Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ
ФОТОԲերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մշտապես ազդում են ամենատարբեր գրգռիչներ` քիմիական, մեխանիկական, ջերմային, բազմաթիվ մանրէներ ու թունավոր նյութեր: Բացի դրանից, բերանի խոռոչը զգայուն ինդիկատոր է, որը ցույց է տալիս ներքին օրգանների աշխատանքը և օպերատիվ կերպով ահազանգում է, երբ որևէ օրգանի հետ ինչ-որ բան կարգին չէ: Եթե պաշտպանական գործոններից որևէ մեկը թուլացել է, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային ախտընթացի զարգացման վտանգ է առաջանում: Դրանցից ամենատարածվածներն են ստոմատիտը և գլոսսիտը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների պատճառները կարող են լինել.
- բերանի խոռոչի հյուսվածքների վնասվածքը (քիմիական, ջերմային և
այլն), որի պատճառով վնասվածքային էռոզիա է առաջանում, խոց, լեյկոպլակիա կամ լեյկոկերատոզ (լորձաթաղանթի հատվածի եղջրացում, որն այնուհետև կարող է չարորակ նորագոյացության վերաճել).
- ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք ախտահարում են բերանի խոռոչի
լորձաթաղանթը վիրուսների, մանրէների, սնկերի թափանցման հետևանքով.
- բավական հաճախ լորձաթաղանթի ախտաբանական փոփոխությունների պատճառը լինում են օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթների խանգարումները. ալերգիան, սիրտ-անոթային համակարգի, ստամոքս-աղիքային ուղու, էնդոկրինային, արյան, մաշկային հիվանդությունները, տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը և այլն:
Հաճախ բերանի խոռոչի լորձաթաղանթի պաթոլոգիայի իսկական պատճառը գտնելը բավական դժվար է լինում. անհրաժեշտ է տվյալ պարագայում մեծ փորձ, բարձր պրոֆեսիոնալիզմ, ոչ միայն մեծ քանակությամբ ինֆորմացիա հավաքելու և այլև դրանք մեկնաբանել կարողանալու և համապատասխան եզրակացություն կատարելու հմտություն:
«Արեգակ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկ-ստոմատոլոգները շատ արագ են կարողանում ախտորոշել կոնկրետ հիվանդի բերանի խոռոչի լորձաթաղանթի առաջացած հիվանդությունները, գտնել պատճառները և, բնականաբար, համապատասխան բուժում նշանակել:
Հիմնական կլինիկական դրսևորումները
Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները մեկ ընդհանուր անվանում ունեն` ստոմատիտներ: Երբ ախտընթացը տեղակայված է լեզվի վրա, այն կոչվում է գլոսսիտ, լնդերի վրա` գինգիվիտ, շրթունքների վրա` խեյլիթ: Երբ բերանի խոռոչի լորձաթաղանթը հաստանում է, եղջրանում և սկսում է կլպվել, արդեն հիվանդության առանձնահատուկ տեսակն է առկա` լեյկոպլակիան:
Ստոմատիտի բնորոշ ախտանշանն է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարմրության օջախների, բշտիկների, էրոզիաների (աֆթ) կամ խոցերի, փառածածկույթի երևան գալը: Այդ օջախները հաճախ լինում են թշերի լորձաթաղանթին, բերանի խոռոչի հատակին, քիմքին, լեզվի ծայրին: Երբեմն էռոզիաների և խոցերի մոտակայքում տեղակայված լիմֆատիկ հանգույցների մեծացում է արձանագրվում, երբեմն էլ մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Հիվանդության միջին տևողությունը 7-14 օր է: Ստոմատիտը կարող է կրկնվել, եթե իմունիտետը ցածր է, խանգարվել է նորմալ սննդակարգը, առկա է հիպովիտամինոզ, ինֆեկցիոն հիվանդություն, ընդ որում, սրացումը հաճախ լինում է գարնանը և աշնանը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը կատարվում է պացիենտի կլինիկական մանրամասն զննմամբ, որը ստոմատոլոգին թույլ է տալիս որոշել ախտընթացի աստիճանն ու տարածվածությունը, բորբոքման հանդեպ օրգանիզմի ռեակցիան: Շատ կարևոր է հայտնաբերել հիվանդության իսկական պատճառը (տրավմա, ինֆեկցիա, ալերգիա, ներքին օրգանների պաթոլոգիա, հիպովիտամինոզ և այլն), քանի որ դրանից է կախված բուժման արդյունավետությունը և հետագա սրացումը կանխարգելելը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման սկզբունքը
Հիվանդությունների պատճառների վերացմանն ուղղված էթիոտրոպ և պաթոգեն թերապիան (ինֆեկցիոն բնույթի ստոմատիտի, գլոսսիտի, խեյլիթի դեպքում` հակավիրուսային, հակամանրէային թերապիա, հիպովիտամինոզի դեպքում` վիտամինաթերապիա, հիմնական հիվանդության բուժում, որի պատճառով առաջացել են բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները):
Տեղային բուժում` ուղղված տեղային տրավմատիկ գործոնների, հիվանդության հիմնական ախտանշանների վերացմանը, առկա էրոզիաների և խոցերի արագ ապաքինմանը:
Ընդհանուր առողջարար բուժում, որը խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների առաջին իսկ նշանների դեպքում բժիշկ-ստոմատոլոգին դիմելն արագ ապաքինման երաշխիքն է:
Ստոմատիտ
Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Տվյալ պաթոլոգիան զարգանում է, որպես կանոն, իմունիտետի ընդհանուր և տեղային նվազման պատճառով: Ըստ առաջացման պատճառների, տարբերում են ստոմատիտի հետևյալ տեսակները.
- քրոնիկական կրկնվող աֆթոզ ստոմատ
- հերպետիկ
- խոցա-նեկրոտիկ
- կանդիդոզային
Քրոնիկական կրկնվող աֆթոզ ստոմատիտը դրսևորվում է շրթունքների, թշերի, քիմքի կամ լեզվի լորձաթաղանթի վրա ցավոտ աֆթերի ձևով: Հիմնական հարուցիչները վիրուսներն ու մանրէներն են: Հիվանդությունը առաջանում է, երբ օրգանիզմում խախտվում է B1 և B12 վիտամինների հավասարակշռությունը: Այն հաճախ դիտվում է լյարդի և ստամոքս-աղիքային ուղու քրոնիկական հիվանդությունների դեպքում:
Հերպետիկ ստոմատիտի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է,որը շատ տարածված է: Այն ամենից հաճախ լինում է 1-3 տարեկան երեխաների մոտ:
Այդ դեպքում փոքրիկի մոտ հիվանդության սկզբին ընդհանուր թունավորման ախտանշաններ են լինում.
- ընդհանուր թուլություն,
- բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
- մեծանում են ավշային հանգույցները,
- լինում է սրտխառնոց և փսխոց
- լուծ
Հետո բերանի խոռոչի լորձաթաղանթին, ինչպես նաև շրթունքների եզրերին սկսում են բշտիկներ գոյանալ, որոնց տեղում շատ արագ էռոզիաներ են առաջանում բնորոշ, անհարթ եզրերով: Մոտ 8-10 օր հետո հիվանդությունն ապաքինվում է:
Խոցա-նեկրոտիկ ստոմատիտին բնորոշ է լնդեզրի նեկրոզը: Բորբոքումը հաճախ սկսվում է միջատամնային պտկիկներից և հարակից լորձաթաղանթից, հատկապես, թշերի: Հետո առաջանում են ցավոտ, հեշտորեն արյունահոսող խոցեր, որոնք շատ արագ միանում են և լորձաթաղանթի բավական մեծ խոցեր ձևավորում: Արդյունքում նեկրոզի ակտիվ ախտընթաց է սկսվում, բերանից նեխման բնորոշ հոտ է գալիս: Այդպիսի ախտընթաց արձանագրվում է բերանի խոռոչի անբավարար հիգիենայի դեպքում: Ստոմատիտի այս տեսակը առավել հանդիպում է 17-30 տարեկան մարդկանց մոտ:
Խոցա-նեկրոտիկ ստոմատիտը կարող է ուղեկցել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են գրիպը, անգինան, ՍՇՀ-ն, արյան հիվանդությունները, ՁԻԱՀ-ը, տուբերկուլոզը, և բավական տհաճ ու ծանր բարդություններ առաջացնել: Լորձաթաղանթի նման ախտընթացի դեպքում, բացի ցանից, կարող են արձանագրվել նաև թունավորման ախտանշաններ`մարմնի բարձր ջերմաստիճան, ընդհանուր թուլություն, լիմֆատիկ հանգույցների մեծացում և ցավ:
Կանդիդոզային ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բավական տարածված հիվանդություն է, որի հարուցիչը Candida տեսակի սունկն է: Այս հիվանդության դեպքում բերանի խոռոչում չորություն է զգացվում, այրոց, սպիտակ կաթնաշոռաձև փառ է ձևավորվում (այն մաքրելիս լորձաթաղանթը արյունահոսում է):
Ստոմատիտի բուժումը
Այս կամ այն տեսակի ստոմատիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է դիմել բժշկին: Ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Բժիշկը սկզբից ախտորոշում կկատարի, իսկ հետո արդեն համապատասխան բուժում կնշանակի: Իսկ ստոմատիտը կանխարգելելու համար պետք է մշտապես պահպանել բերանի խոռոչի հիգիենան և, իհարկե, ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ:
Ստոմատիտները ըստ կլինիկական դրսևորումների լինում են կատարալ, խոցային և աֆտոզ
Կատարալ ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթ հաճախ հանդիպող ախտահարումներից է: Առաջացման պատճառը լինում են տեղային գործոնները` երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան, ատամների հիվանդությունները, բերանի խոռոչի դիսբակտերիոզը: Ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունները, օրինակ, գաստրիտը, դուոդենիտը, կոլիտը, ճիճվակրությունը նույնպես կարող է կատարալ ստոմատիտի պատճառ դառնալ: Կատարալ ստոմատիտի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթը այտուցվում է, ցավոտ է լինում, հիպերեմիա է արձանագրվում, այն կարող է սպիտակ կամ դեղին փառով ծածկված լինել: Դիտվում է նաև հիպերսալիվացիա (գերթքարտադրություն): Կարող է նաև լնդերի արյունահոսություն լինել, բերանից եկող տհաճ հոտ:
Կատարալ ստոմատիտի բուժումը տեղային պատճառների վերացումն է` ատամնաքարերի հեռացում, ատամների բուժում: Լորձաթաղանթը մշակվում է հակասեպտիկ` քլորհեքսիդինի 0,05% և 0,1% լուծույթներով: Օրվա ընթացքում բերանի խոռոչը պետք է ողողել երիցուկի, վաղենակի թուրմով, ինչպես նաև սննդակարգ պահպանել: Սովորաբար 5-10 օր հետո ստոմատիտն ապաքինվում է: Իսկ եթե երևույթները չեն վերանում, ուրեմն պետք է գտնել ընդհանուր պատճառները, որը կարող է լինել ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունը կամ ճիճվակրությունը: Այս դեպքում արդեն զուգակցվում են տեղային և ընդհանուր բուժումները:
Խոցային ստոմատիտն առավել ծանր հիվանդություն է, քան կատարալը, այն կարող է զարգանալ և ինքնուրույն, կարող է լինել նաև կատարալ ստոմատիտի բարդությունը: Խոցային ստոմատիտը հաճախ առաջանում է ստամոքսի խոցային հիվանդություն կամ քրոնիկական էնտերիտ ունեցող անձանց մոտ, ինչպես նաև սիրտ-անոթային, արյան, ինֆեկցիոն հիվանդությունների և թունավորումների ժամանակ: Ի տարբերություն կատարալ ստոմատիտի, որն ախտահարում է լորձաթաղանթի մակերեսային շերտը, խոցային ստոմատիտը ախտահարում է ողջ լորձաթաղանթը:
Կատարալ և խոցային ստոմատիտների նախնական ախտանշանները նման են, բայց, հետո խոցային ստոմատիտի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, թուլություն է արձանագրվում, գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում և ցավ: Ուտելիս խիստ ցավ է զգացվում: Եվ նման ախտանշանները, բնականաբար, բժշկին դիմելու պատճառ են դառնում:
Աֆթոզ ստոմատիտը դրսևորվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մեկ կամ մի քանի աֆթերի (խոցեր)առաջացմամբ: Աֆթերը լինում են ձվաձև կամ կլոր, ոսպի հատիկի չափ, հստակ կարմիր եզրագծերով, մեջտեղում մոխրագույն-դեղին փառով:
Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են լինել ստամոքս-աղիքային հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, վիրուսային ինֆեկցիաները, ռևմատիզմը: Հիվանդությունը սկսվում է ընդհանուր տկարությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով, բերանում աֆթերի առաջացման տեղերում ցավով: Այս հիվանդության բուժման համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Լեյկոպլակիան բերանի խոռոչի լորձաթաղանթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում էպիթելի եղջրացումն է (հիպերկերատոզ): Այն լինում է առավելապես տղամարդկանց մոտ 40 տարեկանից հետո և տեղակայվում է թշերի լորձաթաղանթին, բերանի անկյուններում, լեզվի կողմնային հատվածներում:
Լեյկոպլակիայի պատճառներ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները` ատամնապրոթեզի կեռիկներից, շատ տաք կամ սառը ուտելիքից և այլն: Այս հիվանդությունը հաճախ արտահայտված ախտանշաններ չի ունենում, հիվանդը երբեմն կարող է թեթև քորի կամ այրոցի զգացում ունենալ: Բայց հիվանդությունը վտանգավոր է, քանի որ կարող է չարորակ նորագոյացություն դառնալ, այդ պատճառով էլ խիստ անհրաժեշտ է բժիշկ-ուռուցքաբանին դիմելը:
Գլոսսիտ
Գլոսսիտը լեզվի հյուսվածքների բորբոքումն է: Այն կարող է լինել և մակերեսային, և խորը: Շատ հաճախ գլոսսիտը լինում է օրգանիզմի որևէ հիվանդության ախտանշան, բայց կարող է նաև որպես ինքնուրույն հիվանդություն հանդես գալ:
Գլոսսիտի զարգացման հիմնական պատճառներն են` ատամների կարիեսը, ատամնաքարը, լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, բերանի խոռոչի անբավարար հիգիենան, ծանր մետաղների աղերով ախտահարումը, այրվածքը, շատ տաք ուտելիքը, կծու համեմունքները, ալերգիան և այլն:
Մակերեսային գլոսսիտը հաճախ ստամոքս-աղիքային ուղու, ինֆեկցիոն հիվանդությունների ախտանշան կարող է լինել: Այն դրսևորվում է լեզվի վրա փառով, այտուցով, հաստացմամբ, շարժունակության սահմանափակմամբ: Լեզուն վառ կարմիր գույն է ստանում, լեզվի վրա այրոցի զգացում է առաջանում, այն ցավոտ է լինում, կորում է համային զգացողությունը, առատ թքարտադրություն է լինում:
Մակերեսային գլոսսիտի բուժումը կատարվում է տեղային ցավազրկողներով և հակաբորբոքային միջոցներով: Նշանակվում են նաև բազմավիտամինային համալիրներ, հակահիստամինային դեղպատրաստուկներ, իմունախթանիչներ: Մեծ նշանակություն ունի բերանի սանացիան (բաց վերքի մշակում`օտարածին նյութի և մեռած հյուսվածքի հեռացմամբ, որպեսզի ոչինչ չխանգարի ապաքինմանը):
Խորը գլոսսիտի դեպքում մի քիչ ավելի բարդ է: Բորբոքային ախտընթացը տեղակայվում է լեզվի մեջ և աբսցես է զարգանում (թարախի կուտակում, որն առաջանում է սուր կամ քրոնիկական ինֆեկցիայի օջախի դեպքում): Խորը գլոսսիտը կարող է տարածվել բերանի խոռոչի հատակում և կզակի ու պարանոցի հատվածում բորբոքում առաջացնել: Այդ դեպքում արդեն ցուցված է վիրահատական բուժումը:
Բացի վերոհիշյալներից գոյություն ունեն նաև գլոսսիտի ոչ բորբոքային ձևեր, այսինքն` դեսկվամատիվ (թեփոտվող) գլոսսիտ (աշխարհագրական լեզու):
Հիվանդության տվյալ տեսակը լինում է հղիության ժամանակ, ստամոքս-աղիքային ուղու, արյան հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, որոշ ինֆեկցիոն հվանդությունների, ճիճվակրության, ռևմատիզմի դեպքում:
Դեսկվամատիվ գլոսսիտի դեպքում օջախային ձևով ախտահարվում է լեզվի մակերեսի և կողմնային հատվածների էպիթելը: Վերականգնվող և քայքայվող էպիթելների օջախների հերթագայումն էլ լեզվի մակերեսը քարտեզի պես է դարձնում: Բացի արտաքին փոփոխություններից, լինում են նաև այրոց ու ցավ:
Դեսկվամատիվ գլոսսիտի բուժումը հիմնված է հիմնական հիվանդության բուժման վրա, որի պատճառով առաջացել է գլոսսիտը:
Գլոսսիտները լինում են նաև շեղանկյունաձև, որը բնածին անկանոնություն է համարվում. թավիկավոր` բնութագրվում է թելքավոր պտկիկների մեծացմամբ ու եղջրացմամբ. ծալքավոր` բնածին անկանոնություն է, լեզվի վրա ծալքեր են առաջանում, այն սովորաբար գանգատներ չի առաջացնում, գունտերյան`անեմիայի նշաններից մեկն է, որն առաջանում է B12 վիտամինի և ֆոլաթթվի անբավարարության պաճառով, լեզուն կարծես լաքապատ լինի, պտկիկներ չկան. միջանկյալ` այս տեսակը զարգանում է սիֆիլիս հիվանդության դեպքում, լեզուն հաստանում է, պնդանում, շարժումները սահմանափակվում են:
Գլոսսիտի կանխարգելումը պահանջում է բերանի խոռոչի և ատամների հիգիենայի պահպանում, կանոնավոր այցելություն ստոմատոլոգին, առողջ սննդակարգ:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժումը հիմնականում կատարվում է հրահրող պատճառների վերացմամբ: Բերանի խոռոչի սանացիա է կատարվում, ատամների սուր անկյունները հարթեցվում են, ատամնային պրոթեզը ճիշտ է ընտրվում: Հիվանդին առողջ սննդակարգ է նշանակվում, ծխելուց հրաժարվել, շատ տաք և կծու ուտեստներ չուտել:
Ստոմատիտների բուժման համար հեռացվում են ատամնաքարերը, բուժվում են հիվանդ ատամները: Բերանի խոռոչի ողողման համար նշանակվում են հակասեպտիկ միջոցներ, այդ թվում և ժողովրդական` երիցուկի և վաղենակի թուրմերով ողողումներ: Եթե ստոմատիտը չի ապաքինվում 5-10 օրվա ընթացքում, նշանակում է ստամոքս-աղիքային ուղու հիվանդություն կա, կամ էլ ճիճվակրություն: Այս դեպքում արդեն ընդհանուր բուժման կուրսն է ընտրվում: