Դաջվածքի մասնագետը Հայաստանում որեւէ մեկին չի վստահի իրեն դաջվածք անել
ФОТО«Դաջվածք չունեմ, որովհետև ինքս լավ չեմ կարող անել. աշխատելու ընթացքում երկու ձեռքս էլ պետք են, իսկ ուրիշին էլ ուղղակի չեմ վստահի։ Արտերկրում հնարավոր է վստահեմ, բայց Հայաստանում՝ չէ»,-պատմում է մասնագիտությամբ նկարիչ, այժմ էլ Tattoo Sam's Studio-ում դաջվածքի մասնագետ Սամվելը, ով արդեն վեց տարի է, ինչ աշխատում է այս ոլորտում։ Սամվելը հաստատեց, որ Հայաստանում վերջին տարիներին տատու արվեստի մեծ զարգացում է նկատվում․«Մեծ առաջընթաց կա, կարծրատիպերն ահագին կոտրվել են: Ավելանում են դաջվածք ունեցող աղջիկները, բացի այդ՝ մարդիկ ավելի ոճային ու ճաշակով բաներ են ընտրում»:
Տատուի մասնագետը նշեց նաև այս ամենի վատ կողմերը․«Գնալով ավելանում է դաջվածք անող մասնագետների թիվը, ովքեր հիմականում աշխատում են միայն գումարի համար, այդ պատճառով էլ շատ են վատ արված աշխատանքները»։
Սամվելի խոսքով՝ հենց դա է այն հիմնական պատճառը, որի համար մարդիկ ուզում են հեռացնել իրենց դաջվածքները․«Նման դեպքեր շատ հաճախ են հանդիպում՝ վատ որակի աշխատանք անելու պատճառով։ Ինքս դաջվածք հեռացնելով դեռ չեմ զբաղվում։ Դա անում են լազերային եղանակով, հատուկ լազերով, որպեսզի սպի չմնա, ու մաշկը նորմալ մաքրվի, բայց դա շատ դժվար է: Դրա համար ես առաջարկում եմ հին դաջվածքի վրայից նորն անել: Այստեղ առողջության համար վտանգ բացարձակ չկա:
Տատուի մասնագետի դիմելիս հաճախորդը սկզբում պետք է նրա աշխատանքներին ծանոթանա, իսկ երկրորդ ամենակարևոր բանը հիգիենան է․ անզգուշության դեպքում կարելի է վարակվել տարբեր հիվանդություններով»։
Սամվելից իմացանք նաև հայ հաճախորդների նախասիրությունների մասին․ «Դաջվածք ունենալ ցանկացողները հիմնականում երիտասարդներն են (տասնութ տարեկանից ցածրերին Սամվելը չի ընդունում,-խմբ.), բայց լինում են դեպքեր, երբ շատ ավելի մեծ տարիքի մարդիկ են գալիս։ Կոնկրետ ինձ մոտ գալիս են հավասար քանակով աղջիկներ ու տղաներ։
Դաջվածքի էսքիզ ընտրելիս հաճախորդները մեծ մասամբ ուղղորդվում են պատկերի գեղեցկությամբ, բայց կան նաև այնպիսինները, ովքեր նախ և առաջ կարևորում են դաջվածքի իմաստը։ Էսքիզները ես եմ խորհուրդ տալիս, կամ էլ իրենք են բերում՝ արդեն պատրաստի։ Որոշ ժամանակ առաջ շատ էին գրվածքներ անում (հիմնականում անգլերեն), սրբապատկերներ, խաչեր, կրոնական թեմաներ»։
Վախերի ու կասկածներիի հետ մեկտեղ տատու-սրահներում զվարճալի դեպքեր ևս հաճախ են լինում․«Մի անգամ մի աղջիկ շատ էր վախենում ցավից։ Մենք խաբեցինք ու ասացինք, որ ցավազրկող ենք օգտագործում, բայց ընդամենը վազելին էինք քսել: Չէր զգում ցավ։ Վերջում ճիշտն ասացինք, ծիծաղեց: Ներշնչանքից էր ամեն ինչ»։
Դաջվածքի գինը կախված է տվյալ աշխատանքի բարդությունից։ Հայաստանում մշտական տատուների գնացանկը հիմնականում սկսվում է 10․000 դրամից և աշխատանքի չափսին ու բարդությանը համապատասխան՝ բարձրանում։
Լուսինե Իսրայելյան