Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 2-ամյա տղան թունավորվել է քացախաթթվից և մահացել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։25-ի սահմաններում Մարտունու ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը 2-ամյա երեխային տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ երեխային բուժկենտրոն են տեղափոխել «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվով» ախտորոշմամբ։ Բժիշկների փոխանցմամբ՝ սկզբում նրա վիճակը գնահատվել է բավարար։
Որոշ ժամանակ անց երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ երեխան մահացած է տեղափոխվել։
Past.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, տղան իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալիս գտել է քացախաթթվով լցված տարա և խմել դրա պարունակությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դա էլ դարձել է թունավորման պատճառը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Past.am-ը հետևում է դեպքի հանգամանքների պարզաբանմանը։



