երբեք չի կարող ստորաքարշ լինել, չի կարող լինել ծառայամիտ, հաճոյացող, շնորհանդեսային և կենացախոսական:

 

Մեզ մի քիչ առանձնահատուկ ժողովուրդ ենք համարում, մեր գրականության խաղացած դերն էլ մեր ազգի կյանքում համարում ենք առանձնահատուկ: Քանզի պետականություն չունենալով՝ գրականության վրա շատ ավելի մեծ բեռ ենք դրել: Ազգաստեղծ, պետականաստեղծ նրա դերը նկատելի՞ է ձեզ համար:

– Այո՛, գրականությունը Հայաստանում ավելին է, քան գրականությունը:

Դա իրենց կյանքով, ճակատագրով ու պայքարով ապացուցել են մեր բոլոր մեծերը՝ Մաշտոցից ու Խորենացուց, Գողթան երգիչներից ու էպոսն ասացողներից մինչև Շիրազ, Սահյան, Սևակ: Գրականությունից մենք մշտապես ավելին ենք պահանջել: Մեր գրականությունը ժամանակի ընթացքում դարձել է բազմանիստ: Ավանդական բուն արժեքները՝ հայրենասիրականը և հոգևորը կան, շարունակվում են, առկա է նաև ժամանակակից մարդը և ժամանակակից կյանքը:

Ես, ընդհանրապես, բարձր եմ գնահատում գրականության արդիականությունը: Այսինքն՝ ներկայացվի այսօրվա մարդը և նրա կերպարի միջոցով արծարծվեն անցյալի հիշողությունները: Պատմությանը ևս, անգամ 1915–ին, այսօրվա հայացքով պետք է նայենք, որպեսզի մեզ համար արթնանա պատմությունը: Հակառակ դեպքում այն կմնա փաստագրության, հուշագրության ակունքներում:

 

Դուք ձեր կյանքի հիմնական մասը նվիրել եք Չարենցին ու նրան բացահայտելուն: Ո՞վ է Չարենցը հայ ժողովրդի համար:

– Չարենցը հայ ժողովրդի հավաքական անունն է: Չարենց ասելով, ասես պատկերացնես Արարատ լեռը: Չարենցը հայ գրականության մայրաքաղաքն է: Բոլոր ճանապարհները գալիս են դեպի Չարենց և սկիզբ են առնում Չարենցից:

Այն, որ անկախության այս տարիներին ամենահոլովվող, մշտապես կենդանի անունը Չարենցն է, թող ներվի ասել, իմ հրապարակումների շնորհիվ է: Հրապարակել եմ Չարենցի «Նորահայտ էջեր» անտիպների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 նոր վավերագրեր և գեղարվեստական երկ: 2012–ին տպագրեցի «Գիրք մնացորդաց»–ը, որն արգելափակեցին՝ կալանքի ենթարկեցին անկախության այս ժողովրդավարական տարիներին: Բայց այս տարի նոր խմբագրությամբ կրկին լույս ընծայեցի: Նաև երկու հատորով հրապարակել եմ «Չարենցի հետ» հիշողությունների գիրքը:

Ընթերցողը պետք է հարստացնի Չարենցի մասին իմացությունը: Մինչդեռ այսօր գրականագետներ կան, ովքեր «Տաղարան»–ից այն կողմ չեն տեսնում, «Գիրք ճանապարհի»–ի մասին էլ ընդամենը մի երկու կցկտուր խոսք կասեն: Էլ ո՞ւր մնաց վիթխարի անտիպ Չարենցը, որը գալիս է 1935–ից: Եվ ասեմ՝ ծավալով անտիպ Չարենցը նույնքան է, որքան տպագրված Չարենցն է: Այստեղ է, որ երևում է, որ մեկը Գետառի գրականագետ է, մյուսը՝ օվկիանոսի:

Այսօր այնքան չարենցագետներ կան, որոնք իմ գրքերն են արտագրում: Իմ դեմ վիճում են, բայց իմ գրքերն են արտագրում: Առաջ դա ինձ զայրացնում էր, հիմա՝ ոչ: Ասում եմ՝ կարևորն այն է, որ իմ գաղափարներն են տարածվում:

 

Կյանքի բանն այդպես է:

– Այո՛: Նա, ով սառցահատի պես ջարդելով, ճանապարհը բացելով գնում է, հետևից գալիս ու նրան ուրանում են: Առաջինին միշտ քարկոծում են:

 

Չարենցը մարգարե էր, իսկ մարգարեները պատահական չեն աշխարհ գալիս: Չարենց մարգարեի խոսքերը մեր ժողովրդի վերաբերյալ մենք ըմբռնե՞լ ու մարսե՞լ ենք: Թե դեռևս նրա ասած ճշմարտությունները շարունակում են մեր ականջը ծակել:

– Չարենցը եկավ, որ այլևայլ բաների հետ մեկտեղ մեզ նաև մի պարզ բան ասի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

 

Բայց Չարենցը նաև այլ բան է ասել՝ որ մեր ընթացքը եղել է թափթփված, անգաղափար, անղեկ…

– Նա արտակարգ ու դիպուկ քննադատական հայացք ուներ: Այնքան, որ 30–ականներին, երբ պաշտոնյաները պետք է ուրախանային, որ ազգայինը քննական հայացքով է ներկայանում, Չարենցին մեղադրեցին նիհիլիզմի մեջ: Այո՛, ասում էր՝ «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ // Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…»: Նա մեր ազգի ոգեղեն ուժը վերականգնող գաղափարներ էր արծարծում, ազգային ոգու ղեկավար էր ուզում, ճիշտ ընթացք էր պահանջում: Ուզում էր, որ մերը լինի ոչ թե գաղթականի ուղի, այլ ժողովրդի երթ:

Բայց միաժամանակ նաև ասում էր՝ «Այդ մենք ենք երևի այն ուղտը հաստակող, // Որ Հիսուսի առակին հակառակ– // Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով // Ապագայի դրախտը անարատ»:

 

Իսկ մենք չարենցյան այդ ճշմարտությունները վերցրե՞լ ենք, մարսե՞լ ենք: Նույնիսկ ինձ թվում է, որ վանել ենք դրանք, թույլ չենք տվել մոտենան մեզ:

– Շատերն անգամ չեն էլ մոտեցել նրա ոգուն: Չարենցին վերաբերող ընդամենը ձևական, արտաքին մի քանի բաները գիտեն: Իսկ խորքում ինչ կա՝ տեղյակ չեն: Մինչդեռ Չարենցն այն բանաստեղծն է, ով մեզ միշտ զգոն պետք է պահի: Նաև Չարենցը լի է անակնկալներով: Եվ վատն այն է, որ անափ այս հանճարին մեր «խելոքները» հարմարեցնում են իրենց չափսերին:

 

Այժմ անձամբ Դավիթ Գասպարյան մարդու մասին: 70 տարիների բարձրությունից նա ինչպե՞ս է տեսնում աշխարհը. ինչի՞ համար է կյանքը, ինչո՞ւ է մարդը գալիս աշխարհ: Այս մտքերը ձեզ այցելո՞ւմ են…

– Ընդհանրապես, մարդն իր ինքնությունն է, որ կերտում է ժամանակի մեջ, մարդն իր ստեղծած միջավայրն է, ընտանիքն է, հայրենիքն է: Մեր այս մի կաթիլ արյունը միլիոնավոր տարիների վտանգավոր ճանապարհ է անցել, որ հասել է մեզ: Այդ ճանապարհի պատմությունն է բերել իր հետ, տվել է մեզ, որպեսզի շարունակենք ու փոխանցենք: Մարդու ամեն մի քայլը մի նպատակի է ուղղված, որի անունն է Հայրենիք:

Մարդը ծնվում է, որպեսզի իրականացնի այն, ինչ տրված է նրան ի վերուստ: Սա՛ է:

 

Գոհար Սարդարյան

Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well