73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իսպանիայի Աստուրիա շրջանում 73-ամյա տղամարդը հայտնվել է արտասովոր և վտանգավոր իրավիճակում՝ խրվելով գինու հսկայական տակառի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Կարսեդո դե Լոմե գյուղում։
Տղամարդը, որն այդ պահին միայնակ է եղել իր տարածքում, ինքն է զանգահարել արտակարգ ծառայություններ։ Նա դիսպետչերին հայտնել է, որ խրվել է գինու տակառի մեջ և դժվարանում է շնչել։ Ավելի ուշ օգնության հասած հարևանը կարողացել է նրան պահել գինու մակերևույթից վեր՝ թույլ չտալով, որ տղամարդը խեղդվի։
Տակառը օգտագործվել է խաղողի խմորման համար։ Նման փակ տարաներում խմորման ընթացքում կարող է կուտակվել ածխաթթու գազ, որի բարձր խտությունը վտանգավոր է մարդու կյանքի համար։ Նախնական տվյալներով՝ տղամարդը տակառի մեջ մտել էր որոշակի աշխատանք կատարելու նպատակով։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Կանգաս դել Նարչեայի հրշեջները։ Նրանք սկզբում փորձել են տղամարդուն դուրս բերել տակառի վերին բացվածքով, սակայն այն չափազանց նեղ է եղել։
Հրշեջները ստիպված են եղել տակառը հորիզոնական դիրքի բերել, ինչից հետո կարողացել են տղամարդուն դուրս բերել։ Արտակարգ ծառայությունների ահազանգը ստացվել է 20:59-ին, իսկ 21:36-ին տղամարդն արդեն դուրս էր բերվել տակառից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին։
Past.am-ի տեղեկություններով՝ 73-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննության։ Բժիշկները նրա մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել։



