Աստղաբաշխական գումար Նեյմարի համար
ՍՊՈՐՏ«El Mundo Deportivo»-ն՝ հղելով «Le Parisien»-ին, տեղեկացնում է, որ ֆրանսիական «ՊՍԺ»-ի ղեկավար անձնակազմը ցանկություն է հայտնել 2016 թվականի ամռանն ակումբի կազմում տեսնել բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ փարիզյան ակումբը պատրաստակամություն է հայտնել անգամ վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 190 միլիոն եվրո և որը մինչ 2016 ամառ կարող է նաև աճել:
Աղբյուրը պարզաբանում է նաև, թե ինչու է ֆրանսիական ակումբը որոշել առաջարկով դիմել Նայմարին հենց 2016 թվականի ամռանը: Առաջին հերթին՝ վերջանում է ՊՍԺ-ի գլխավոր աստղ Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը, և ակումբը ցանկանում է նոր առաջատար ունենալ իր կազմում: Բացի այդ, մեկ տարուց ավարտվելու է ՈւԵՖԱ-ի կողմից ֆինանսական ֆայր-փլեյը խախտելու համար Ֆրանսիայի չեմպիոնների վրա դրված ֆինանսական սահմանափակումը:
Նեյմարն ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 խաղի, որոնցում դարձել է 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Որքան էլ մեծ լինի ֆրանսիացիների ախորժակը, կատալոնական ակումբը դժվար թե հեշտ բաժանվի իր առաջատարներից մեկից, այն էլ այն դեպքում, երբ Նեյմարի տրանսֆերի համար ֆինանսական շատ քաշքշուկների մեջ ընկավ: