Հայաստանի չրագործները ՌԴ-ում կարողանում են մի քանի կիլո չիր վաճառել ընկեր-բարեկամ-հարևան կապերով. չրագործ
ЭКОНОМИКАԿառավարությունը պետք է ռազմավարություն ձեռնարկի Հայաստանում չրագործությունը զարգացնելու համար, ինչի համար պետք է ԱԱՀ չկիրառվի արտահանվող չրեղենի նկատմամբ, ինչը կլուծի բարձր ինքնարժեքի հարցը:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սուրենավանցի չրագործ Արմեն Մանուկյանը, ում հիմնած ձեռնարկությունը վերջին տարիներին Ռուսաստան չիր է արտահանում:
«Մեր չրերը մրցունակ չեն միջինասիական, թուրքական, ամերիկյան (սև սալորի) չրերի համեմատատ: Մեր մոտ շատ թանկ է նստում…նախ, որովհետև մեր մոտ չրային տնտեսությունները դեռ բավարար չեն ձևավորված, մեր մոտ տեղական տեսակներ են (ոչ թե հատուկ չրի համար հատուկ պտղատու այգիների), որոնք մարդիկ՝ ելնելով տրադիցիայից չորացնում են, բայց կան չրի համար հատուկ տեսակներ, որոնք շատ լավն են, և՛ չափերով, և՛ տեսքով ավելի հարմար է: Եվ մեր մոտ սկսած ֆերմերային տնտեսություններից, վերջացրած հարկային դաշտից, ամեն ինչ խոչընդոտում է նրան, որ մեր չիրը մրցունակ լինի թեկուզ Ռուսաստանում»,-ասաց Արմեն Մանուկյանը:
Սրան նպաստում է նաև այն, որ միջինասիական չիրը, լինելով իր խոսքով՝ «շիրպոտրեբ» անհամեմատ՝ մոտ 2, 5 անգամ ավելի էժան է, քան հայկականը:
Գումարած այն, որ միջինասիական չրի արտահանումը այս երկրներում, ըստ Արմեն Մանուկյանի, դրված է պետական, լավ մշակված ռազմավարության մակարդակի վրա, իսկ մերոնք մի քանի կիլո կարողանում են արտահանել բարեկամի, ընկերոջ ու հարևանի հետ կապերի միջոցով:
Նրա խոսքով՝ շատ դեպքերում համաձայնում են նաև, որ ապրանքը մնա, վաճառվի, իսկ գումարը կես տարուց տան:
«Մեր հարկային դաշտը, տեսեք, եթե չրի արտահանման ծավալները մեծանում են, այս պահին 113 միլիոն դրամը, եթե անցնում ենք ավելացված արժեքի հարկային դաշտ»,-արձանագրում է չրագործը:
Նա սա աբսուրդ է համարում, քանի որ, եթե ի տարբերություն պահածոյագործների, որոնք 1 կգ թարմ ծիրանից ու որոշակի քանակությամբ այլ ապրանքներից ստանում են, օրինակ, 1.5 կիլո ջեմ, մուրաբա, կոմպոտ, ապա 1 կիլո չիր ստանալու համար պետք է օգտագործվի 6 կիլո թարմ միրգ:
Ի պատասխան հարցի, թե չե՞ն մտածել Եվրոպա արտահանման մասին, Արմենն ասաց. «Արտահանումն այնպիսի բան չէ, որ ուզենաս ու անես, արտահանում լինելու համար, պետք է գնորդ առաջանա»:
Իսկ Եվրոպայում գնորդներ գտնելու համար, ըստ Արմենի՝ անհրաժեշտ է մասնակցություն Եվրոպայում անցկացվող ցուցահանդեսներին, ինչն ինքն ու կինը չեն կարող իրենց թույլ տալ:
Որպես լուծում չրագործ Արմենն առաջարկում է որոշակի հետևողական քայլեր կառավարությունից, որոնց թվում նաև գյուղացիական տնտեսությունների վերապատրաստումներ՝ մասնավորապես չրի համար առավել բարենպաստ սորտերի զարգացման և այլ ուղղություններով:
Որպես օրինակ նա նշում է հարևան Թուրքիայի Մալաթիա նահանգը, որտեղ բացառապես չրեղենի արտադրության համար հատուկ պիտանի ծառեր են տնկված, որոնք նաև ամուր են, ցրտակայուն ու շոգադիմամացկուն:
Ներկայացնում ենք ՍԱՊԾ-ից Tert.am –ին ներկայացված տեղեկատվություն՝ ՀՀ-ից տարբեր երկրներ արտահանված չրեղենի ծավալների և աշխարհագրական ուղղությունների վերաբերյալ:
ՀՀ-ից արտահանված չրերի քանակների վերաբերյալ/կգ
Արտահանված երկիր
2016
2017
ԵՏՄ
416268
169986
ԱՄՆ
1037
216
Եվրոպա
3332
988.2
Կանադա
1081
347.5
ԱՄԷ
75.8
168
Վրաստան
128
0
Ուկրաինա
400
0