Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը՝ ղարաբաղյան հակամարտությունում. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը՝ ղարաբաղյան հակամարտությունում։ Այս մասին հայտնում է haberchannel.com-ը:
«Տարիներ շարունակ «մեր հողերի» (չակերտները՝Tert.am) մասին երազանքների հետևից ընկնելուց հետո Հայաստանը ղարաբաղյան պատերազմի «դասը քաղեց» (չակերտները՝Tert.am) և «իր տեղն անցավ» (չակերտները՝Tert.am), Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Հետևաբար, մեզ համար ուժեղ և ժամանակակից բանակն անհրաժեշտություն է»,- ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամներին ուղղված ելույթի ժամանակ։
Էրդողանը կրկին Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՀԱՄԱՍ շարժումը՝ օրինական քաղաքական ուժ Գազայի հատվածում։
«Իսրայելը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Ես սա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ն անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ Բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցությունն է, որը հաղթել է ընտրություններում», - ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել, որպեսզի «աշխարհը ճանաչի Իսրայելը որպես ահաբեկչական պետություն»։