ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի է՝ անդամավճար չի վճարում, ուստի լիովին հնարավոր է, որ քննարկվի հարցը և որոշում կայացվի նրա անդամակցության ժամանակավոր կասեցման՝ ավելի ճիշտ, ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև վճարումների կատարումը։ Սա բացարձակապես տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ՝ դրա կոնկրետ հոդվածով։ Այնպես որ, հնարավոր է՝ նման ելք լինի, բայց դա կախված է նախագահի որոշումից», - ասել է նա։
Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում ամբողջ օրակարգի համար։ «Տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին նախորդում է արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ոչ ամենագլխավորն է, բայց այն կարող է ամենահետաքրքիրը լինել հանրության համար, որովհետև ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների ու նպատակների մասին է», - նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթվա միջոցառումների ժամանակ, Պանկինն ընդգծել է. «Հավանաբար, այո, այն կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մնացած բոլորը կհամաձայնեն այն քննարկել, թե ոչ։ Կարծում եմ՝ կքննարկվի»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։



