Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» կառավարության նախագիծը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումներ, իսկ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի) մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ:
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Նախագծով կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի, ինչպես նաև օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



