Ճապոնիայի խոշորագույն Հոնսյու կղզու հյուսիսում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների տարածքում: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով դրանց ուժգնությունը գնահատվում է 5+:
Հոկայդո կղզու խաղաղօվկիանոսյան ափին և Հոնսյուի հյուսիսում ցունամիի վտանգ է հայտարարվել: Իվատեում արդեն գրանցվել է 40 սանտիմետր բարձրությամբ առաջին ալիքը: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հաջորդող ալիքները կարող են ավելի բարձր լինել:
Պրեֆեկտուրայի իշխանությունները առնվազն 20 հազար մարդու տարհանում են հայտարարել:
Երկրաշարժը հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանման, ինչի պատճառով դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը Տոկիոյի և Սին-Աոմորի կայարանի միջև: