Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է փաստաթուղթ, որում ներկայացված է «տիեզերական կառավարման» վերաբերյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Պեկինը կտրականապես դեմ է տիեզերքում զենքի տեղակայմանը և սպառազինությունների մրցավազքին։
Չինաստանը կոչ է արել վերջ դնել տիեզերքի ռազմականացմանը՝ հորդորելով այն չօգտագործել «այնպիսի գործողությունների համար, որոնք վնասում են այլ երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը կամ զարգացման շահերը»։ Փաստաթղթում շեշտվում է հարձակողական ռազմական քաղաքականությունից հրաժարվելու և «սպառազինությունների մրցավազքը կանխելու ուղղությամբ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու» անհրաժեշտությունը։
«Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի վտանգը և այն մարտադաշտի վերածելու միտումը դարձել են տիեզերական անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքներն ու մարտահրավերները», — նշել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Պեկինը կոչ է արել կարգավորել առևտրային ոլորտը՝ միաժամանակ խրախուսելով «տիեզերական տնտեսության զարգացումը»։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս ոլորտում մասնավոր և առևտրային գործունեությունը չպետք է «խախտի այլ պետությունների օրինական իրավունքներն ու շահերը, մասնավորապես՝ զինված հակամարտություններին կամ այլ երկրների ներքին գործերին ապօրինի միջամտելու միջոցով»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ տիեզերքը պետք է ուսումնասիրվի և օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով, իսկ տիեզերք մուտք գործելու և այն զարգացնելու՝ բոլոր պետությունների իրավունքը պետք է հաստատակամորեն պաշտպանվի։



