Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Չիտա քաղաքում հինգհարկանի շենքի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա և մեկ տղամարդ հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Max Messenger հավելվածում։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան՝ քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկի հինգերորդ հարկում։ Հրդեհի պահին բնակարանում եղել են երեք մեծահասակ և չորս երեխա։
Հրդեհը տարածվել է 60 քառակուսի մետր տարածքի վրա։ Կրակը մարելու և մարդկանց փրկելու համար ներգրավվել են 12 հրշեջ և չորս միավոր տեխնիկա։
Past.am-ի փոխանցմամբ՝ հրշեջների արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բնակարանում գտնվող բոլոր մարդիկ փրկվել են։ Տղամարդուն և չորս երեխաներին դուրս են բերել հատուկ փրկարարական գլխարկների օգնությամբ։
Փրկված տղամարդն ու երեխաները բժշկական օգնության կարիք են ունեցել և տեղափոխվել հիվանդանոց։ Բնակարանում գտնվող երկու կանայք հրաժարվել են հոսպիտալացումից։
Հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։



