Կարծում եմ՝ արժանի հաղթանակ էր. Լուի վան Գալ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է նորեկների ցուցադրած խաղից:
-Բարդ հանդիպում էր: Երկու թիմերն էլ պրեսսինգի էին դիմում, դրա համար էլ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվում երկար վերահսկել գնդակի տեղաշարժը: Մրցակցին մեծ ճնշման ենթարկեցինք, կարողացանք հաղթել, կարծում եմ՝ արժանի հաղթանակ էր:
Ինձ դուր եկավ Դարմիանի խաղը. նա հիանալի էր խաղում «Տոտենհեմի» կիսադաշտում և պաշտպանությունում: Ռոմերո՞ն... Նա անառիկ պահեց դարպասը և մի քանի գեղեցիկ սեյվ կատարեց: Ինչ վերաբերվում է Շվայնշտայգերին, նա մեծ փորձ ունի, սակայն երբեք չի ստացել այնպիսի աջակցություն, ինչպիսին կստանա «Օլդ Թրաֆֆորդում»:
Ընդհանրապես այսօր լավ օր է, քանի որ իմ ծննդյան տարեդարձն է, իսկ եթե թիմս պարտվեր, ուրախանալու տրամադրություն չէի ունենա,-ասել է հոլանդացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: