«Երեքը նավակում». պատմության խտրական վերանայում
АНАЛИТИКАՊատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակային հայտարարությունների անհամապատասխանությունը պաշտոնյայի վարքագծին քննարկելու կարիք չկա: Ամեն ինչ արդեն ասվել է: Իշխանության վերին օղակի կոնկրետ արձագանքն էլ բավարարող է: Բայց հաշվի առնելով, թե ինչն է նման քննարկման նախնական առիթ հանդիսացել, մի քանի բան արձանագրելու կարիք ամեն դեպքում կա:
Հասկանալի է ՀԱԿ–Նիկոլ Փաշինյան հարաբերություններում որոշակի հուզականության առկայությունը: Անցյալը չես ջնջի: Մյուս կողմից էլ պարզ է, որ ներկայիս քաղաքական կռվում ՀԱԿ–ը Նիկոլի կողմից է ու բնական դաշնակից է իշխանությանը: Համատարած մրցակիցների առկայության պարագայում սա, իհարկե, չգնահատել չի լինի, մանավանդ, որ շատ դաշնակիցներ իշխանությունը չունի:
Բայց եկեք հստակ արձանագրենք: Պատմությունը կա՛մ վերանայում ենք ամբողջովին, կա՛մ չենք վերանայում ընդհանրապես: Եթե գծում ենք Հին ու Նոր Հայաստանների բաժանարար գիծ ու որպես Նոր–ի սկիզբ արձանագրում ենք 2018–ի ապրիլ–մայիսը, ապա դրանից առաջ ամեն ինչ Հին Հայաստանն է: Չի կարող Հին Հայաստան լինել, ասենք 2014–ը, 2008–ը, 1999–ը, բայց 1995– ը կամ 1998–ը չլինել: Կամ էլ արձանագրենք, որ ոչ մի Հին ու Նոր Հայաստան չկա, անցյալն էլ, ներկան էլ, ապագան էլ մի շարունակվող պատկերի մասեր են:
Հայտնի տիկնանց հայտարարությունները համադրելի չեն պաշտոնյայի կարգավիճակի հետ, բայց նմանատիպ կարծիքներ ունեն ոչ միայն նրանք, այլև բազմաթիվ այլոք ևս, սովորական, պաշտոնով չկաշկանդված մարդիկ: Մարդիկ հարցեր ունեն ոչ միայն «ռոբասերժական» շրջանի, այլև «լևոնական» շրջանի մասին: Այդ հարցերից շատերը իռացիոնալ են, շատերը` ռացիոնալ: Բայց այդ հարցերը կան: Ավելին` 2008–ին հանրության երկատման պատճառներից մեկն էլ այն էր, որ բազմաթիվ մարդիկ ունեցել են այդ հարցերը: Եթե չունենային, ապա 2018– ը կլիներ 2008–ին:
2018–ն` ի տարբերություն 2008–ի, մասնատում չի բերել: Եղել է համաժողովրդական շարժում:: Մեծամասնությունը դուրս է եկել ընդդեմ իշխող խավի: Նույնիսկ իշխող խավի ենթադրյալ վերահսկողության դաշտում գտնվող հատվածն է դուրս եկել նույն այդ խավի դեմ: Հետևաբար համաժողովրդականությունը իր մեջ ներառում է հավասարապես առաջին, երկրորդ և երրորդ տասնամյակներից դժգոհ հայաստանցիների:
Հասկանալի է, որ ՀԱԿ–ը իր մոտիվացիան ունի այս ամեն ինչում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ` իրենցը: ՀԱԿ–ը ակտիվորեն քննադատում է տիկնանց, մյուս երկուսի սատելիտներն էլ քաջալերում են: Բայց սա ընթացիկ հարց է, հասկանալի մոտիվացիաներով: Առավել կարևոր ու խնդրահարույց է պատմության վերանայման խտրական միտումը:
Խմբագրելով պատմության վերանայումը, 30–ը դարձնելով 20` դաշտ է բացվում ոչ միայն անցյալից մնացած ինտրիգների օրակարգ բերվելու, այլև համաժողովրդականությունը կասկածի տակ դնելու համար: Խորհրդարանի ստերիլ ցուցակով և քաղաքական թիմի կոնսերվացմամբ այդ կասկածն արդեն սերմանվել է: Կառավարության ծրագիր կոչվող փաստաթուղթն էլ ընդհանրապես ժողովրդական չէ, եթե չասենք էլիտիստական է: Հաջորդ քայլը կլինի պատմության վերանայման նմանատիպ խտրական մոտեցումը ու համաժողովրդականությունից բան չի մնա: Վերջապես ֆիքսենք, որ Նիկոլն ու իշխանությունը իշխանության են եկել ոչ թե ՀԱԿ–ի, ոչ թե ՔՊ–ի ցուցակներով, այլ համաժողովրդական պրոցեսի արդյունքում:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ