Էդգար Մանուչարյանը հնարավոր է չմասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին
ՍՊՈՐՏՌուսաստանի պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Թերեք»-ի դեմ հանդիպման ընթացքում Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինվել է վնասվածքի պատճառով:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ուրալ»-ի գլխավոր մարզչի օգնական Յուրի Մատվեևը նշել է, որ նախնական ախտորոշմամբ ֆուտբոլիստի ձկնամկանն է պատռվել:
«Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նա որոշ ժամանակով չի կարողանա օգնել թիմին: Դա նախնական ախտորոշումն է, բուժզննում անցնելուց հետո ամեն ինչ պարզ կլինի: Կարծում եմ` հավաքականի առաջիկա խաղերին մասնակցել չի կարողանա: Համենայն դեպս, ներկա պահին ոտքը չի կարողանում դնել գետնին: Շատ ցավալի է, քանի որ Մանուչարյանը լավ մարզավիճակում էր ու շատ էր օգնում մեզ»,- նշել է Մատվեևը:
Հիշեցնենք, որ մինչև վնասվածք ստանալն ու փոխարինվելը, Մանուչարյանը դարձել էր գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը: