Life.panorama.am-ը գրում է.
Օրերս երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր՝ «Թե մոտենայիր» երգն ու տեսահոլովակը, որի խոսքերի ու երաժշտության հեղինակն է «Ֆուլ հաուս»-ից հայտնի Գոռ Հակոբյանը:
Life.panorama.am-ին երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակի, այլեւ առաջիկա աշխատանքների ու երեխաների մասին:
«Իրականում այս տեսահոլովակս դեռ նախորդ տարվա վերջին էր պատրաստ, սակայն որոշեցի նոր տարում այն ներկայացնել, քանի որ տոների հետ կապված զբաղվածությունս մեծ էր: Տեսահոլովակիս ռեժիսորը Նիկ Եգիբյանն է, ում հետ միշտ հետաքրքիր աշխատանքներ են ստացվում»,- նշեց նա:
Իրինայի նոր երգը կրկին կոմերցիոն է համարվում, որը շատ հաճախ քննադատվում է հանդիսատեսի կողմից: Թե ինչո՞ւ է նա կրկին այս ոճն ընտրել ու ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, պատասխանեց.
«Տարիներ առաջ ներկայացրի «Ամենալավը դու ես ու ես» երգը ու չեմ վախենա ասել, որ այն ժամանակ ես էի առաջինը մեր երկրում, ով հանդես եկավ այդ ոճում: Կոմերցիոն ոճն իմն եմ համարում: Ինչ վերաբերվում է քննադատություններին, իմ անձնական փորձով ես համոզվել եմ, որ քննադատվում են այն գործերը, որոնք առավել մեծ դիտողականություն ունեն ու ավելի շատ են սիրվում: Նշանակում է, որքան քննադատում, այնքան էլ դիտում են. սա հետաքրքիր փաստ է»:
Նոր տեսահոլովակում Իրինայի ոճով զբաղվել է Սրապ Շիրինյանը: Երգչուհին այս աշխատանքում եւս չի խուսափել բաց հագուստից, ինչը երբեք չի վրիպում մարդկանց աչքից: Այս թեմայի շուրջ Իրինան եւս ունի իր մոտեցումը.
«Իրականում, կարծում եմ, հայ իրականության մեջ ավելի բաց հագնվողներ կան, քան ես այս տեսահոլովակում եմ հագնվել: Հագուստի մեջ վուլգարություն ինքս էլ չեմ սիրում, ու ըստ իս՝ տեսահոլովակում վուլգար հագուստ չկա էլ»:
2017-ը երգչուհու համար աշխատանքով առատ է լինելու.
«Ընդամենը մեկ ամսից կամ գուցե քիչ ավելի ուշ մենահամերգ կունենամ Գյումրիում՝ իմ ծննդավայրում: Այժմ շատ ինտենսիվորեն այդ գործով եմ զբաղված: Բացի այդ, տարին աշխատանքային կլինի, պլանավորում եմ նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնել իմ լսարանին: Ամեն ինչ առջեւում է, բուռն աշխատանքային տարի է սպասվում, եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ պլանավորել»,- ընդգծեց նա:
Խոսելով իր ընտանիքից՝ Իրինա Հարությունյանը պատմեց, որ 13-ամյա դստեր ու 5-ամյա որդու հետ փորձում է շատ ժամանակ անցկացնել, բայց միշտ չէ, որ հաջողվում է.
«Այս ոլորտի մարդիկ ավելի շատ աշխատում են, քան ընտանիքում լինում, բայց ես երբեք չեմ մոռանում բալիկներիս մասին: Փորձում եմ աշխատանքներս այնպես կազմակերպել, որ պարտադիր նրանց համար ժամանակ գտնեմ, գործերովս զբաղվում եմ այն ժամերին, երբ իրենք եւս զբաղված են իրենց հետաքրքրություններով: Ի դեպ՝ աղջիկս եւս փորձում է երգի ուղին ընտրել, բայց չգիտեմ, թե որքանով կցանկանա հետագայում եւս շարունակել. այդ հարցում ես փորձում եմ նրա վրա ազդեցություն չունենալ, որպեսզի ինքնուրույն ընտրություն կատարի: Ինքս ինձ նվիրել եմ միայն երեխաներիս ու աշխատանքիս, եւ դրանով շատ երջանիկ եմ»,- նշեց նա: