«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխույժ երեխա էր Գևորգս, բայց անկարգ չի եղել։ Համառ էր, ես կասեի՝ դեռ փոքրուց լիդերին բնորոշ հատկանիշներով էր օժտված։ Կյանքով լի էր, նպատակասլաց, ընկերասեր, ցանկանում էր ամեն տեղ առաջինը լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի մայրիկը՝ տիկին Աննան։ Գևորգը ծնվել է Երևանում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են մայրաքաղաքում։ Սովորել է նախ թիվ 66 հիմնական, այնուհետև՝ թիվ 46 ավագ դպրոցներում: «Գերազանց առաջադիմություն չուներ, բայց լավ էր սովորում։ Վաղ հասակից ձյուդոյով է զբաղվել և մեծ հաջողություններ գրանցել։ Իր կյանքում շատ մեծ տեղ էր տալիս սպորտին»։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Գևորգն ընդունվել է Եվրոպական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետ, սակայն ուսանող լինել չի հասցրել, քանի որ զորակոչվել է բանակ։ «Ի դեպ, նշեմ, որ իր զոհվելուց առաջ մի օր ինձ հետ զրուցելիս ասաց. «Մա՛մ, գնա համալսարան և թղթերս վերցրու»։ Չեմ կարող ասել՝ սիրտն ինչ-որ բան էր վկայում, կանխազգացում էր, թե ինչ»։
Գևորգը ծառայության էր մեկնում 44-օրյա պատերազմից հետո։ «Շատ ծանր էր տանում այդ օրերին տեղի ունեցողը։ Ընկերներ կորցրեց, բայց նաև երբեք չխոսեց չծառայելու մասին։ Տղաներս նման մտքեր երբեք չեն ունեցել»։
2021 թվականի փետրվարի 16-ին Գևորգը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Սիսիանի գնդում, այնուհետև՝ Նորավանի զորամասում, հետո տեղափոխվում է Կապան, իսկ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ծառայում էր Ջերմուկում։ Տիկին Աննան ասում է՝ որդին սիրով էր ծառայում։ Ի դեպ, Գևորգը և կրտսեր եղբայրը՝ Տիգրանը, միասին էին ծառայում։ «Միշտ ասում էր՝ ես կծառայեմ, հետո Տիգրանն էլ ինձ մոտ կգա, միասին կշարունակենք ծառայությունը։ Իր խոսքն էր՝ բանակից գամ, քեզ թագուհու պես եմ պահելու։ Հարգանք էր վայելում և՛ իր շրջապատում, և՛ զորամասում։ Իրեն «Ուժեղ Գև» էին ասում, իսկ Սիսիանում ծառայելու ժամանակ՝ նաև «Սիսիանի Գև»։ Աչքի ընկնող տղա էր, չէր հանդուրժում անարդարությունը որևէ մեկի նկատմամբ ու միշտ «կռիվ» էր տալիս դրա դեմ»։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Ջերմուկն էր։ «Օգոստոսին երկու եղբայրով իջել էին դիրքերից և արձակուրդ եկել։ Այդ օրերին տարբեր տեղերից Գևորգի բոլոր ընկերները եկել էին իրեն հանդիպելու։ Այնքան մարդ էր հավաքվել։ Չնայած իր փոքր տարիքին, տղաս մեծ շրջապատ էր ստեղծել։ Արձակուրդից հետո որդիներս վերադարձան զորամաս։ Իրենք այլևս չպետք է դիրքեր բարձրանային։ Բայց, երբ հարձակումը սկսվում է, ու Գևորգս իմանում է, որ ընկերը՝ Արայիկը, դիրքերում է, եղբորը վերցնում է ու հացի մեքենայով բարձրանում դիրքեր։ Իրենք այդ պահին այդտեղ չպետք է լինեին, բայց Գևորգս գնացել էր ընկերոջ մոտ։ Տիգրանս ասում է, որ մինչև վերջ ժպիտը եղբոր դեմքին է եղել։ Պատմում է՝ Արայիկից խոստում էր վերցնում, որ չի զոհվելու»։
Բայց, ավաղ... Արայիկը վազում է դեպի դիտակետ։ «Գևորգը հրահանգում է, որ բոլորը ցրվեն, նույն տեղում չկանգնեն։ Արայիկը մտնում է դիտակետ, իր հետևից՝ Գևորգս։ Նույն պահին գրադն ընկնում է, Գևորգն ու Արայիկը զոհվում են Տիգրանիս աչքի առաջ»։
Գևորգը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկում։ Տուն է «վերադարձել» մոտ 20 օր հետո։ «Երբ իրենից երեք օր լուր չունեցանք, ես արդեն զգում էի, որ մի բան այն չէ։ Այնպիսի տեսակ էր, որ մեզ հետ կապ հաստատելու տարբերակ կգտներ։ Բացի դա, երբ զանգահարեցինք իր հեռախոսին, թուրքախոս մեկը պատասխանեց։ Դա Ջերմուկի ամենաբարձր դիտակետն էր և արդեն շրջափակված։ Նա ինչ-որ բաներ էր խոսում իրենց լեզվով, բնականաբար, չէինք հասկանում, ռուսերենով միայն ասաց՝ «он герой»։ Չգիտենք, թե ինչու նման բան ասաց»։
Սեպտեմբերի 12-ին է եղել Գևորգի վերջին զրույցը ընտանիքի անդամների հետ։ «Պատերազմն սկսվելուց 15 րոպե առաջ ենք խոսել։ Հարցրեց, թե ինչպես ենք։ Խնդրեց փոքր եղբորը՝ Նարեկին փոխանցել հեռախոսը։ Ես էլ ասացի՝ Գևո՛րգ ջան, հիմա որ իրեն արթնացնեմ, հետո չի քնելու, լաց է լինելու։ Նարեկն ամեն անգամ Գևորգի հետ խոսելիս ասում էր՝ արի։ Խենթանում էին իրար համար։ Այդ օրը բոլորին զանգել էր։ Նույն օրը նաև իր մտերիմ ընկերը բարձրացել էր Սուրբ Հովհաննես մատուռ։ Գևորգն էլ, կարծես, իր հետ «բարձրացել» էր, ամբողջ ճանապարհին խնդրել էր չանջատել հեռախոսը»։
Ապրելու ուժի մասին։ «Ծանր օրերին չեմ մոռացել, որ երկու տղա էլ ունեմ։ Հենց նրանք էլ ապրելու ուժ տվեցին։ Տիգրանի և Նարեկի համար Գևորգն ուղղակի ավագ եղբայր չէր։ Հենարան էր, թև ու թիկունք, ընկեր։ Ծնողասեր էր, հարգանքով մեր նկատմամբ։ Իհարկե, նաև Գևորգս է մեզ ուժ տալիս։ Նա չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել»։
Հ. Գ. - Գևորգ Ներսեսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



