Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․
«Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև
Վերջին օրերի լարված իրադարձությունների ֆոնին ցանկանում եմ սկսել ամենակարևորից։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնությունը կարևոր քայլ է՝ ուղղված տարածաշրջանային լարվածության նվազեցմանը և հնարավոր էսկալացիաների կանխմանը։
Սակայն կա ավելի խորքային և էական իրողություն։
Իրանի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց, որ որևէ արտաքին ճնշում ի զորու չէ կոտրելու նրա դիմակայունությունը, ներքին ուժը և իր պետությունը, ազատությունն ու ազգային շահերը պաշտպանելու վճռականությունը։ Հենց նման ժողովուրդներն են ձևավորում պետությունների իրական դիմադրողականությունը և պայմանավորում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
Օրեր առաջ պատիվ ունեցա հյուրընկալելու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Հանդիպումը անցավ բաց, անկեղծ և բովանդակային մթնոլորտում։ Քննարկեցինք տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցեր՝ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունից մինչև հայ–իրանական ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարները՝ հատկապես աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Այս մակարդակի դիվանագետի նշանակումը Երևանում հստակ ազդակ է, որ Իրանը իր արտաքին քաղաքական առաջնահերթություններում առանձնահատուկ տեղ է հատկացնում հայկական ուղղությանը։
Այսօր, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների, արտաքին ճնշումների և ուժերի հավասարակշռությունը վերաձևելու փորձերի առաջ, Իրանի դերը՝ որպես կայունության առանցքային գործոններից մեկը, ստանում է առավել կարևոր նշանակություն։
Ուրախությամբ ուզում եմ նշել նաև, որ իմ լավ բարեկամը՝ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին, նշանակվել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Սա նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման արժանի գնահատականն է։ Վստահ եմ՝ նա նոր պաշտոնում ևս կշարունակի ամրապնդել փոխադարձ հարգանքի և ռազմավարական գործընկերության վրա հիմնված օրակարգը։
Հայ–իրանական հարաբերությունները ավելին են, քան պարզապես դիվանագիտական կապերը։ Սա հարաբերություն է, որը խարսխված է դարավոր պատմական կապերի և ժողովուրդների արժեքային ընդհանրության վրա։
Մեզ միավորում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև հիմնարար շահերի համընկնումը՝ անվտանգության, ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հարցերում։ Այս հարաբերությունները անցել են ժամանակի և փորձությունների միջով և ապացուցել իրենց կենսունակությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ դրանք ուղղված են դեպի ապագա։
Իրանում հայկական համայնքը շարունակում է կարևոր կամուրջ լինել մեր ժողովուրդների միջև՝ լինելով Իրանի հասարակական կյանքի լիարժեք և ինտեգրված մաս, միաժամանակ պահպանելով իր ազգային ինքնությունը։
Չնայած առկա ճնշումներին՝ ակնհայտ է, որ Իրանը թևակոխել է մի փուլ, որը հեռանկարում միայն ուժեղացնելու է նրա ազդեցությունն ու դերը տարածաշրջանում։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքակրթական ամուր հիմք և ներքին դիմակայունություն ունեցող պետությունները ոչ միայն հաղթահարում են ճգնաժամերը, այլև դրանցից դուրս են գալիս առավել ուժեղացած։
Հետևաբար, Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի հայ–իրանական համագործակցության ներկայիս մակարդակը, այլև այն հետևողականորեն խորացնի, վերաիմաստավորի և բարձրացնի երկարաժամկետ ռազմավարական գործընկերության աստիճանի։
Վերջապես, միայն ուժեղ և ինքնիշխան պետությունների գոյության պայմաններում է հնարավոր ձևավորել կայուն և անվտանգ տարածաշրջան։ Եվ Հայաստանը և Իրանը հենց այդպիսի պետություններ են։
Հայ–իրանական գործընկերությունը պետք է դառնա կայուն ռազմավարական դաշինքի օրինակ, որտեղ համընկնում են պետությունների շահերը և ժողովուրդների արժեքները»,- գրում է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



