Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում 28-ամյա գիտաշխատողի առեղծվածային մահը ժանտախտի հնարավոր վարակի շուրջ լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մինչ լրատվամիջոցներում շրջանառվում է մահացու հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու վարկածը, մահացած աղջկա մայրը հերքում է այդ տեղեկությունները և բժիշկներին մեղադրում դստեր կյանքը չփրկելու մեջ։ Իսկ մասնագետները հիշեցնում են՝ ժանտախտը, որը ժամանակին միլիոնավոր մարդկանց կյանք է խլել, այսօր էլ վտանգավոր վարակ է։
Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Դարյա Շիպիլովան հիվանդանոց է տեղափոխվել սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է Շելեխով քաղաքի հիվանդանոցում։
Դեպքից հետո տեղեկություններ են տարածվել, թե երիտասարդ կինը լաբորատորիայում պատահաբար կոտրել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, վարակվել և թաքցրել միջադեպը։ Սակայն այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել։
Ռուսաստանի համապատասխան վերահսկող մարմինը հայտնել է, որ մահվան պատճառը թոքաբորբն է, իսկ ինստիտուտում վտանգավոր միկրոօրգանիզմների հետ աշխատանքի ընթացքում արտակարգ պատահարներ չեն արձանագրվել։
«Իմ դստերը պարզապես կործանեցին»,- ասել է աղւկա մայրը։
Դարյայի մայրը՝ Սվետլանա Շիպիլովան, որը դստեր մահից հետո հայտնվել է կարանտինում, կտրականապես հերքել է փորձանոթի կոտրվելու մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ նման լաբորատոր տարաներն այնքան ամուր են պաշտպանված, որ նույնիսկ պատին ուժգին հարվածելու դեպքում դրանք կոտրելը գործնականում անհնար է։
«Ես գիտեմ ճշմարտությունը։ Չեմ ուզում կարդալ այն զազրելի բաները, որոնք գրում են երեխայիս մասին։ Սա պարզապես ներկայացում է»,- հայտարարել է նա։
Մայրը նաև պնդել է, որ դստերը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։
«Ես նման հիվանդներից շատերին եմ փրկել, իսկ իմ դստերը չփրկեցին։ Նրան պարզապես անօգնական թողեցին ու կործանեցին»,- ասել է Սվետլանա Շիպիլովան։
Կինը հայտնել է, որ դեռ չի ստացել դստեր մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական եզրակացությունը։ Ավելին՝ ընտանիքը նույնիսկ չի կարողացել հուղարկավորել Դարյային, քանի որ նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվել են և գտնվում են բժշկական հսկողության տակ։
Auroranews.am-ը ուսումնասիրել է մի շարք հանգամանքներ։ Իրկուտսկի դեպքը կրկին ուշադրության կենտրոն է բերել մարդկության պատմության ամենամահաբեր վարակներից մեկը։
Ժանտախտը, որը հայտնի է նաև «Սև մահ» անվամբ, տասնչորսերորդ դարում խլել է Եվրոպայի բնակչության զգալի մասի կյանքը։ Ինչպես պարզաբանում են գերմանացի մասնագետները, ժանտախտը չի անհետացել։ Դրա հարուցիչը շարունակում է գոյություն ունենալ բնության մեջ, իսկ առանձին դեպքեր մինչ օրս արձանագրվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Հիվանդության հատկապես վտանգավոր ձևերից է թոքային ժանտախտը, որը կարող է մարդուց մարդ փոխանցվել շնչառական կաթիլների միջոցով և առանց ժամանակին բուժման արագ հանգեցնել մահվան։ Սակայն կա էական տարբերություն միջնադարի և մեր օրերի միջև․ ժամանակակից բժշկությունն ունի ժանտախտի դեմ արդյունավետ հակաբիոտիկներ, իսկ վաղ ախտորոշումը զգալիորեն մեծացնում է հիվանդի փրկության հնարավորությունը։
Վտանգը հասել է Ռուսաստանի սահմաններից դուրս
Դարյա Շիպիովայի մահվան շուրջ առաջացած մտահոգությունների ֆոնին Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին ստուգում են ուղևորներին՝ վտանգավոր վարակների հնարավոր ախտանշանները հայտնաբերելու նպատակով։ Առայժմ հիվանդներ կամ կասկածելի ախտանշաններ ունեցող անձինք չեն հայտնաբերվել։ Մասնագետները միաժամանակ ընդգծում են, որ ժանտախտի մասին յուրաքանչյուր տեղեկություն դեռ չի նշանակում համաճարակի բռնկում։ Վտանգը գնահատելու համար անհրաժեշտ են լաբորատոր հաստատումներ և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներ։
Այս պահին Իրկուտսկի գիտաշխատողի՝ ժանտախտով վարակվելու վարկածը հաստատված չէ։ Պաշտոնապես հաղորդվել է թոքաբորբի մասին, սակայն երիտասարդ կնոջ մահվան հանգամանքների շուրջ հարցերը դեռ պահպանվում են։ Եվ մինչ քննարկվում է մահացու վարակի հնարավոր վտանգը, Դարյայի մայրը շարունակում է սպասել ամենակարևոր պատասխանին՝ ինչո՞ւ մահացավ իր 28-ամյա դուստրը, և հնարավո՞ր էր փրկել նրա կյանքը։



